Քաղցկեղի դեմ պայքարի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ պետք է հասկանալ, թե ուռուցքի որ բջիջներն են նպաստելու մետաստազների առաջացմանը։ Անխելա Նյետոյի գլխավորած հետազոտությունն իրականացվել է Նյարդագիտության ինստիտուտում (IN)՝ Իսպանիայի ազգային հետազոտական խորհրդի (CSIC) և Էլչեի Միգել Էրնանդեսի անվան համալսարանի (UMH) համատեղ կենտրոնում: Աշխատանքը տալիս է անսպասելի պատասխան. մետաստազների զարգացման բջիջները կարելի է հայտնաբերել նաև առաջնային ուռուցքում:

Հետազոտությունը համատեղում է կրծքագեղձի քաղցկեղի մկնային մոդելի վերլուծությունը և պացիենտների տվյալները: Արդյունքները ցույց են տալիս, որ ուռուցքի ինվազիվ ճակատում գոյություն ունի բջիջների մի առանձնահատուկ պոպուլյացիա, որոնք ընդունակ են և՛ թափանցել այլ հյուսվածքներ, և՛ կամ բազմանալ, կամ անցնել հանգստի վիճակի, հայտնում է «Նաուչնայա Ռոսսիյան»: Այս հավասարակշռությունը որոշում է, թե կկարողանա՞ն արդյոք ուռուցքը լքած բջիջները նոր ուռուցքների աճ սկսել հեռավոր օրգաններում, այսինքն՝ ձևավորել այդքան ահասարսուռ մետաստազները:

Նյետոյի թիմը տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է էպիթելային-մեզենքիմալ անցումը։ Դա մի գործընթաց է, որը վերահսկում է բջիջների միգրացիան սաղմնային զարգացման ընթացքում և վերաակտիվանում է ուռուցքներում՝ թույլ տալով քաղցկեղային բջիջներին տարածվել և մետաստազներ առաջացնել: Նոր հետազոտության մեջ գիտնականներն էլ ավելի առաջ են գնացել և ցույց են տվել, որ մետաստազավորման ունակությունը պատահական չի առաջանում և կախված չէ միայն թիրախ-օրգանի միկրոմիջավայրից: Փոխարենը, մետաստատիկ ներուժն արդեն իսկ դրված է առաջնային ուռուցքի բջիջների մի ենթախմբում, որոնք Prrx1 գենի ազդեցության տակ անցնում են բարձր մետաստատիկ վիճակի։

Հետազոտության առաջին հեղինակ Ռաուլ Խիմենես Կաստանյոյի խոսքով՝ Prrx1 գենը հանդես է գալիս որպես ուռուցքի վարքագծի գլխավոր կարգավորչի դերում: «Վերջերս մենք պարզեցինք, որ Prrx1-ը առանցքային դեր է խաղում քաղցկեղի տարածման գործում: Այս աշխատանքի շնորհիվ մենք գիտենք, որ այն ոչ միայն ակտիվացնում է այն ծրագրերը, որոնք թույլ են տալիս բջիջներին անջատվել առաջնային ուռուցքից, այլև վերահսկում է նրանց բազմանալու և մետաստազներ առաջացնելու կամ քնած վիճակի անցնելու կարողությունը (որը կարող է տևել տարիներ)»,— բացատրում է նա:

«Ամենազարմանալին այն է, որ Prrx1-ի մակարդակն է որոշում քաղցկեղային բջիջների վրա դրա ազդեցությունը»,— հավելում է Նյետոն: Այս հայտնագործությունը օգնում է բացատրել բազմաթիվ ուռուցքների դեպքում նկատվող պարադոքսը. բարձր ինվազիվություն ունեցող բջիջները միշտ չէ, որ մետաստազներ են տալիս, իսկ արագ բազմացող բջիջները, որպես կանոն, չեն տարածվում:

«Prrx1-ի էքսպրեսիայի շատ բարձր մակարդակների դեպքում բջիջները ակտիվորեն տարածվում են, բայց կորցնում են այլ օրգաններ ներթափանցելու և աճելու ունակությունը: Միայն էքսպրեսիայի միջին մակարդակների դեպքում է ձեռք բերվում շարժունակության և աճի միջև օպտիմալ հավասարակշռությունը»,— պարզաբանում է հետազոտողը: Նման պայմաններում բջիջները համատեղում են ինվազիվությունը և բազմացումը, ինչն էլ նրանց առավել վտանգավոր է դարձնում կլինիկական տեսանկյունից:

Նման եզրահանգումների գալու համար թիմն օգտագործել է մկների գենետիկական մոդելներ, առանձին բջիջների վերլուծություն, քրոմատինի հետազոտություններ և տարածական տրանսկրիպտոմիկայի մեթոդներ, որոնք թույլ են տալիս դիտարկել բջիջների կազմակերպվածությունն ու վարքագիծը անմիջապես ուռուցքային հյուսվածքի մեջ: Հետազոտողները վերլուծել են կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների հյուսվածքների նմուշները և հայտնաբերել Prrx1-ի էքսպրեսիայի նմանատիպ օրինաչափությունները, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նկարագրված մեխանիզմը կարող է անմիջական կապ ունենալ ուռուցքների դասակարգման և կլինիկական կանխատեսման հետ:

Ստացված տվյալները թույլ են տալիս նորովի նայել մետաստատիկ ներուժի ծագմանը և հնարավորություններ են ստեղծում այնպիսի ռազմավարությունների մշակման համար, որոնք կկանխեն ուռուցքային բջիջների վտանգավոր վիճակին անցումը: Բացի այդ, դրանք հիմք են հանդիսանում պացիենտների ստրատիֆիկացիայի բարելավման համար։ Դա տեղի է ունենում այն մարկերների հայտնաբերման շնորհիվ, որոնք կանխատեսում են մետաստազավորման ռիսկը: