Իրականացվում է առողջապահական բարեփոխումների կարևոր փուլ՝ բժշկական աշխատողների անհատական լիցենզավորման համակարգի ներդրումը։ Դրա մասին այսօր՝ ապրիլի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նրա՝ ավելի քան 900 օրդինատոր արդեն հանձնել է որակավորման քննությունները և լիցենզիա ստանալու փուլում է: Նախարարն ընդգծել է, որ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը բոլոր աշխատող բժշկական մասնագետները պետք է անցնեն լիցենզավորման ընթացակարգը։ «Ներկայում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ քննական գործընթացն անցկացնելու համար»,- տեղեկացրել է նախարարը։

Ավանեսյանը հայտնել է, որ առաջին փուլում լիցենզավորումը ներառելու է բանավոր և գործնական մասեր՝ օրդինատորների համար արդեն իսկ կիրառված քննական համակարգի նմանությամբ։

Լիցենզավորման գործընթացն իրականացնելու համար ձևավորվում են հատուկ քննական հանձնաժողովներ։ Ըստ նախարարի՝ յուրաքանչյուր բժշկական ուղղությամբ կձևավորվի առանձին հանձնաժողով։ Միասնական քննական մարմին չի լինելու. մասնագետների գնահատումն իրականացվելու է համապատասխան ոլորտների պրոֆիլային փորձագետների կողմից։

Նա նաև շեշտել է, որ քննական թեստերը չեն համաձայնեցվում ԿԳՄՍ նախարարության հետ, այլ մշակվում և ամրագրվում են «Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի, ինչպես նաև կառավարության համապատասխան որոշումների և Առողջապահության նախարարության նորմատիվ ակտերի շրջանակներում։

Ավանեսյանն ընդգծել է, որ անհատական լիցենզավորման համակարգի ներդրումն ուղղված է բժշկական ծառայությունների որակի բարձրացմանը և երկրում բժիշկների մասնագիտական մակարդակի ստանդարտացմանը։