Անգլիայում ամեն տարի հազարավոր պացիենտներ հնարավորություն կունենան օգտվելու քաղցկեղի մի քանի տեսակների բուժման համար նախատեսված նոր իմունաթերապևտիկ միջոցից։ Այս մասին հայտնում է Միացյալ Թագավորության Առողջապահության ազգային ծառայությունը (NHS)։

Պեմբրոլիզումաբի ներարկվող տարբերակը մատուցվում է ընդամենը երկու րոպեից էլ քիչ ժամանակում։ Այն գործում է՝ արգելափակելով PD-1 սպիտակուցը, որը սովորաբար դանդաղեցնում է իմունային համակարգի արձագանքը։ Հեռացնելով այդ «արգելակը»՝ դեղամիջոցն օգնում է օրգանիզմին ճանաչել և ոչնչացնել քաղցկեղի բջիջները։

Այս նոր տարբերակը կփոխարինի մինչ օրս կիրառվող ներերակային կաթիլային մեթոդին, որն իրականացվում է հատուկ ստերիլ պայմաններում։ Այդ գործընթացն ավելի բարդ է և յուրաքանչյուր պացիենտից խլում է մոտ երկու ժամ՝ պահանջելով առողջապահական համակարգի զգալի ռեսուրսներ։

Ակնկալվում է, որ պեմբրոլիզումաբ ստացող շուրջ 14 000 պացիենտների մեծ մասը կանցնի ներարկվող ձևին։

Դեղամիջոցը կներարկվի կա՛մ երեք շաբաթը մեկ անգամ՝ մեկ րոպե տևողությամբ, կա՛մ վեց շաբաթը մեկ՝ երկու րոպե տևողությամբ։ Ըստ NHS-ի հաշվարկների՝ սա թույլ կտա տարեկան խնայել բուժանձնակազմի ավելի քան 100 000 աշխատանքային ժամ։

Սա հաջորդում է մեկ այլ իմունաթերապևտիկ դեղամիջոցի՝ նիվոլումաբի ներդրմանը, որը նույնպես ներարկվում է և արդեն կիրառվում է շուրջ 15 000 պացիենտների բուժման համար։ Ընդհանուր առմամբ, այս մեթոդները NHS համակարգում այժմ օգտագործվում են քաղցկեղի գրեթե 30 տեսակների բուժման նպատակով։

Ուռուցքաբանության գծով NHS-ի ազգային կլինիկական տնօրեն, պրոֆեսոր Փիթեր Ջոնսոնը նշել է, որ այս նոր ներարկումը զգալիորեն բարելավում է բուժման ընթացքը՝ այն դարձնելով ավելի արագ ու հարմարավետ պացիենտների համար, միևնույն ժամանակ թեթևացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը:

Առաջին պացիենտներից մեկը՝ Սենթ Օլբանսից 89-ամյա Շիրլի Քսերքսը, պատմել է, որ միջամտությունն ընդամենը մի քանի րոպե է տևել, ինչի շնորհիվ ինքն ավելի շատ ժամանակ է ունեցել առօրյա գործերի, այդ թվում՝ այգեգործության համար:

Անգլիայում նոր դեղամիջոցը առաջիններից մեկը կսկսեն կիրառել University Hospitals Bristol and Weston և East and North Hertfordshire հիվանդանոցային հիմնադրամները:

NHS England-ի ներկայացուցիչ Ջեյմս Ռիչարդսոնն այս նորարարությունն անվանել է «շահավետ բոլորի համար»՝ ընդգծելով, որ պացիենտներն ավելի քիչ ժամանակ են անցկացնում հիվանդանոցում, իսկ բժիշկները հնարավորություն են ստանում օգնել ավելի մեծ թվով մարդկանց: