Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Անդես» տեսակի հանտավիրուսի լայնամասշտաբ բռնկման նշաններ չի հայտնաբերել։ Այս մասին մայիսի 12-ին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։
«Այս պահին չկան փաստեր, որոնք կվկայեին այն մասին, որ իրավիճակի պատճառով կարող է մեծածավալ բռնկում տեղի ունենալ», — X սոցիալական ցանցում հրապարակված իր ելույթում նշել է ԱՀԿ ղեկավարը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ իրավիճակը շարունակում է մնալ հսկողության տակ և կարող է փոփոխվել։ Ըստ Գեբրեյեսուսի՝ վիրուսի երկարատև ինկուբացիոն շրջանը ենթադրում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում հնարավոր է վարակման նոր դեպքեր ի հայտ գան։
Ավելի վաղ ամերիկացի բժիշկ և հետազոտող Սթիվեն Քուեյը հայտարարել էր, որ մայիսի 19-ը կարող է վճռորոշ օր դառնալ՝ հասկանալու համար, թե արդյոք հանտավիրուսը տարածվել է «MV Hondius» զբոսանավի սահմաններից դուրս: Նա պարզաբանել է, որ վարակակիրների «երկրորդ սերնդի» մոտ ախտանշաններն ի հայտ են գալիս միջինում 22 օր անց:
Նավի վրա հիվանդության բռնկումն արձանագրվել էր մայիսի սկզբին։ Մայիսի 10-ին լայները ժամանել էր իսպանական կղզու ափեր՝ ուղևորների և անձնակազմի տարհանումն իրականացնելու համար։ Հաղորդվում էր, որ նավի վրա առնվազն երեք մարդ է մահացել՝ «Անդես» շտամով վարակվելու հետևանքով:






