Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների ղեկավարի տվյալներով՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլայի բռնկման ընթացքում զոհվել է առնվազն 100 մարդ, իսկ հնարավոր վարակման դեպքերի թիվը գերազանցում է 390-ը։ Դրա մասին նա հայտնել է BBC-ին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բռնկումը հայտարարել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։

Ընթացիկ բռնկումն առաջացել է Էբոլա վիրուսի Բունդիբուգիո (Bundibugyo) շտամով, որի դեմ այս պահին հաստատված պատվաստանյութեր կամ բուժման մեթոդներ գոյություն չունեն։

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալներով՝ երկու հաստատված դեպք և մեկ մահվան ելք է արձանագրվել նաև Ուգանդայում։

Աղբյուրները CBS News-ին՝ ԱՄՆ-ում BBC-ի գործընկերոջը հայտնել են, որ ԱՄՆ առնվազն վեց քաղաքացի ԿԴՀ-ում հնարավոր է՝ ենթարկված լինի վիրուսի ազդեցությանը։ Հաղորդվում է, որ մեկ ամերիկացի ունի ախտանիշներ, իսկ ևս երեքը հնարավոր է՝ ունի վարակման բարձր ռիսկ կամ շփում վիրուսի հետ։ Այդուհանդերձ, դեռևս հաստատված չէ՝ նրանցից որևէ մեկը վարակվա՞ծ է, թե՞ ոչ։

CDC-ն հայտարարել է, որ աջակցում է «ուղղակիորեն տուժած փոքրաթիվ ամերիկացիների անվտանգ տարհանմանը», սակայն հստակ թիվ չի նշել։

STAT պարբերականի տվյալներով՝ ամերիկյան իշխանությունները, ըստ տեղեկությունների, կազմակերպում են խմբի տեղափոխումն անվտանգ կարանտինային վայր։ Հնարավոր տարբերակների թվում նշվում է Գերմանիայում ԱՄՆ ռազմաբազան, սակայն սա դեռևս հաստատված չէ։

Կիրակի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ CDC-ն հրաժարվել է պատասխանել իրավիճակին առնչվող ԱՄՆ քաղաքացիների մասին կոնկրետ հարցերին։ Երկուշաբթի գործակալությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար ռիսկը մնում է հարաբերականորեն ցածր, սակայն ձեռնարկվում են միջոցներ՝ երկիր վարակի ներթափանցումը կանխելու համար։

Այդ միջոցառումների թվում են տուժած տարածաշրջաններից ժամանող ճանապարհորդների մոնիտորինգը և մուտքի սահմանափակումները ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող այն անձանց համար, ովքեր վերջին 21 օրվա ընթացքում գտնվել են Ուգանդայում, ԿԴՀ-ում կամ Հարավային Սուդանում։

CDC-ն նաև հայտնել է ավիաընկերությունների և գործընկերների հետ համագործակցության մասին՝ կոնտակտավորներին հետագծելու, թեստավորումն ընդլայնելու և հիվանդանոցների պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով։

ԱՄՆ-ն թողարկել է ճանապարհորդության 4-րդ մակարդակի նախազգուշացում (առավելագույն մակարդակը), որով խորհուրդ է տրվում զերծ մնալ ԿԴՀ այցելություններից։

ԱՀԿ-ն արևելյան Իտուրի նահանգում տեղի ունեցած բռնկումը դասակարգել է որպես միջազգային նշանակության հանրային առողջապահության արտակարգ իրավիճակ, սակայն այն չի համարվում համավարակ։

Փորձագետները զգուշացնում են, որ բռնկումը կարող է «զգալիորեն ավելի մասշտաբային» լինել, քան այժմ արձանագրվում է՝ տարածաշրջանային տարածման ռիսկով։

2014-2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում տեղի ունեցած ամենախոշոր բռնկման ժամանակ վարակվել էր ավելի քան 28 600 մարդ։ Դա վիրուսի հայտնաբերումից (1976 թվական) ի վեր ամենամեծ բռնկումն էր։ Հիվանդությունը տարածվել էր մի քանի երկրում, որոնց թվում՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Իտալիայում՝ խլելով 11 325 մարդու կյանք։

Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների ղեկավար Ժան Կասեյան կոչ է արել խստորեն պահպանելու հանրային առողջապահական միջոցառումները, հատկապես՝ հուղարկավորությունների կազմակերպման ժամանակ։

«Մենք չենք ուզում, որ մարդիկ վարակվեն հուղարկավորությունների ժամանակ»,- ասել է նա BBC-ին։ Ավանդական ծեսերը, որոնք ներառում են մահացածների մարմինների լվացումը, նախկին բռնկումների ժամանակ նպաստել են վարակի տարածմանը։

ԱՀԿ-ն խորհուրդ է տվել ուժեղացնել սահմանային հսկողությունը ԿԴՀ-ի և Ուգանդայի միջև, ինչպես նաև հարևան երկրներին կոչ է արել ամրապնդելու համաճարակաբանական հսկողությունն ու պատրաստվածությունը։

Ռուանդան հայտարարել է սահմանին ստուգումների ուժեղացման մասին՝ որպես նախազգուշական միջոց, իսկ Նիգերիան հայտնել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին։