Տեղական իշխանությունների տվյալներով՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա տենդի բռնկման հետևանքով առնվազն 131 մարդ է մահացել, իսկ վարակման կասկածելի դեպքերի թիվն անցնում է 513-ը, հայտնում է BBC-ն:

Կոնգոյի կառավարության ներկայացուցիչը նշել է, որ հիվանդությունն արդեն տարածվում է ավելի ընդարձակ շրջաններում:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալներով՝ վարակման երկու և մահվան մեկ դեպք է հաստատվել Ուգանդայում:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Բունդիբուգիո վիրուսով հարուցված Էբոլայի այս բռնկումը հայտարարել է որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ:

Չնայած մահացու վտանգավոր համաճարակի տարածմանը՝ Կոնգոյի կառավարությունը փորձում է հանգստացնել բնակչությանը՝ վստահեցնելով, որ արձագանքման խմբերն ակտիվորեն հետևում ու հետազոտում են վարակման բոլոր կասկածելի դեպքերը, և խուճապի մատնվելու առիթ չկա:

Այդուհանդերձ, մտահոգությունները գնալով մեծանում են, քանի որ նոր դեպքեր են հայտնաբերվել Իտուրի նահանգի Նյակունդե բնակավայրում, Հյուսիսային Կիվուի Բուտեմբո շրջանում և Գոմա քաղաքում:

Միջազգային առաքելությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունն ու CDC-ն հայտնել են, որ վարակվածների թվում կա նաև ամերիկացի բժիշկ, ով նույնպես աշխատել է Կոնգոյում: CBS News-ի փոխանցմամբ՝ պացիենտին բուժման նպատակով կտեղափոխեն Գերմանիա:

Թեև CDC-ն չի հրապարակել ամերիկացու անունը, սակայն Serge միսիոներական կազմակերպությունը հաստատել է, որ Էբոլայով վարակվածն իրենց բժիշկներից է՝ ԱՄՆ քաղաքացի Փիթեր Սթաֆորդը:

Կազմակերպության ևս երկու բժիշկ, ովքեր շփում են ունեցել հիվանդների հետ (այդ թվում՝ Սթաֆորդի կինը՝ դոկտոր Ռեբեկա Սթաֆորդը), չունեն որևէ ախտանիշ և այժմ գտնվում են կարանտինում:

CBS News-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է նաև, որ Կոնգոյում համաճարակի ընթացքում առնվազն վեց ամերիկացի կարող էր շփում ունեցած լինել վիրուսակիրների հետ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) հայտարարել է, որ աջակցում է «ստեղծված իրավիճակից անմիջականորեն տուժած փոքրաթիվ ամերիկացիների անվտանգ տարհանմանը», սակայն չի հստակեցրել, թե խոսքը քանի հոգու մասին է:

Հաղորդվում է, որ ԱՄՆ իշխանությունները դիտարկում են ամերիկացիների այդ խմբին Կոնգոյից անվտանգ վայր տեղափոխելու և կարանտինի մեջ պահելու տարբերակը: STAT պարբերականի տվյալներով՝ նրանց հնարավոր է տեղափոխեն Գերմանիայում գտնվող ամերիկյան ռազմաբազա, թեև այս տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:

2014-2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում բռնկված Էբոլայի համաճարակի ժամանակ, որն ամենախոշորն է եղել 1976 թվականին վիրուսի հայտնաբերումից ի վեր, վարակվել է ավելի քան 28 600 մարդ:

Հիվանդությունը տարածվել էր Արևմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում և դրանց սահմաններից դուրս՝ ներառյալ Գվինեան, Սիերա Լեոնեն, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Իտալիան (խլելով 11 325 մարդու կյանք):