Էվորայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ ձեռագրի արագության և բնույթի փոփոխությունները կարող են տարեց մարդկանց ճանաչողական խանգարումների վաղ նշան լինել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Human Neuroscience հանդեսում։
Հետազոտությանը մասնակցել է ծերանոցներում բնակվող 62-92 տարեկան 58 մարդ։ Մասնակիցների մեծ մասի մոտ նախկինում արդեն հայտնաբերվել էին հիշողության և մտածողության խնդիրներ։
Կամավորները թվային պլանշետի վրա գրավոր տարբեր առաջադրանքներ են կատարել։ Նրանք գծել են գծեր ու կետեր, արտագրել նախադասություններ և տեքստ գրել թելադրությամբ։ Հենց թելադրությամբ առաջադրանքներն են եղել ամենաարդյունավետը՝ նորմալ ճանաչողական ֆունկցիաներ ունեցող և ուղեղի աշխատանքի անկում ունեցող մարդկանց միջև տարբերությունները հայտնաբերելու համար։
Գիտնականները նկատել են, որ ճանաչողական խանգարումներ ունեցող մասնակիցները գրել են զգալիորեն ավելի դանդաղ, ավելի երկար են կատարել առաջադրանքները, իսկ նրանց ձեռքի շարժումները եղել են նվազ սահուն և ավելի ընդհատվող։
Ըստ հետազոտողների՝ գրելու գործընթացը պահանջում է հիշողության, ուշադրության, լեզվական հմտությունների և մոտորային կոորդինացիայի միաժամանակյա աշխատանք։ Այդ պատճառով ձեռագրի ցանկացած փոփոխություն կարող է արտացոլել ուղեղի աշխատանքի վաղ խանգարումները։
Աշխատանքի հեղինակները կարծում են, որ ապագայում ձեռագրի թվային վերլուծությունը կարող է դառնալ պարզ, հասանելի և էժան մեթոդ՝ կլինիկաներում ու ծերանոցներում դեմենցիայի և այլ ճանաչողական խանգարումների վաղ հայտնաբերման համար։
Ավելի վաղ կատարված այլ հետազոտություններ նույնպես ցույց էին տվել, որ միջին տարիքում ընտանիքի հետ ակտիվ շփումը և ճանապարհորդությունները կարող են նվազեցնել դեմենցիայի զարգացման ռիսկը։






