«MV Hondius» զբոսանավում գտնվող Իսպանիայի ևս մեկ քաղաքացու մոտ հաստատվել է հանտավիրուսով վարակվածությունը։ Այս մասին հայտնել է Իսպանիայի առողջապահության նախարարությունը, փոխանցում է CNN-ը։
Վարակվածը նավից տարհանված և մայիսի 10-ին Մադրիդի «Գոմես Ուլյա» զինվորական հոսպիտալում կարանտինի մեջ գտնվող 14 իսպանացի ուղևորներից մեկն է։ Թեստի դրական արդյունքից հետո պացիենտին տեղափոխել են խիստ մեկուսացման բաժանմունք, որտեղ նա գտնվում է մասնագետների հսկողության տակ։ Իշխանությունների տվյալներով՝ համաճարակաբանական հետաքննության ընթացքում նա նախապես բնորոշվել էր որպես վարակակրի հետ սերտ շփում ունեցած անձ։
Նախարարությունը մայիսի 12-ին հաստատել էր «MV Hondius» նավի իսպանացի ուղևորների շրջանում վարակման առաջին դեպքը։
Միջազգային սանիտարական ծառայությունները շարունակում են նավում հանտավիրուսի բռնկման հետաքննությունը, որն սկսվել էր այն բանից հետո, երբ ապրիլին՝ Արգենտինայից նավի դուրս գալուց անմիջապես հետո, երեք ուղևոր էր մահացել։ Ուղևորների մի մասին ափ են հանել Սուրբ Հեղինեի կղզում, իսկ մնացածը նավից իջել են Կանարյան կղզիներում և ուղարկվել իրենց երկրներ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հանտավիրուսը մարդուն սովորաբար փոխանցվում է կրծողներից, սակայն նավի վրա չի բացառվում նաև մարդուց մարդուն վարակի փոխանցումը։ Հիվանդության գաղտնի շրջանը կարող է տևել մինչև վեց շաբաթ, այդ պատճառով ուղևորները նավից իջնելուց հետո 42 օր կգտնվեն հսկողության տակ։ Հիվանդությունն ի հայտ է գալիս գրիպանման ախտանշաններով, սակայն ծանր դեպքերում կարող է ախտահարել թոքերը, երիկամներն ու սիրտը, ինչպես նաև հանգեցնել մահվան։






