Անգլիայում ամսական ավելի քան 1300 պացիենտ մահանում է շտապօգնության բաժանմունքներում (A&E) բժշկական օգնությանը երկար սպասելու պատճառով։ Այս մասին են վկայում Շտապ օգնության բժշկության թագավորական քոլեջի (RCEM) նոր գնահատականները։ Կազմակերպության տվյալներով՝ վերջին տասնամյակում նման մահվան դեպքերի թիվն աճել է 10 անգամ։
RCEM-ի վերլուծության համաձայն՝ 2025 թվականին շտապօգնության բաժանմունքներում պացիենտների երկարատև մնալու հետ է կապվել շաբաթական ավելի քան 300 մահվան դեպք, այնինչ 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել է շաբաթական մոտ 30 դեպք։
RCEM նախագահ, դոկտոր Իեն Հիգինսոնը հայտարարել է, որ կանխարգելելի մահերի թվի աճը վկայում է շտապ բժշկական օգնության համակարգի խորացող ճգնաժամի մասին։
«Մենք պետք է հարց տանք ինքներս մեզ, թե ինչու այս սոսկալի խնդիրը չի գտնվում մշտական քաղաքական ուշադրության կենտրոնում։ Շտապօգնության բաժանմունքներում պացիենտների երկար մնալու հետ կապված մահերի քանակը հստակ ցույց է տալիս, որ համակարգը չի հաղթահարում իր առջև դրված խնդիրը՝ օգնություն ցուցաբերել նրանց, ում համար այն նախատեսված է»,- նշել է նա։
Գնահատականները հիմնված են 2021 թվականին Emergency Medicine Journal-ում հրապարակված հետազոտության վրա, որտեղ վերլուծվել են Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) ավելի քան 5 միլիոն պացիենտների տվյալները։ Հետազոտությունը ցույց է տվել, որ հոսպիտալացմանը 8-12 ժամ սպասող յուրաքանչյուր 72 պացիենտի հաշվով գրանցվում է մեկ լրացուցիչ մահվան դեպք։ Մահացության ռիսկն սկսել է աճել արդեն իսկ սպասման հինգերորդ ժամից հետո և ավելացել է ժամանակի երկարելուն զուգահեռ։
Կիրառելով այս մեթոդաբանությունը՝ RCEM-ը հաշվարկել է, որ 2025 թվականին շտապօգնության բաժանմունքներում երկար սպասելու հետևանքով գրանցվել է 15,860 հավելյալ մահ։ Թեև այս թիվը փոքր-ինչ ցածր է 2024 թվականի ցուցանիշից (16,644 դեպք), այն գրեթե տասն անգամ գերազանցում է 2015 թվականի մակարդակը, երբ արձանագրվել էր նմանատիպ 1,657 մահվան դեպք։
Հիգինսոնի խոսքով՝ բաժանմունքների գերծանրաբեռնվածությունը և ռեսուրսների պակասը շարունակում են բացասաբար անդրադառնալ բժշկական օգնության որակի վրա։
«Շտապ օգնության բժիշկների համար չափազանց ծանր է տեսնել անհապաղ օգնության կարիք ունեցող պացիենտների, քանի որ մենք չենք կարողանում նրանց ժամանակին բուժել բաժանմունքների գերբեռնվածության պատճառով։ Ավելին, անձնակազմը հաճախ ստիպված է լինում կենտրոնանալ վիճակագրական ցուցանիշների բարելավման, այլ ոչ թե առավել ծանր վիճակում գտնվող պացիենտների վրա»,- ասել է նա։
Նրա կարծիքով՝ իշխանությունները նախկինի պես չեն վերացնում ճգնաժամի բուն պատճառները՝ նախապատվությունը տալով կարճաժամկետ միջոցառումներին, որոնց արդյունավետությունը նախկինում ևս կասկածի տակ է դրվել։
Ողջունելով հիվանդանոցային միջանցքներում պացիենտների տեղավորման պրակտիկայից հրաժարվելու կառավարության մտադրությունը՝ Հիգինսոնն ընդգծել է, որ իրական առաջընթաց հնարավոր է միայն հոսպիտալացման երկարատև ուշացումների կրճատման դեպքում։
Բուժքույրական գործի թագավորական քոլեջի գլխավոր քարտուղար և գործադիր տնօրեն, պրոֆեսոր Նիկոլա Ռեյնջերը ստեղծված իրավիճակն անվանել է առողջապահության ոլորտի բազմամյա աղետ։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ են համալիր լուծումներ, ներառյալ ներդրումներ մահճակալային ֆոնդի ընդլայնման, բուժքույրերի թվի ավելացման, առաջնային բժշկական օգնության, հանրային առողջապահության և սոցիալական խնամքի համակարգի զարգացման գործում։
Սուր բժշկության ընկերության նախագահ, դոկտոր Վիկի Փրայսը կատարվածն անվանել է «ազգային խայտառակություն» և նախազգուշացրել, որ շտապօգնության բաժանմունքների գերբեռնվածության խնդիրը շարունակում է սրվել։
Մեծ Բրիտանիայի Առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունում ընդունել են, որ շտապօգնության երկար սպասելն անթույլատրելի է, և ցավակցություն են հայտնել մահացած պացիենտների ընտանիքներին։
Գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ չնայած այն բանին, որ A&E բաժանմունքներում սպասման ժամանակն այժմ գտնվում է վերջին հինգ տարվա ամենացածր մակարդակի վրա, դեռ շատ անելիքներ կան։ Մասնավորապես, կառավարությունն ավելի քան 215 միլիոն ֆունտ ստերլինգ է հատկացրել Անգլիայի տարածքում շտապ և անհետաձգելի օգնության 40 կենտրոնների ստեղծման ու ընդլայնման համար։
Բացի այդ, մասնագիտացված խմբեր են ուղարկվում NHS-ի առավել խնդրահարույց հաստատություններ՝ հիվանդանոցների միջանցքներում պացիենտների տեղավորման պրակտիկայի դեմ պայքարելու համար։






