Ռուսաստանի Գերագույն դատարանը հրաժարվել է վերանայել «AstraZeneca»-ի և «Ակրիխին» ընկերության միջև ընթացող դատական վեճը, որը վերաբերում է դապագլիֆլոզինի հիմքով արտադրվող դեղամիջոցին։ Այս մասին հայտնել է «Без рецепта» Telegram-ալիքը։

Այսպիսով՝ ուժի մեջ է մնում Մտավոր սեփականության իրավունքների դատարանի որոշումը, որը ռուսական արտադրողին թույլ է տալիս շուկա հանել դեղամիջոցի ջեներիկ տարբերակը՝ «Ֆորդիգլիֆը»։

Ավելի վաղ դատական ատյանները հանգել էին այն եզրակացության, որ դապագլիֆլոզինի հետ կապված բանաձևերի արտոնագրային պաշտպանությունն այլևս «AstraZeneca»-ին դրանց օգտագործման բացառիկ իրավունք չի տալիս։ Դեկտեմբերին համապատասխան որոշում էր կայացրել Մտավոր սեփականության իրավունքների դատարանը, իսկ 2026 թվականի մարտին այն հաստատել էր դատարանի նախագահությունը։ Գերագույն դատարանի կողմից բողոքի քննության մերծումը փաստացիորեն ավարտել է դատական գործընթացը (հօգուտ ռուսական արտադրողի)։

Այդուհանդերձ, դեղամիջոցի շուրջ դատական վեճերը կարող են շարունակվել։ «AstraZeneca»-ի դեմ նմանատիպ պահանջներով հանդես է եկել նաև «Բիննոֆարմ Գրուպ»-ի կազմում ընդգրկված «Ալիում» ընկերությունը, որը նույնպես ձգտում է սեփական ջեներիկն արտադրելու իրավունք ստանալ։ Այս հայցի քննությունը նշանակված է հունիսի 23-ին։

Դապագլիֆլոզինը պատկանում է SGLT2 ինհիբիտորների դասին և կիրառվում է մի շարք քրոնիկ հիվանդությունների դեպքում։ Դեղամիջոցն օգտագործվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման համար՝ օգնելով նվազեցնել գլյուկոզայի մակարդակը երիկամների միջոցով դրա ավելցուկի դուրսբերման հաշվին։ Բացի այդ, այն նշանակվում է քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող պացիենտներին՝ հոսպիտալացման և սրտանոթային մահացության ռիսկը նվազեցնելու համար, ինչպես նաև կիրառվում է երիկամների քրոնիկ հիվանդության դեպքում՝ օրգանի ֆունկցիայի վատթարացումը դանդաղեցնելու և երիկամային անբավարարության վտանգը նվազեցնելու նպատակով։

Դապագլիֆլոզինի հիմքով պատրաստված «AstraZeneca»-ի բնօրինակ դեղամիջոցը կոչվում է «Ֆորսիգա»։ Արտոնագրային պաշտպանության ժամկետի ավարտից հետո շուկայում սկսում են հայտնվել դրա անալոգները, այդ թվում՝ «Ֆորդիգլիֆը»։

Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ դատարանը վարույթ է ընդունել «Պրոմոմեդի» դեմ «Eli Lilly» ընկերության հայցը՝ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար նախատեսված դեղամիջոցի ջեներիկի թողարկման առնչությամբ։