AstraZeneca-ն Չինաստանի CSPC դեղագործական խմբի հետ կնքել է մինչև 1.77 միլիարդ դոլար արժողությամբ գործընկերային պայմանագիր: Գործընկերությունը կենտրոնացած է երիկամների հիվանդությունների բուժման փորձարարական դեղամիջոցների որոնման և մշակման վրա:
Գործարքի շրջանակում AstraZeneca-ն կստանա բացառիկ իրավունքներ նուկլեինաթթվի վրա հիմնված մեկ նախակլինիկական դեղամիջոց մշակելու, արտադրելու և առևտրայնացնելու համար ամբողջ աշխարհում, իսկ երկրորդը՝ Չինաստանից դուրս:
CSPC-ն կստանա 30 միլիոն դոլար նախնական վճար և կարող է վաստակել մինչև 1.74 միլիարդ դոլար՝ դեղամիջոցների մշակման, կարգավորման և վաճառքի փուլերին հասնելուց հետո:
Ընկերությունը չի նշել, թե նոր մշակումները երիկամների որ հիվանդությունների բուժմանն են ուղղվելու: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ երիկամային քրոնիկական հիվանդությունից ամբողջ աշխարհում տառապում է մոտ 674 միլիոն մարդ:
Ավելի վաղ AstraZeneca-ն և CSPC-ն արդեն համագործակցել էին ճարպակալման և մարմնի ավելորդ քաշի հետ կապված հիվանդությունների բուժման դեղամիջոցներ ստեղծելու նախագծերում։






