Մեծ Բրիտանիայում մայրական մահացության մակարդակը վերջին 16 տարում աճել է 20%-ով՝ չնայած ՝ մինչև 2025 թվականն այս ցուցանիշը կիսով չափ կրճատելwu կառավարության նախապես սահմանած նպատակին, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Պարբերականի տվյալներով՝ մայրական, ներարգանդային և մանկական մահացության նվազեցմանն ուղղված բրիտանական իշխանությունների նախաձեռնությունը չի հասել սահմանված նպատակներին։ Այսօր մայրական մահացության մակարդակը մեկ հինգերորդով գերազանցում է 2010 թվականի ցուցանիշները։
Հրապարակման հեղինակները իրավիճակի վատթարացումը կապում են մայրության պաշտպանության համակարգի խնդիրների և հղի կանանց ցուցաբերվող բժշկական օգնության որակի հետ։ Նյութում նշվում է նաև, որ երկրի առանձին տարածաշրջաններում դեռևս պահպանվում է «ցանկացած գնով բնական ծննդաբերության» կողմնորոշված գործելակերպը, ինչը, քննադատների կարծիքով, կարող է մեծացնել մոր և մանկան առողջության համար ռիսկերը։
Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգի խնդիրներն արձանագրվում են նաև այլ ոլորտներում։ Այսպես, ավելի վաղ The Guardian-ը, հղում անելով Անհետաձգելի բժշկության թագավորական քոլեջի (RCEM) վերլուծությանը, հայտնել էր, որ Անգլիայում ամեն ամիս ավելի քան 1300 բուժառու մահանում է անհետաձգելի օգնության բաժանմունքներում երկար սպասելու պատճառով, ինչը մոտ տասն անգամ ավելի է, քան տասը տարի առաջ։
Բացի դրանից, Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը (NHS) շարունակում է բժշկական կադրերի սուր պակաս զգալ։ Ըստ ապրիլին հրապարակված տվյալների՝ բժիշկների պակասը ստիպում է բուժքույրերին և ասիստենտներին ստանձնել պարտականությունների մի մասը, որոնք սովորաբար կատարում են որակավորված մասնագետները, ինչը մտահոգություններ է առաջացնում ցուցաբերվող բժշկական օգնության որակի վերաբերյալ։






