«Իմ կարծիքով ամերիկյան դերասանուհի Անջելինա Ջոլիի կողմից կրծքագեղձերի կանխարգելիչ հեռացումը ուղղակի PR-ակցիա է եղել: Հնարավոր է՝ բարի նպատակներից դրդված»,- կարծում է Հայ-Ամերիկյան առողջության կետնրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը:
«Իրականում ,ինչպես հաղորդել էին որոշ հեռուստաաղբյուրներ, դերասանուհու մոտ արդեն առկա էր չարորակ ուռուցք, բայց վաղ փուլում»,- պատմել է նա NEWS. am Medicine-ին:
«Անջելինա Ջոլիի դեպքն այն դեպքն է, երբ մաստէկտոմիան գենետիկորեն հիմնավորված էր: Իրականացվել են անալիզներ, որոնք բացահայտել են դերասանուհու օրգանիզմում առկա գենետիկ մուտացիաները: Հենց այդ պատճառով էլ հեռացրել են նրա կրծքի մկանային հյուսվածքը եւ փոխարինել դրանք սիլիկոնե իմպլանտներով»,- ասում է ՀԱԱԿ ճառագայթաբանության բաժանմունքի վարիչ Անի Հակոբյանը:
Իսկ ին՞չ են ընդհանրապես մտածում հայ մասնագետները կանխարգելիչ մաստէկտոմիայի վերաբերյալ:
«Իմ հիվանդներից մեկի կրծքում գտնվել էր մոտ 30 բարորակ ուռուցք: Գրեթե ամբողջ կուրծքը լցված էր նորագոյացություններով: Դա քաղցկեղ չէր, բայց նա ոչ միայն խնդրում էր, այլ նաեւ պահանջում էր հեռացնել կրծքի մկանային զանգվածը եւ փոխարինել դրանք սիլիկոններով: Ես դեմ չէի: Եթե վիրահատական միջամտությունը հիմնավորված է, եւ իրականցվում է գրագետ կերպով, ապա ինչու ոչ»,- ասում է Անի Հակոբյանը: «Մինչդեռ ուղղակի վախից կուրծքը սիլիկոններով փոխարինելը, այսպես կոչված կանխարգելիչ նկատառումներով՝ խելամիտ չէ»,- պնդում է նա:
Ավելացնենք, որ Հայաստանում արդեն իրականցվում է արյան գենետիկ անալիզ, մասնավորապես Գենետիկայի Ինստիտուտում: Վերջինս կարող է հերքել կամ հաստատել կրծքագեղձի հանդեպ գենետիկ նախատրամադրվածությունը:
Մինչդեռ կրծքագեղձի քաղցկեը միշտ չէ, որ պայմանավորված է գենետիկ գործոններով: Այդ պատճառով կանայք եւ աղջիկները պետք է տարին մեկ անգամ հետազոտվեն ՝ ժամանակին կրծքագեղձի փոփոխությունները հայտնաբերելու, դրանք հեռացնելու եւ հետագայում հանգիստ ապրելու համար...
Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին ոչ այդքան վաղ է կատարել կրծքագեղձի հեռացման վիրահատությունը՝ կրծքի քաղցկեղից խուսափելու համար: Այդ մասին նա գրել է The New York Times-ի «Իմ ընտրությունը» (My Medical Choice) հոդվածում:
Դերասանուհու խոսքով, բժիշկները նրա մոտ ախտորոշել են կրծքագեղձի քաղցկեղի 87% եւ ձվարանների քաղցկեղի 50% հավանականություն: Ջոլին բուժումը սկսել է կրծքագեղձերից՝ կատարելով երկկողմանի կանխարգելիչ մաստէկտոմիա: Բուժման արդյունքում բժշկի խոսքով, Ջոլիի կրծքագեղձի քաղցկեղի հավանականությունը 87%-ից նվազել է 5%-ի:
Վիրահատությունը ընդհանուր առմամբ տեւել է մոտ երեք ամիս եւ ավարտվել ապրիլի 27-ին: Հեռացված կրծքագեղձերի փոխարեն Ջոլիին իմպլատներ են տեղադրել: Նրա խոսքով ,վիրահատության արտաքին հետեւանքները գրեթե աննակտ են:
Ըստ դերասանուհու, վիրահատության հիմնական պատճառը դարձավ այն, որ իր մայրը մահացել է քաղցկեղից 56-ամյա տարիքում: Ջոլին գրել է, որ ցանկանում է հնարավորինս երկար հոգ տանել իր երեխաների եւ թոռների մասին ու չլքել նրանց ժամանակից շուտ: Ներկա պահին Ջոլին եւ Բրեդ Փիթն ունեն երեք սեփական եւ երեք որդեգրած երեխա:
World Health Organization վիճակագրության համաձայն , տարեկան կրծքագեղձի քաղցկեղից մահանում է մոտ 500 հազար մարդ: Մոտավորապես 85% դեպքերում կրծքագեղձի քաղցկեղը հանդիպում է այն մադրկանց մոտ, ում հարազատներից մեկը, օրինակ՝ ծնողը, տուժել է այդ հիվանդությունից:
Յանա Ավչիյան






