Սիրտը եւ մյուս օրգանները կարող են օգտագործվել մարդու օրգանիզմի կենսունակության համար տեղադրված էլեկտրական բժշկական սարքերի սնուցման համար:
Հետազոտողները մշակել են բարակ, ճկուն սարքավորում, որն էլեկտրոէներգիա է արտադրում ներքին օրգանների շարժումների շնորհիվ:Նրանք այս սարքավորումը տեղադրել են կենդանիների սրտի, թոքերի եւ ստոծանու վրա՝ տեսնելու համար կարող են արդյոք օրգանիզմի բնական պրոցեսները էլեկտրոէներգիա արտադրել:
Հետազոտողները հիմնվել են պյեզոէլեկտրիկ էֆեկտի հասկացության վրա, երբ էլեկտրականությունն արտադրվում է որոշակի պինդ մարմինների կողմից մեխանիկական լարման ազդեցության տակ: Դրա համար գիտնականները պյեզոէլեկտրիկ նյութից՝ ցիրկոնատ-տիտանատ կապարից եւ ճկուն սիլիկոնից մշակել են նանոժապավեններ, որոնք կարող են հարմարվել շարժվող օրգանի կառուցվածքին: Նանոժապավենները միացրել են վերալիցքավորվող մարտկոցին եւ տեղադրել են լաբորատոր կենդանիների սրտի, թոքերի եւ ստոծանու վրա, հաղորդում է CBS News-ը:
Հաստատվել է, որ նանոժապավենների իմպլանտացիայի համար ամենաօպտիմալ վայրը օրգանիզմի բնական գործընթացին եւ շարժումներին չխանգարելու համար սրտի փորոքներն են: Ժապավենները պյեզոէլեկտրիկ նյութի մեկ սանտիմետր քառակուսու վրա արտադրել են 0,2 միկրովատ էլեկտրոէներգիա, ինչը լիովին բավական է միջին կարդիոխթանիչի սնուցման համար:
Փրիսթոնի համալսարանի մեքենաշինության պրոֆեսոր Մայքլ Մաքալփայնը, ով չէր մասնակցել հետազոտությանը, ասել է, որ սա շատ կարեւոր բացահայտում է, քանի որ դա նշանակում է ավելի քիչ վիրահատություններ այն մարդկանց համար, ում իմպլանտացրել են մարտկոցներով սնուցվող սարքավորումներ, ինչպիսիք են կարդիոխթանիչները, կարդիովերտեր-դեֆիբրիլյատորները, ուղեղի համար նախատեսված սարքավորումները եւ կոխլեար (ականջային) սարքավորումները:
Որոշ փորձագետներ անհանգստացած են, քանի որ սարքավորումը պատրաստված է կապարի հիմքի վրա, եւ չնայած, որ այն փակ է, կարող է արտահոսք լինել: Բայց Մաքալփայնն ասաց, որ կան առանց կապարի այլ պիեզոէլեկտրիկ նյութեր, որոնք գրեթե նույնքան արդյունավետ են, որքան ցիրկոնատ-տիտանատ կապարը, եւ հետագա հետազոտություններում կարող են գտնել լավագույն այլընտրանքը։






