Դանդաղ ռեակցիայով մարդիկ վաղաժամ մահվան ավելի բարձր ռիսկ ունեն, ենթադրում է նոր հետազոտությունը։
Բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են 20-59 տարեկան ավելի քան 5000 ամերիկացու, ում սովորական թեստի միջոցով ստուգել են ռեակցիայի արագությունը, որի ժամանակ նրանք պետք է սեղմեին կոճակը, երբ էկրանի վրա պատկեր էր հայտնվում:
Հետո մասնակիցներին հետեւել են 15 տարիների ընթացքում: Այդ ժամանակահատվածի ընթացքում մասնակիցների 7,4% մահացել է: Դանդաղ ռեակցիայով մարդիկ 25%-ով ավելի շատ են ենթակա եղել ցանկացած պատճառից վաղաժամ մահվան ռիսկի, ի տարերություն միջին ռեակցիայով մարդկանց:
Այնուամենայնիվ, ոչ մի կապ չի եղել դանդաղ ռեակցիայի եւ քաղցկեղից ու թոքային խնդիրներից մահերի միջեւ: Հետազոտությունը ընդամենը ցույց է տվել դանդաղ ռեակցիայի եւ վաղաժամ մահվան միջեւ կապը, բայց չի բացահայտել պատճառա-հետեւանքային կապը:
«Ռեակցիայի ժամանակահատվածը, ինչպես ենթադրվում է, արտացոլում է կենտրոնական նյարդային համակարգի հիմնական ֆունկցիան»,- ասել է առաջատար հետազոտող, բժիշկ Գարետ Հագգեր- Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի Լոնդոնի համալսարանական քոլեջի համաճարակաբանության եւ հանրային առողջության բաժնից: «Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ հասուն տարիքում ռեակցիայի վերաբերյալ փորձը կարող է կանխատեսել ապրելիությունը»:
«Ռեակցիայի ժամանակը կարող է մատնանշել, թե որքան լավ են աշխատում կենտրոնական նյարդային համակարգը եւ օրգանիզմի մյուս համակարգերը, -ասել է Հագգեր-Ջոնսոնը,- Մարդիկ, ովքեր միշտ դանդաղ են արձագանքում նոր տեղեկություններին, կարող են խնդիրներ ունենալ, որոնք մեծացնում են նրանց վաղաժամ մահվան ռիսկը»:
«Ապագայում մենք ի վիճակի կլինենք օգտագործել ռեակցիայի ժամանակը առողջության եւ ապրելիության վերահսկման համար, ասաց նա.- Ներկա պահին առողջ ապրելակերպը լավագույնն է, ինչ մարդիկ կարող են անել՝ երկար ապրելու համար»:






