Ոչ միշտ է հաջողվում ճշտությամբ հաշվարկել պետպատվերի տեղերը, քանի որ լինում է հիվանդների անկանխատեսելի հոսք: Այս մասին NEWS.am Medicine –ին ասաց Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը.
«Օրինակ, անցյալ տարի փետրվար-մարտ ամիսներին գրիպի համաճարակի պատճառով բոլոր հիվանդանոցները լցված էին: Իհարկե, այդպիսի իրավիճակներում հավելյալ միջոցներ են տրամադրում: Մինչդեռ մենք ի սկզբանե պետք է հաշվարկենք պետպավերի տեղերը՝ հաշվի առնելով այդպիսի իրավիճակները», ասաց Դերենիկ Դումանյանը, բացատրելով պետպատվերի բաշխման մեխանիզմները, եւ ավելացրեց. « Մենք չենք ֆինանսավորում բուժհաստատությունները: Մենք ֆինանսավորում ենք Ազգային ժողովի հաստատած բուժծրագրերը»:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու տարվա վերջում, որպես կանոն, բուժհաստատությունները մերժում են պետպատվերով հիվանդներին՝ մեկնաբանելով, որ բոլոր միջոցներն արդեն սպառված են, Դերենիկ Դումանյանն ասաց, որ պատճառը բուժհաստատությունների ղեկավարների անբավարար աշխատանքն է: «Մեզ ծանոթ է այս խնդիրը: Նախարարության ներկայացուցիչները ուղարկվել են հիվանդանոցներ վերահսկման համար, բայց նրանց ներկայության ժամանակ ոչ ոք այդ հարցը չի բարձրացրել: Հիվանդանոցի ղեկավարությունը գիտեր, որ եթե այս հարցը բարձրացվի, դա կհանգեցնի մեր պայմանագրի խզմանը: Բայց այսուհետեւ մենք մտադրված ենք խստություն ցուցաբերել: Այս տարի պայմանագրերի կնքման ժամանակ մանրամասն կքննարկվեն որոշ պահեր, եւ պարտականությունները պատշաճ մակարդակով չկատարելու դեպքում պայմանագրերի չեղյալ հայտարարումը նույնպես: Բուժհաստատությունների համար դա լուրջ հարված կլինի:
Մոտ ժամանակներս Առողջապահության նախարարությունը նախարարի հորդորով պատրաստվում է ներմուծել վարկանիշավորման նոր համակարգ, որը գոյություն ունի շատ երկրներում եւ, որն անմիջականորեն կազդի ստացիոնարի կողմից պետպատվերի տեղերի ստացման վրա: Դրա հիմնական չափանիշներից մեկն է հիվանդների կողմից բուժծառայությունների բավարարվածությունը եւ նրանց կողմից գանգատների բացակայությունը: Բացի դրանից, հաշվի են առնվելու վիրահատական ակտիվությունը, բարդություններով դեպքերի քանակը, հիվանդների հիվանդանոցում գտնվելու օրերի քանակը եւ այլն: Ինչպես վստահեցրեց Դերենիկ Դումանյանը, ամեն ինչ արվում է, որպեսզի նախարարի դերը պետպատվերի բաշխման ընթացքում բացակայի:
Մյուս կողմից, ինչպես հիշեցրեց առողջապահության նախարարը, պլանային վիրահատությունների համար գործում է հերթի սկզբունքը: Յուրաքանչյուր բուժհաստատություն իր կայքը պետք է ունենա, որտեղ ցուցադրված են լինելու պետպատվերով հիվանդների, վճարովի հիվանդների քանակի եւ ազատ տեղերի առկայության մասին տեղեկությունները, որպեսզի պոտենցիալ հիվանդը ունենա իրավիճակի հստակ պատկերը: Եթե նա ուզում է սովորական վիրահատւթյան համար պառկի, օրինակ, «Էրեբունի» ԲԿ, իսկ այնտեղ ազատ տեղեր չկան, նա կարող է ուրիշ բուժհաստատություն դիմել: Իսկ եթե նա անպայման ուզում է կոնկրետ այդ կլինիկայում վիրահատվել, ապա նա կարող է հերթագրվել, եւ նրան կհրավիրեն, հենց որ տեղ ազատվի: «Այսօր մեր մոտ Երեւանում կա յոթ բժշկական կենտրոն, մեկը մյուսից լավ, եւ եւս երկուսը Գյումրիում եւ Գորիսում»:
Նա նաեւ ներկայացրեց, որ ստացիոնար ընդունված հիվանդներին տրվելու է իրազեկման թերթիկ՝ պետպատվերի իրավունքի մասին գրառումով: Հիվանդանոցներում արդեն գոյություն ունեն բողոքների եւ գանգատների համար նախատեսված արկղիկներ ոչ միայն հիվանդների, այլ նաեւ բուժանձնակազմի համար: «Այդպես մենք կարողացանք բացահայտել, որ հիվանդանոցներից մեկում արդեն երեք ամիս է աշխատավարձ չեն տվել, եւ հարցը լուծվեց: Ես կցանկանայի որ այդ կապը միշտ գործի , այլ ոչ թե ժամանակ առ ժամանակ»: Հաշվի առնելով այն փաստը, որ, նաըստ նախարարի, իրեն հայտնի չէ ամենուրեք տարածված բժշկական դրամաշորթությունների մասին, վատ չէր լինի, որ իր հենց այդ ցանկությունն իրագործվի:
Հաջորդ նորարարությունն է առձեռն վճարումների արգելումը եւ դրա փոխարինումը գումարի փոխանցումով բանկային հաշվեհամարին կամ վճարումը քարտային համակարգով:
Պարտադիր կերպով ներմուծվելու է «Երկրոդ կարծիքի ինստիտուտ» հասկացությունը՝ բժշկական սխալները նվազագույնի հասցնելու համար, ինչպես նաեւ թերությունների վերահսկման եւ բացահայտման նպատակով կստեղծվի Հանրային խորհուրդ՝ կազմված միջազգային եւ տեղական հասարակական կառույցների ներկայացուցիչներից (բժիշկների պաշտպանության ֆեյսբուքյան կոմիտե, արհմիություն, Ամերիկյան համալսարանի ներկայացուցիչներ եւ այլն):
Կտա այս ամենը ցանկալի արդյունքներ, թե ոչ, կներմուծվեն արդյո՞ք այս նոր փոփոխությունները, թ՞ե տեղի կունենա դրանց մերժում բուժստացիոնար կոչվող մեծ օրգանիզմի կողմից, ցույց կտա ժամանակը: «Եթե մենք չկարողանանք ցանկալի արդյունք ստանալ, ապա պետք է այս ծրագիրը ձախողված համարել»,- եզրափակեց նախարարը:
Յանա Ավչիյան






