Գրավիչ դեմքերին նայելու մարդկային ցանկությունը որոշակի դեր է խաղում այն բանում, թե ինչպես են մարդիկ ընտրում իրենց զուգընկերներին, եւ այն գեղեցկությամբ առաջացրած զգացողության արմատները գտնվում են ուղեղում, ցույց է տալիս նոր հետազոտությունը:

Հետազոտողները բացահայտել են, որ գրավչությունն ազդում է ուղեղի նույն  հատվածի վրա, որի վրա է ազդում օփիոիդային մորֆինը:

Օփիոիդային  համակարգը ուղեղի այն հատվածն է, որը կոդավորում է «համակրանքը»: Դրա հետ կապված դոֆոմինային համակարգը վերահսկում է «ցանկությունը», տեղեկացնում է Fox News-ը։

Նորվեգիայի Օսլոյի համալսարանի հոգեբան Օլգա Չելնոկովան եւ նրա գործընկերները  իրենց նոր հետազոտության համար ընտրել են 30 առողջ տղամարդու: Նրանք որոշ տղամարդկանց տվել են օփիոիդային համակարգի ընկալիչներն ակտիվացնող մորֆինը, իսկ մյուսնեին՝  օփիոիդային պաշարիչ:  Գիտնականները  տղամարդկանց ցույց են տվել տարբեր գրավիչ կանանց դեմքերի լուսանկարներ, որոնք հետազոտության մասնակիցները դիտել են ազատ ժամանակային գրաֆիկով:  Այնուհետեւ հետազոտողները հարցրել են, թե ինչքանով է նրանց դուր եկել այս կամ այն դեմքը եւ ստուգել են, թե ինչքան երկար են նրանք դիտել այս կամ այն լուսանկարը:

Մասնակիցները, ում մորֆին են տվել,  գրավիչ դեմքերն ավելի բարձր են գնահատել, այլ կերպ ասած ՝ դրանք նրանց ավելի շատ են դուր եկել, քան մյուս դեմքերը: Բացի դրանից, այն տղամարդիկ, ովքեր մորֆին են ընդունել, ավելի շատ ժամանակ են ծախսել իրենց դուր եկած դեմքերին նայելու,  եւ ավելի քիչ  ժամանակ մյուսների վրա, եւ ենթադրվել է, որ նրանք կցանկանային ավելի երկար տեսնել այդ դեմքերը:

Ի հակառակ սրան, օփիոիդային պաշարիչ ընդունող տղամարդիկ ավելի քիչ համակրանք եւ  ցանկություն են ցույց տվել:  Նրանք ավելի նվազ բարձր են  գնահատել գեղեցիկ դեմքերը եւ  ավելի քիչ ժամանակ են ծախսել դրանց դիտելու վրա: