Գլխացավի առաջացման պատճառները շատ բազմազան են, եւ այն այսօրվա դրությամբ ամենահաճախ հանդիպող ոչ սպեցիֆիկ ախտանշաններից մեկն է, այն լինում է տարբեր ախտաբանական վիճակների եւ հիվանդությունների ժամանակ: Միգրենը՝ գլխացավի տարատեսակ է: Դրա մասին NEWS.am Medicine-ին պատմեց բժիշկ-նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Նահապետյանը:
Ինչ վերաբերում է գլխացավերի տեսակներին, բժիշկը նշեց երկուսը՝ առաջնային եւ երկրորդային (ախտանշանային) գլխացավեր: Օրինակ ախտանշանային գլխացավերը կարող են հանդիպել ինֆեկցիոն հիվանդությունների, անոթների հիվանդությունների եւ այլնի ժամանակ: Առաջնային գլխացավերը ՝ կլաստերային, միգրենը, լարվածության գլխացավերը, առաջանում են որպես արտաքին գրգռիչներին ի պատասխան առաջացած ախտանշան եւ կապված չեն օրգանիզմում այլ հիվանդությունների առկայության հետ:
«Դասական եւ տարածված (լարվածության) գլխացավերի , միգրենի տարբերությունը նրանում է, որ վերջինիս ժամանակ գլխացավերը սովորաբար տեւում են 3 ժամից մինչեւ 3օր: Միգրենի ժամանակ ցավում է գլխի կոնկրետ հատված կամ դրա մի մասը, իսկ լարվածության գլխացավերի ժամանակ գլուխը ամբողջությամբ է ցավում, եւ առաջանում է տհաճ «սեղմող» զգացողություն: Չնայած, այս երկու գլխացավերը նման են միմյանց եւ հնարավոր է շփոթել վերջիններս միմյանց հետ»,- նշեց բժիշկ Նահապետյանը, ավելացնելով, որ միգրենը ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, փաստացի մարդիկ սկսում են վախենալ ցերեկային եւ արհեստական լույսից, նրանց նաեւ տհաճ է ցանկացած ձայն եւ խոսակցություն: Հիվանդը կարող է թաքնվել մութ սենյակում, ինչպես նաեւ փակել աչքերը: Նրանք, ում մոտ սկսվում է միգրենը, պինդ կապում են գլուխը ՝ տհաճ զգացողություններից խուսափելու համար:Միգրենը սովորաբար դրսեւորվում է առավոտյան ժամերին, իսկ լարվածության գլխացավերը՝ օրվա երկրորդ կեսին:
Բժիշկը նշեց, որ պրակտիկայում եղել են դեպքեր , երբ հաջողվել է բուժել միգրենը:Ամեն դեպքում իր մոտ հաճախակի գլխացավեր հայտանաբերած մարդը պետք է բժշկի դիմի՝ թերապեւտի կամ նյարդաբանի՝ մասնագիտացված օգնություն ստանալու համար:
Ցավազրկողներ օգտագործելուց առաջ պետք է հետազոտվել եւ պարզել ընդհանուր առողջական վիճակը, քանի որ հիվանդի մոտ կարող են նաեւ այլ հիվանդություններ լինել: Օրինակ, եթե հիվանդը ստամոքսի խոցային հիվանդություն ունի, ապա ցանկացած ցավազրկող դեղամիջոց կարող է լուրջ վնաս հասցնել նրա առողջությանը: Որոշ դեղորայքներ չեն վնասի, բայց նաեւ լավանալ դրանց միջոցով չի հաջողվի, քանի որ բուժական ազդեցությունը բացակայում է:
Վտանգավոր են այն գլխացավերը, որոնք սկսում են առավոտյան ժամերից, ուղեկցվում են փսխումով, ուժեղանում են գլխի դիրքի փոփոխության, դրա խոնարհման ժամանակ, ուղեկցվում են վերջույթների շարժունության սահմանափակումով , գիտակցության մթագնումով եւ ոչ միայն: Այդ պատճառով, եթե հայտնաբերվում է բարձրացած ներգանգային ճնշում, ապա պետք է տվյալ իրավիճակում շատ զգույշ լինել: Այ դեպքում պետք է որքան հնարավոր է շուտ դիմել բժշկական օգնություն ստանալու համար : Պետք չէ ինքնաբուժությամբ զբաղվել կամ վստահել ոչ ավանդական եւ ոչ ճիշտ բժշկությանը:
Միգրենը հաճախ հանդիպում է կանանց մոտ, եւ դա կապված է հորմոնալ տեղաշարժերի հետ, իսկ լարվածության գլխացավերը հանդիպում են տղամարդկանց մոտ: Կրկնակի գլխացավերի դեպքում առանց բժշկական օգնության եւ լիարժեք բուժման հնարավոր չէ:
Միգրենը սովորաբար ժառանգաբար է փոխանցվում, ավելի հաճախ մայրական գծով, բայց միշտ չէ, որ կինը կարող է փոխանցել այս հիվանդությունը երեխային:
Հիվանդը սովորաբար դիմում է նյարդավիրաբույժի այն ժամանակ, երբ նախկին բուժումը նրան չի օգնել: «Իմ մոտ հիվանդը գալիս է այն ժամանակ, երբ ամբոջությամբ հետազոտված է եւ նրա մոտ հայտնաբերվել է նյարդավիրաբուժական հիվանդություն»,- նշեց բժիշկը:
Հիշելով հետաքրքիր դեպքեր բժշկական փորձից՝ բժիշկ Նահապետյանը նշեց, որ հիվանդներից մեկին ախտորոշվել է ուղեղի չարորակ նորագոյացություն, բայց վիրահատության օրը բժիշկները բացահայտեցին, որ դա ընդհամենը աբսցես է (թարախային բորբոքում): «Սա չի կարող չուրախացնել հիվանդներին եւ բժիշկներին»,- ասաց բժիշկ Նահապետյանը:
«Քաղցկեղի ճառագայթումը գամմա- ճառագայթներով, պրոտոններով, էլեկտրոններով եւ ֆոտոններով թույլ է տալիս պայքարել այս հիվանդության դեմ, բայց Հայաստանում դեռեւս չկան համապատասխան սարքավորումներ: Իհարկե մենք կցանկանայինք ինչքան հնարավոր է շուտ ձեռք բերել դրանք, որպեսզի մեր քաղաքացիները չծախսեին ահռելի ֆինանսներ՝ այլ երկներ մեկնելու համար: Ամենայն հավանականությամբ՝ Հայաստանի Առողջապահության նախարարությունը մոտ ապագայում կզբաղվի մեծ ուռուցքաբանական կենտրոնի ստեղծմամբ»,- նշեց Կարեն Նահապետյանը:






