• Latest news

Համակարգչային խաղերը երեխաների համար իրականությունից փախչելու միջո՞ց են

30 հունիսի, 2016  18:48

Խաղալիքներով եւ այլ երեխաների հետ խաղերը նպաստում են երեխայի սոցիալիզացիային. երեխան այդ խաղերի միջոցով սովորում է շփվել,  տարբեր դերեր է փորձում, ճանաչում է շրջապատող աշխարհը, եւ այդ ամենը նրան նախապատրաստում է ժամանակակից աշխարհում ապրելուն: Համակարգչային խաղերը, ընդհակառակը, բարդացնում են նրա ադապտացիան հասուն կյանքին: Ինչո՞ւ են որոշ երեխաներ այդքան կապվում խաղերին եւ արդյոք դա վտանգավոր է:  Այդ հարցերը պարզելուն օգնել է հոգեբան Արմինե Փաշայանը:  

Հոգեբանի խոսքով, անընդհատ համակարգչային խաղեր խաղացող եւ հասակակիցների հետ քիչ շփվող երեխաների մոտ իրոք էլ սոցիալիզացիայի հետ կապված խնդիրներ են առաջ գալիս: Երբ նրանք ստիպված են լինում շփվել իսկական մարդկանց հետ, նրանք չգիտեն, թե իրենց ինչպես պահեն նրանց հետ:  Այդ իմաստով համակարգչային խաղերն այնքան էլ օգտակար չեն. դրանք երեխային խանգարում են ճանաչել իսկական աշխարհը: 

Ճիշտ է, զարգացնող խաղերը, եթե երեխան քիչ է խաղում դրանք եւ չի կտրվում մնացած բոլոր զբաղմունքներից, կարող են նույնիսկ օգտակար լինել նրա համար: Երբեմն  նույնիսկ «կրակոցախաղերը» կարող են օգտակար լինել. եթե երեխան չարացած է, կարող է    15-20 րոպե խաղալով դուրս թափել իր ագրեսիան` հրեշների կրակելով, իսկ հետո արդեն հանգիստ զբաղվել իր գործերով: Բայց հոգեբանը խորհուրդ չի տալիս երկար խաղալ նման խաղեր: 

Իսկ ինչո՞ւ են որոշ երեխաներ այդքան ձգտում համակարգչային խաղերի:

Մասնագետի խոսքով, որոշ երեխաների համար համակարգչային խաղերը միջոց են`  խուսափելու իրականությունից, որում իրենց «անհարմարավետ է»: Գուցե նրանց կյանքում կա ինչ-որ բան, որը նրանց դուրս չի գալիս: Շատ երեխաների ամենատարածված խնդիրներից մեկը ծնողական վերահսկողությունն է:   Եթե չափահասներն ամեն ինչ որոշում են երեխայի փոխարեն, պլանավորում են նրա օրվա ամեն րոպեն եւ նրան ազատ ժամանակ չեն թողնում, երբ նա ինքը կարող է որոշել, թե ինչով զբաղվի, երեխան ամենայն հավանականությամբ, նույնիսկ չգիտակցելով դա, իրեն ճնշված է զգում: Այդ դեպքում համակարգչային խաղերը սկսում են էլ ավելի գրավել նրան, չէ որ միայն այդ ժամանակ է ազատության եւ վերահսկողության բացակայության պատրանք առաջանում: 

Հոգեբանի խոսքով, շատ ծնողներ մտածում են, որ երեխան ազատ ժամանակ չպետք է ունենա, բայց դա ճիշտ չէ. երեխան պետք է հնարավորություն ունենա ինքը որոշելու, այդ թվում, թե ինչպես անցկացնի ազատ ժամանակը: 

Եթե ծնողները չեն ուզում, որ երեխան շատ խաղա համակարգչային խաղեր, չպետք է արգելեն, այլ երեխային իր համար հետաքրքիր այլընտրանքներ առաջարկեն. ընդ որում, այլընտրանքները մի քանիսը պետք է լինեն, այդպես երեխան այնպիսի զգացողություն կունենա, որ ինքը կարող է որոշել, թե ինչով զբաղվի, եւ դա նրան ոչ միայն կօգնի շեղվել համակարգչից, այլեւ կօգնի հաղթահարել այն զգացողությունը, որը համակարգչին նրա հակման գլխավոր պատճառն է դառնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել