• Latest news

Հղիության ընթացքում չափից շատ ուտող կանայք ճարպային ավելորդ հյուսվածքով երեխաներ են ունենում

17 հուլիսի, 2016  16:43

Հղի կանայք, որոնք սննդի մեջ մեծ քանակությամբ ածխաջրեր եւ ճարպեր են օգտագործում, հաճախ ճարպային ավելորդ հյուսվածքով երեխաներ են ունենում: Որքան ապագա մայրիկի սննդի մեջ ավելի շատ են  հագեցած ճարպերը, այնքան նրա երեխայի ճարպային շերտը մեծ կլինի, անկախ մինչեւ հղիությունը կնոջ քաշից:  Այդ մասին հայտնում են University of Colorado Denver-ի գիտնականները Տեսսա Կրումի գլխավորությամբ:

Մոր սննդակարգի եւ երեխայի կազմվածքի միջեւ կապն ի հայտ բերելու համար Կրումի խումբը վերլուծել է 1040 մայր-երեխա զույգի վերաբերյալ տվյալներ: Հղիության ընթացքում գիտնականները պարբերաբար յուրաքանչյուր կնոջ խնդրել են թվարկել այն ամենը, ինչ նա կերել է վերջին 24 ժամվա ընթացքում: Երբ երեխաները ծնվել են, հետազոտողները տվյալներ են հավաքել նրանցից յուրաքանչյուրի մասին` քաշը, հասակը, գլխի շրջագիծը եւ օրգանիզմում ճարպային հյուսվածքի տոկոսը:  

Պարզվել է, որ կանանց կեսն օրական միայն 2025 կալորիա է օգտագործել, մյուս կեսն ավելի շատ է կերել: Կանանց ընդհանուր թվի գրեթե կեսը ճարպերից է ստացել կալորիաների մոտավորապես 32 տոկոսը, սպիտակուցներից` 15 տոկոսը եւ ածխաջրերից` 48 տոկոսը: Հետազոտողները պարզել են, որ այդ համամասնությունների փոփոխությունը չի ազդել ծնվելու ժամանակ երեխաների քաշի վրա: Ավելի կարեւոր է եղել այն, թե սննդի  մեջ կոնկրետ ինչ են օգտագործել ապագա մայրերը: Օրվա ընթացքում հագեցած ճարպերից ստացված ամեն 100 կալորիան երեխայի ճարպային հյուսվածքի զանգվածն ավելացրել է 11 գրամով, մինչդեռ չհագեցած ճարպերի համար այդ քանակությունը գրեթե կրկնակի փոքր է եղել` 6 գրամ: Նույն չափի էներգետիկ արժեք ունեցող ածխաջրերը  3 գրամի աճ են առաջացրել:

Քանի որ հետազոտողները ստիպված էին հիմնվել իրենց սննդի մասին պատմող կանանց ազնվության վրա, ստացված արդյունքները չի կարելի բացարձակապես ճշգրիտ կոչել:  Սակայն գիտական խումբը կանանց խորհուրդ է տալիս հղիության ընթացքում հետեւել իրենց սննդին եւ հիշեցնում է, որ հղիության ընթացքում ոչ միայն կարիք չկա երկու հոգու փոխարեն ուտել, այլեւ դա վնասակար է ինչպես կնոջ, այնպես էլ երեխայի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել