• Latest news

Նոր թերապիան կարող է հետ շրջել դաշտանադադա՞րը

25 հուլիսի, 2016  10:42

Տրոմբոցիտներով հարստացված պլազմայի գործածումով թերապիան կարող է օգնել ոչ միայն դաշտանադադարի ախտանիշները հաղթահարելուն, այլեւ այն հետ շրջելուն: Այս մասին պատմել են Genesis Athens վերարտադրողական կենտրոնի հույն գիտնականները՝ Կոնստանտին Սֆակիանուդիսի ղեկավարությամբ: Եթե անկախ փորձաքննությունը հաստատի նրանց հետազոտության արդյունքները, դա կնշանակի, որ այդ թերապիայի շնորհիվ նույնիսկ տարեց կանայք ցանկության դեպքում կարող են երեխա ունենալ: Բացի դրանից նման բուժումը կարող է հույս տալ այն կանանց, ում մոտ դաշտանադադարը չափից շուտ է սկսվել (մինչեւ 40 տարեկան):

Ի տարբերություն տղամարդկանց, որոնց օրգանիզմը մշտապես սերմնահեղուկ է արտադրում, կինը ծնվում է ձվաբջիջների որոշակի պաշարով, որոնք «ծախսվում են» ամեն ամիս՝ սեռահասունացման պահից սկսած մինչեւ դաշտանադադար: Այսպիսով, տարիքի հետ ձվաբջիջների քանակը նվազում է: Մոտ 50 տարեկանում ձվաբջիջները սպառվում են: Քանի որ կանայք հաճախ են տարբեր պատճառներով հետաձգում երեխա ունենալու որոշումը, նրանք կարող են մեծ տարիքում խնդիրներ ունենալ, քանի որ երբ նրանք բարոյապես ու նյութապես արդեն պատրաստ կլինեն երեխա ունենալուն, նրանց ձվաբջիջները արդեն կարող են բավարար չլինել: Այս հարցերը, նաեւ դաշտանադադարի վաղաժամ սկսվելու խնդիրը կարող են լուծվել արտամարմնային բեղմնավորման կամ ձվաբջիջների սառեցման շնորհիվ, սակայն այդ երկու բուժակարգերն էլ բավականին բարդ են ու կողմնակի էֆեկտներ ունեն:

Genesis Athens-ի վերարտադրողական կենտրոնի գիտնականները վստահեցնում են, որ գտել են դաշտանադադարը շրջելի դարձնելու ձեւը՝ դրա համար նրանք օգտագործում են հիվանդների արյան՝ տրոմբոցիտներով հարստացված պլազման: Արյունը, որը անց է կացվում ցենտրիֆուգով, նրանց խոսքով «վերբեռնում է» կանանց դաշտանային ցիկլը: Թերապիայի այս տեսակը դեռ մինչեւ վերջ ուսումնասիրված չէ ու հաճախ է վեճեր առաջացնում բժիշկների շրջանում:

Հույն գիտնականները որոշել են նման ներարկումներ անել հիվանդների ձվարաններին, ու այդ բուժման արդյունքում միանգամից մի քանի հիվանդների մոտ նորից սկսվել է դաշտանային ցիկլը, ընդ որում նրանցից մեկի մոտ մինչ այդ հինգ տարի դաշտան չէր եղել: Բացի դրանից հենց այդ հիվանդի օրգանիզմն է արտադրել երեք ձվաբջիջ, որոնցից երկուսը հաջողվել է բեղմնավորել նրա ամուսնու սերմնահեղուկով ( սակայն էմբրիոնը արգանդ պատվաստելուց առաջ գիտնականները ծրագրում են եւս մեկը բեղմնավորել): Հետազոտողների խոսքով փորձարարական թերապիային ենթարկված 30 կանանցից 20-ի մոտ ցիկլը վերականգննվել է:

Գիտական խմբի ղեկավարը հայտնել է, որ իրենք դեռ հստակ չգիտեն, թե իրենց առաջարկած մեթոդը ինչպես է աշխատում, սակայն դաշտանադադարը հետաձգելու թեկուզ թույլ հնարավորությունը կարող է օգնել նրանց, ովքեր արդեն հույսները կտրել են սեփական երեխա ունենալուց եւ առհասարակ օգնել խուսափել այդ ժամանակաշրջանին բնորոշ տհաճ ախտանիշներից:

Նշենք, որ այս հետազոտության արդյունքները գիտական համայնքում դեռ թերահավատությամբ են ընդունում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է