• Latest news

Հայաստանում շագանակագեղձի առաջին վիրահատությունն են կատարել նոր լազերի օգտագործմամբ

28 սեպտեմբերի, 2016  18:11

Այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում առաջին անգամ շագանակագեղձի ադենոմայի վիրահատություն են կատարել լազերային նոր համակարգի օգտագործմամբ, որը նվեր են ստացել ամերիկյան HealthTronics ընկերությունից` ամերիկյան հայտնի ուրոլոգ Կարո Դերձակյանի միջնորդությամբ:  Վիրահատությունը կատարել են ինքը` Կարո Դերձակյանը եւ Հայաստանի առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը: 

Լրագրողների հետ զրույցում Կարո Դերձակյանը պարզաբանել է, որ նոր սարքավորումը հատուկ լազեր է օգտագործում, որը շատ արդյունավետ է եւ անվտանգ. այն թույլ է տալիս այրել ավելորդ հյուսվածքները, առանց արյունահոսություն առաջացնելու: Նման լազերներն այսօր մեծ ժողովրդականություն են վայելում ուրոլոգիական վիրաբուժության մեջ, որովհետեւ, նշել է մասնագետը, ամբողջ բժշկությունն այսօր ընթանում է քիչ ինվազիվ միջամտությունների ուղղությամբ, որոնք մեծ կտրվածքներ եւ երկարատեւ հետվիրահատական վերականգնում չեն պահանջում:  

Կարո Դերձակյանի խոսքով, նման լազեր կարելի է օգտագործել միզափամփուշտի, միզուղիների, շագանակագեղձի եւ այլ օրգանների վրա ամենատարբեր վիրահատությունների ընթացքում:  

«Այս սարքի կիրառության եղանակները կարող են սահմանափակվել միայն իր` բժշկի երեւակայությամբ», - ասել է Կարո Դերձակյանը:

Նոր լազերի օգտագործմամբ առաջին վիրահատությունը կատարել են շագանակագեղձի գերաճ ադենոմայով  հիվանդին. շագանակագեղձը ճնշել է միզուղին եւ միզելու դժվարություններ է ստեղծել:  Այդպիսի հիվանդներին սովորաբար կարող են կամ երկարատեւ դեղային բուժում առաջարկել (որը մի շարք հակացուցումներ ունի), կամ` վիրաբուժական, որի ընթացքում մասնագետները լազերի օգնությամբ այրում են մեծացած շագանակագեղձի հյուսվածքները` տեղ ազատելով միզուղիների համար: 

Նման վիրահատության ընթացքում շատ փոքր եւ նուրբ գործիքներ են օգտագործվում, որոնք շագանակագեղձի հատված են մտցվում միզուղիներով: Ինքը` վիրահատությունն իրականացվում է անզգայացման օգտագործմամբ եւ հիվանդը ոչինչ չի զգում, բայց վիրահատությունից հետո էլ նա ավելի փոքր անհարմարության զգացում է ունենում, քան մեծ գործիքների օգտագործմամբ վիրահատությունից հետո: 

Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը պատմել է, որ Հայաստանում լազերային վիրահատություններ կատարվում են  2010 թվականից, սակայն այն ժամանակ Հայաստանում 20 Վտ հզորությամբ լազեր կար եւ դրանով հնարավոր էր միայն երիկամների քարերը փշրել։ 2012 թվականին հայտնվել է նաեւ 70 Վտ հզորությամբ լազեր, որի օգնությամբ արդեն հնարավոր էր քիչ ինվազիվ վիրահատություններ կատարել:  Նոր լազերի հզորությունը 160 Վտ է, եւ, նշել է մասնագետը, այն հնարավորություն է տալիս անվնաս եւ արդյունավետորեն խոշոր քիչ ինվազիվ վիրահատություններ կատարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել