• Latest news

Գիտնականները Helicobacter pylori բակտերիայի նոր ռեցեպտորներ են հայտնաբերել

22 հոկտեմբերի, 2016  10:29

Helicobacter pylori բակտերիան, մարդու օրգանիզմում հայտնվելով, «հաստատվում» է ստամոքսում եւ հաճախ այնպիսի հիվանդությունների պատճառ է դառնում, ինչպիսին են գաստրիտը, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցերը: Այն նաեւ զգալիորեն մեծացնում է ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը: Թե հատկապես ինչպե՞ս է այդ բակտերիան աճում ստամոքսում, մինչ օրս մինչեւ վերջ հետազոտված չէր: Այս բացը կարողացել են լրացնել Technical University of Munich (TUM) համալսարանի հետազոտողները՝ Մարկուս Գերհարդի գլխավորությամբ, Essen University Medical Centre-ից Բերնհարդ Բ. Զինգերը եւ Բելգիայի VIB-ից Հանա Ռեմոտան:

Nature Microbiology գիտական ամսագրի հրապարակման համաձայն՝ այս գիտնականների վերջին հետազոտությունը թույլ է տվել ավելի լավ հասկանալ այդ բակտերիայի կենսունակության մեխանիզմները եւ դրա հարուցած ինֆեկցիաների կանխարգելման ու բուժման միանգամայն նոր մոտեցում մշակել:

Ներկայում աշխարհում յուրաքանչյուր երկրորդ մարդը վարակված է Helicobacter pylori-ով: Այդ ինֆեկցիան սովորաբար հակաբիոտիկներով են բուժում, սակայն խնդիրն այն է, որ հակաբիոտիկները ոչնչացնում են ոչ միայն հիվանդությունը հարուցող, այլեւ «լավ» բակտերիաները, որոնք անհրաժեշտ են մարսողության եւ ընդհանուր առողջության համար: Դրանից զատ, հակաբիոտիկների սխալ օգտագործման հետեւանքով ամբողջ աշխարհում ավելի ու ավելի լուրջ է դառնում հակաբիոտիկների հանդեպ դրանց կայունության խնդիրը:

Գիտնականները ռեցեպտորներ են հայտնաբերել, որոնք մասնակցում են բակտերիաների եւ օրգանիզմի բջիջների միջեւ միացումներին. պարզվում է՝ ստամոքսի միջավայրում իրենց կենսունակությունը պահպանելու համար բակտերիաները կպչում են ստամոքսի լորձաթաղանթի էպիթելային բջիջներին: Գիտնականները ռեցեպտորներ են հայտնաբերել էպիթելային բջիջների մակերեւույթի վրա (CEACAM - Carcinoembryonic Antigen-Related Cell Adhesion Molecules), որոնց բակտերիան կպչում է HopQ մոլեկուլի միջոցով: Գիտնականների պարզաբանմամբ՝ այս երկու մոլեկուլների միջեւ կապը ստաբոլային գոյությունն ապահովում է ստամոքսի նույնիսկ թթվային միջավայրում: Սակայն ուշագրավ է, որ առողջ ստամոքսում CEACAM ռեցեպտորներ չեն լինում. դրանք միայն այնտեղ են առկա, որտեղ Helicobacter pylori-ի հարուցած բորբոքային պրոցեսներ կան: Այսպիսով, կարելի է ենթադրել, որ այս բակտերիաները խթանում են CEACAM-ի առաջացումը եւ դրանց են միանում՝ վերջիններիս միջոցով ստամոքսի բջիջներին փոխանցելով սպիտակուցներ, որոնք իրենց հերթին մեծացնում են ստամոքսի եւ աղիների քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Չնայած այս ամենին, գիտնականները ենթադրում են, որ HopQ-ը կարելի է օգտագործել ախտորոշման եւ բուժման նպատակով: Կարելի է, օրինակ, CEACAM-ի դեմ հատուկ հակամարմիններ ստեղծել, որոնք կօգնեն պայքարել Helicobacter pylori-ի հետ կապված հիվանդությունների դեմ:

Բացառված չէ, որ հնարավոր լինի նաեւ պատվաստանյութ ստեղծել, որն ուղղված կլինի HopQ պրոտեինի դեմ եւ կպաշտպանի H. Pylori-ով վարակվելուց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է