Երկրի պոպուլյացիայի 74 տոկոսը 2100 թվականին կենթարվի մահաբեր ջերմային ալիքների ազդեցությանը, եթե մինչեւ այդ ածխաթու գազի արտանետման խնդիրը չլուծվի: Այս մասին նշված է Nature Climate Change-ում հրապարակված հետազոտության մեջ:
Հետազոտության համաձայն` եթե նույնիսկ այս արտանետումների քանակը կտրուկ կրճատվի, վտանգավոր ջերմային ալիքները, միեւնույն է, երկրաբնակների 48 տոկոսի համար լուրջ սպառնալիք կմնան:
«Մենք ապագայի համար գրեթե ոչ մի տարբերակ չունենք: Ջերմային ալիքների հարցում մեր ընտրությունը միայն վատի եւ սարսափելիի միջեւ է»,- խոստովանել է հետազոտության առաջատար հեղինակ, University of Hawaii-ի աշխարհագրագետ Քամիլիո Մորան:
Նրա խոսքով` ջերմային ալիքները մարդու կյանքին եւ առողջությանը լուրջ վտանգ են սպառնում, արդեն այսօր մարդկանցից շատերը ջերմային ալիքների զոհն են դառնում, եւ եթե ոչինչ չձեռնարկվի, իրավիճակը միայն կվատթարանա:
Հետազոտողների խոսքով` շեմ գոյություն ունի, որից այն կողմ ջերմությունը եւ խոնավությունը մարդու համար մահացու են դառնում: Նրանց տվյալներով` արդեն հիմա աշխարհի բնակչության գրեթե 30 տոկոսն ապրում է կլիմայական այնպիսի պայմաններում, որոնք առողջությանը եւ կյանքին լուրջ վտանգ են սպառնում: Եթե մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի մակարդակը չնվազի, 80 տարի հետո մարդկանց մեծամասնությունը կապրի կլիմայական այնպիսի պայմաններում, որ նրանց կյանքին կսպառնա շոգը, խոնավությունը եւ արտանետուներով թունավորված օդը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր