• Latest news

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի վրա ամպեր են կուտակվում

8 նոյեմբերի, 2018  12:58

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի վրա, կարծես, ամպեր են կուտակվում: Հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նոյեմբերի 6-ին իր հետ կապ են հաստատել մարզպետարանի առողջապահության վարչությունից եւ տեղեկացրել օպտիմալացման կառավարական ծրագրի մասին, որը կարող է առնչվել նաեւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցին: Բուժանձնակազմի համար այս նորությունը պարզ երկնքում ամպրոպի էր նման:

Չիլինգարյանը շեշտեց, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը մարզային նշանակություն ունի եւ ամեն տարի սպասարկում է մինչեւ 800-900 մարդու: Հիվանդանոցում գործում է երկու բաժանմունք՝ տուբերկուլյոզային եւ ինֆեկցիոն, աշխատակիցների ընդհանուր թիվն է 48:

Վանաձորում նախատեսվում է նոյեմբերի 10-ին նոր բժշկական կենտրոն բացել, որում կգործի ինֆեկցիոն բաժանմունք՝ ընդամենը 15 մահճակալով: Ինչպես նշվեց, այս հանգամանքը թույլ չի տա ինֆեկցիոն հիվանդների բուժսպասարկումն իրականացնել այն նույն ծավալով, ինչ ծավալով կատարում էր Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը:

Դրանից բացի, ծագում են նաեւ կարանտինային գոտու ապահովման հարցեր՝ հաշվի առնելով, որ բժշկական կենտրոնում, բնականաբար, գործելու են նաեւ այլ բաժանմունքներ: «Սա միանգամայն սխալ մոտեցում է՝ բժշկական կենտրոնի մեջ ինֆեկցիոն բաժանմունք բացելը»,- հայտարարեց տնօրենը:

Չիլինգարյանն ընդգծեց, որ ոչ ոք օպտիմալացման հարցերը չի քննարկել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմի հետ: «Մեզ ոչ մի բանի մասին չեն տեղեկացրել: Մենք սոսկ գիտենք, որ այս հարցով դեռեւս վերջնական որոշում չի կայացվել: Մեր հաջորդ քայլերը կախված կլինեն մարզպետի դիրքորոշումից»,- հավելեց նա:

Միաժամանակ, Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Հակոբյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում փոխանցեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի դիրքորոշումը. Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի փակման մասին խոսք լինել չի կարող: Քննարկվում է հիվանդանոցի գործունեությունը Վանաձորի բժշկական նորակառույց կենտրոնում կազմակերպելու տարբերակը: Մտահոգություն կա, որ բժշկական կենտրոնի որոշ պայմաններ այս պահին չեն համապատասխանում ինֆեկցիոն հիվանդանոցի գործունեության համար անհրաժեշտ չափորոշիչներին:

Ինֆեկցիոն հիվանդանոցում առկա է առանձին կոյուղագիծ և քլորակայան: Այս և նմանատիպ մյուս բացերը լրացնելու դեպքում միայն կիրականացվի տեղափոխման գործընթացը: Չեն քննարկվում նաև աշխատակիցների կրճատման տարբերակներ: Ցանկության դեպքում Լոռու մարզպետը պատրաստակամություն է հայտնել անձամբ հանդիպելու կոլեկտիվի հետ և պատասխանելու նրանց մտահոգող հարցերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել