• Latest news

Կույրերի համար թրթռուն հագուստ է ստեղծվել

16 հունիսի, 2014  14:28

Գիտնականները բարձր տեխնոլոգիական հագուստ են ստեղծել, որի օգնությամբ կարելի է տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց տեղաշարժը ապահովել: Նյու-Յորքում գործող Tactile Navigation Tools ընկերությունը տվիչներով զինված շարժական սարք է մշակել, որը կարող է խոչընդոտներ հայտնաբերել եւ թրթռման միջոցով տեղյակ պահել օգտատիրոջն այդ մասին, հաղորդում է Fox News-ը:

Eyeronman անունը ստացած սարքը կարող է ոչ միայն կույրերի, այլ նաեւ` հրշեջների, զինվորների եւ այլ մասնագետների համար օգտակար լինել:

Պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած մարդիկ, վերջույթների կորստի դեպքում, կառավարությունից թանկարժեք պրոթեզներ են ստանում, մինչ կուրացած վետերանները ստիպված են միայն ձեռնափայտով բավարարվել, հիշեցրել է ընկերության հիմնադիր եւ գլխավոր բժշկական խորհրդատու, Նյու-Յորքի համալսարանի «Լանգոն» բժշկական կենտրոնի վերականգնողական բժիշկ, դոկտոր Ջեյ Ռիցցոն:

15 տարեկանում նրա մոտ խորիոդերեմիա է ախտորոշվել: Դա հազվադեպ պատահող` ցանցաթաղանթի դեգեներատիվ հիվանդություն է, որի արդյունքում տեսողության աննահանջ կորուստ է գրանցվում. հիմա Ռիցցոն գրեթե ոչինչ չի տեսնում: Բժիշկը համոզված է, որ կույր մարդիկ պետք է առավել զարգացած սենսորային պրոթեզներ կրելու հնարավորություն ունենան:

Eyeronman-ը բազմաթիվ սարքերով «հարստացված» շապիկ է` տվիչներ, ինքնագնաց ավտոմեքենաների համար կիրառվող լազերի հիմքով ստեղծված համակարգի` «լիդարի» ճառագայթիչներ, էխոլոկացիայի նպատակով չղջիկների եւ այլ կենդանիների կողմից կիրառվող ուլտրաձային թողարկիչներ եւ որսի հայտնաբերման համար բոժոժավոր օձերի կողմից կիրառվող էլեկտրամագնիսային ճառագայթման տեսակներից մեկը թողարկող համակարգեր:

Համակարգը հիշյալ տվիչներից ստացված ազդանշանը էլեկտրականապես ակտիվ պոլիմերներից պատրաստված հագուստի վիբրացիա է առաջացնում: Օրինակ` եթե խոչընդոտը օգտատիրոջ շապիկից ձախ` ներքեւի մասում է գտնվում, ապա կույր մարդը հենց այդ կողմում էլ վիբրացիա կզգա:

Eyeronman պատենտավորված համակարգը կարող են նաեւ զինվորները կիրառել` մարտական գործողությունների ժամանակ, կամ էլ` ոստիկաններն ու հրշեջները` սահմանափակ տեսադաշտի պարագայում (գիշեր, հրդեհի ու պայթյունի ծուխ):

Նմանատիպ սարքեր մինչ այժմ էլ մշակվել են, սակայն սա առաջին դեպքն է, երբ պլատֆորմն ի վիճակի է հայտնաբերված օբյեկտների մասին տեղեկատվությունը մարմնին հաղորդել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել