• Latest news

Վիճակագրություն՝ վերջին ավիավթարներից հետո ինքնաթիռից խուսափողների համար

25 հուլիսի, 2014  20:52

Վերջին օրերին տեղի ունեցած մի շարք ավիավթարներ, մասնավորապես, Մալայզիական ավիաուղիներին պատկանող օդանավի հետ կապված պատահարը մտահոգության ալիք է բարձրացրել այն մարդկանց շրջանում, որոնք պարբերաբեր ինքնաթիռ են նստում՝ այս կամ այն վայր մեկնելու համար: Հիշատակված դեպքին ՏրանսԱսիա ընկերությանը պատկանող ինքնաթիռի՝ Թայվանի ափերի մոտ տեղի ունեցած պատահարը հաջորդեց, հիմա էլ Ալժիրում գրանցված ավիաընկերություններից մեկի օդանավն է Հյուսիսային Աֆրիկայում վթարի ենթարկվել: Սակայն, վիճակագրական տվյալների համաձայն, տեղի ունեցած վթարները մտահոգություն առաջացնելու հիմք բոլորովին չունեն, հաղորդում է The Guardian-ը:

Մի խոսքով՝ միջին վիճակագրական մարդուն ավիավթարի արդյունքում մահ գրեթե չի սպառնում, քանի որ օդային տրանսպորտն իրականում տեղաշարժի ամենաանվտանգ միջոցներից մեկն է: 2013թ. իրականացված միլիոնավոր ավիաթռիչքներից միայն 90-ի դեպքում են պատահարներ գրանցվել, որոնցից 9 միայն՝ մահվան ելքով: Նշված ժամանակահատվածում ավիավթարներից ընդամենը 173 մարդ է մահացել:

Հիմա կասեք՝ բա ինչպե՞ս եղավ, որ նախավերջին երկու ավիավթարների զոհերի հանրագումարն արդեն իսկ 350 է կազմում: Եւ դա ընդամենը մի քանի օրերի ընթացքում: Այստեղ վիճակագրության կանոնների քննարկումից առավել կարեւոր է այն հանգամանքը, որ, միեւնույն է, չպետք է փորձենք երեւույթի ընդհանուր ենթատեքստը բաց թողնել՝ առ այն, որ եթե անգամ 2013թ.-ին իրականացված թռիչքների քանակը վերցնելու լինենք, 32 միլիոնի դիմաց 9 թե 12 ավիավթարներն անչափ փոքր չափաբաժին են կազմում: Ստացվում է՝ 300 հազար թռիչքներից միայն մեկը կարող է ուղեւորների համար մահացու ելքով ավարտվել:

Իրականում, հենց ինքնաթիռի նկատմամբ վախը կարող է սպանել: 2001թ. սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո ամերիկացիներից շատերը նախընտրում էին ինքնաթիռով այս կամ այն վայր մեկնելու փոխարեն ավտոմեքենայի օգնությանը դիմել, ինչի արդյունքում ավիաթռիչքների քանակի 12 տոկոսի չափով նվազում էր նկատվել: Փոխարենը մայրուղիների ծանրաբեռնվածության աստիճանն էր 20 տոկոսով աճել: Ճիշտ է՝ որոշ ժամանակ անց ամերիկացիները կրկին սկսեցին օդային տրանսպորտի օգնությանը դիմել, բայց նրանցից շատերը մինչ այդ հասցրել էին ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ դառնալ, քանի որ երկար հեռավորությունները ավտոմեքենավարների համար անհամեմատ առավել վտանգավոր են:

Ընդ որում, ամենամեծ վտանգին մոտոցիկլետավարներն են ենթարկվում: Վիճակագրական տվյալների համաձայն, տրանսպորտի այդ միջոցը «սարսափազդու» ինքնաթիռից շուրջ 3 հազար անգամ մահաբեր է (նույնիսկ եթե մոռանանք, թե որքան փոքր տարածություն կարելի է մոտոցիկլետով անցնել՝ ինքնաթիռի հետ համեմատությամբ): Ավտոմեքենայի պարագայում էլ վտանգի աստիճանը անհամեմատ՝ մոտ 100 անգամ մեծ է, իսկ ահա գնացքը վտանգավորության աստիճանով ընդամենը երկու անգամ է ինքնաթիռին գերազանցում:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում գրանցված մահվան դեպքերի առավելագույնը երկու տոկոսն են տրանսպորտի այս կամ այն միջոցին առնչվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է