• Latest news

Տղամարդու սիրտը վիրահատել են չբուժված ատամների պատճառով

25 հոկտեմբերի, 2023  14:04

Ռուսաստանի Կիրովի մարզի սրտաբանության եւ նյարդաբանության կենտրոն է դիմել 40-ամյա մի տղամարդ։ Նա մրսած է եղել եւ ունեցել է ոչ բարձր ջերմություն՝ 37,3 С, արագ ապաքինվել է, բայց նկատել է, որ աննշան ծանրաբեռնվածությունից շնչարգելություն է ունենում։ Նա դիմել է թերապեւտի, ուղարկվել ԷԽՕ-կարդիոսկոպիայի, որը հայտնաբերել է աորտալ փականի ծանր անբավարարություն եւ ձախ փորոքի միոկարդ, տեղեկացրել է մարզի առողջապահության նախարարությունը։

Կենտրոնի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Իսակովի խոսքով՝  այդ փոփոխությունները բնորոշ չեն երիտասարդ տղամարդուն։

Պացիենտը հոսպիտալացվել է վարակիչ էնդոկարդիտի կասկածանքով։ Դա սրտի փականային ապարատի բորբոքային հիվանդություն է։ Արյան ուսումնասիրությունը պարզել է բորբոքային մարկերների բարձրացում։ Հետագա ախտորոշման ընթացքում պարզվել է բավական անսպասելի պատճառ։ Պացիենտը երկար տարիներ ուշադրություն չի դարձրել ատամների առողջությանը, չի դիմել ատամնաբույժի, ինչն էլ հանգեցրել է սրտի ախտահարման։

Կիրովի ատամնաբուժական կենտրոնի գլխավոր բժիշկ Իրինա Խալյավինան ասել է, որ բերանի խոռոչում մեծ քանակությամբ փչացած ատամներ ունենալը, քարերի, փառի առկայությունը, մաշված, վատ նստող ատամների շապիկները վնաս են հասցնում օրգանիզմի առողջությանը։

Հատկապես վտանգավոր են քրոնիկական՝ պարոդոնտի հիվանդությունները։ Դա ազդում է բոլոր օրգան-համակարգերի վրա։ Բայց ամենաանբարենպաստ ազդեցությունը բերանի խոռոչի պաթոգենները թողնում են սիրտ-անոթային համակարգի վրա։

Իրինա Խալյավինայի խոսքով՝ բերանի խոռոչի ֆլորան պայմանականորեն պաթոգեն է։ Երբ մարդն առողջ է, ստրեպտոկոկերի, ստաֆիլոկոկերի, սնկերի առկայությունը վտանգ չի ներկայացնում, որովհետե լորձաթաղանթը լավ պատնեշ է հանդիսանում։ Հակառակ դեպքում բակտերիաներն առաջ են բերում պարոդոնտի բորբոքումներ, ինչը վնասում է լնդերը եւ ատամների էմալը, այսինքն՝ պատնեշը վերանում է։

Բակտերիաները թափանցում են օրգանզիմի տարբեր օրգաններ եւ առաջին հերթին արյունատար համակարգ։ Հիմնական թիրախը միոկարդն է, այսինքն՝ սիրտը, երկրորդը՝ երիկամները։

Ատամները կարելի է բուժել, ինչն արել է պացիենտը, վերացրել բոլոր խնդիրները, բայց  սրտի փոփոխություններն անդառնալի են, եւ պացիենտը վիրահատության կարիք է ունեցել։ Իրականացվել է սրտի բաց վիրահատություն՝ աորտալ փականի պրոթեզավորում։ Վիրահատությունը հաջող է անցել, պացիենտը լավ վիճակում դուրս է գրվել։

Հիշեցնենք ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին. խորհուրդ է տրվում պրոֆիլակտիկ զննվել ատամնաբույժի մետ տարեկան երկու անգամ, որպեսզի անհրաժեշտության դեպքում իրականացվի բուժում պլանային կարգով, ինչը թույլ կտա խուսափել սուր վիճակներից, որոնք կուղեկցվեն ատամնացավով։ Սոմատիկ խնդիրների լուծման երկրորդ կարեւոր գործոնը բերանի խոռոչի հիգիենիկ խնամքի կարգավորումն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է