• Latest news

Աշխարհում այդքան պահանջված շնչառական թերապիան սկսում է տարածվել Հայաստանում

10 ապրիլի, 2024  16:10

Շնչառական թերապիան, որ աշխարհում մեծ պահանջարկ ունի, առողջության վերականգնման ու պահպանման պրակտիկա է, սկսել է հետաքրքրություն առաջացնել նաև Հայաստանում: 

Շնչառական թերապիա. ի՞նչ է դա եւ ո՞ր խնդիրները հաղթահարելու գործում կարող է օգնել 

Շնչառությունը միայն ֆիզիկական ակտ չէ. շնչառության հետ կապված պրակտիկաները վաղուց օգտագործվել են տարբեր մշակույթներում և ավանդույթներում գիտակցության ավելի խոր վիճակներին հասանելիություն ունենալու և որոշ հիվանդություններ բուժելու և հոգևոր զարգացման համար: Այսօր այդ պրակտիկաներից շատերն արդեն լիովին գիտական ​​հիմք ունեն և օգտագործվում են մասնագետների կողմից մի շարք սոմատիկ և հոգեբանական խնդիրների լուծման համար:

Շնչառական թերապիաները, ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց այսպիսի թերապիայի որակավորված միջազգային մասնագետ Քրիստինե Կիրակոսյանը, օգտագործում են գիտակցության տարբեր հարթությունների և փոփոխված վիճակների հասնելու համար, որոնց շնորհիվ կարելի է հաղթահարել անցյալի որոշ տրավմաներ և խնդիրներ, բարելավել մարմնի առողջությունը, ազատել վախերից ու կախվածություններից։

«Ի՞նչ ենք մենք անում, երբ գալիս ենք այս աշխարհ: Առաջին բանը, որ անում է նորածինը՝ շնչելն է: Եվ երբ դադարում ենք շնչել, հեռանում ենք այս աշխարհից։ Ամբողջ կյանքը տեղի է ունենում շնչի և արտաշնչի միջև: Չկա ոչինչ ավելի կարևոր ու զորավոր, քան մեր շունչն ու արտաշունը: Մենք օգտագործում ենք մեր շնչառության ուժը, մարմնի բուժիչ համակարգը ակտիվացնելու համար, որն էլ իր հերթին մեզ հնարավորություն է տալիս ազատվելու այն ամենից, ինչը մեզ հարկավոր չէ, որպեսզի կարողանանք լիարժեք կյանքով ապրել»,- ասաց նա:

Ով է Քրիստինե Կիրակոսյանը

Քրիստինե Կիրակոսյանը շնչառական թերապիաների հավաստագրված ուսուցիչ է, Ռեիկիի էներգետիկ բուժման վարպետ և յոգայի և մեդիտացիայի հավաստագրված ուսուցիչ, ով իր աշխատանքում միախառնում է հնագույն պրակտիկաները ժամանակակից գիտելիքների հետ: Նա ձեռնամուխ եղավ ինքնաբացահայտման հոգևոր ճանապարհորդության 2015 թվականին՝ ավարտելով իր ասպիրանտուրան Եվրոպայում, թողեց իր կորպորատիվ և ակադեմիական աշխարհը՝ ճանապարհորդելու աշխարհով մեկ՝ զբաղվելու մեդիտացիայով, յոգայով, շամանիզմով, էներգետիկ և տարբեր հոգևոր պրակտիկաներով:

Քրիստինեի մեդիտացիայի ուղին նրան տարավ դեպի բուդդայական տաճար, որտեղ նա ընկղմվեց խորը ուսմունքների մեջ: Նրա հոգևոր աճի համար շատ կարևոր ուղիներից մեկը Վատ Պաա Սանգ Թամ տաճարն էր (Թաիլանդ), որտեղ նա հաճախ այցելում ու ապրում է խորացնելու մեդիտացիայի իր պրակտիկան (Վիպասանա, Անապանասատի):

Ինքնաճանաչման ու ինքնբացահայտման ուղին իրեն նաև շամանական ճանապարհի վրա է բերել: Քրիստինեն մասնակցել է շամանական բազմաթիվ ծիսակատարությունների Կենտրոնական Ամերիկայի շատ հարգված շամանների հետ: Նա նաև ճամփորդել է Պերու, որտեղ պատիվ է ունեցել հանդիպելու ու աշխատանք կատարելու Մահուա ընտանիքի կուրանդերո շաման Պապա Ջիլբերտոյի հետ, ով ավելի քան 60 տարի մարդկանց բուժում է շամանական ծիսակատարություններով:

Քրիստինեն նաև ճամփորդել է աշխարհի շատ երկրներով ու աշխարհամասերով ու ապրել տարբեր հատվածներում` Եվրոպայում, Արևելքում և Կենտրոնական Ամերիկայում: Բոլոր ճամփորդությունները միայնակ է անցել, որը հնարավորություններ է ընձեռել ինքնաբացահայտման, անձնական աճի և ներդաշնակության համար:

Kristine Kirakosyan 2.jpg (96 KB)

Քրիստինեն շնչառական թերապիաներով զբաղվում է 2015-թվականից: Հոլոտրոպիկ և Rebirthing շնչառական թերապիաներ սովորել է իտալացի մաստեր Պրեմ Լուկայի մոտ, ով հանդիսանում է շնչառական թերապիաների նախահայրեր Ստանիսլավ Գրոֆի և Լեոնարդ Օրրի սանը, ինչպես նաև հնդիկ միստիկ և հոգևոր ուսուցիչ Օշոյի Սանյասինը: Այս պահին իտալացի մաստերի հետ անց են կացնում շատ դասընթացներ:

Քրիստինե Կիրակոսյանի փորձառությունը

Քրիստինեն նաև ուսումնասիրել ու դասընթացներ է անցել տրավմաների և տրավմաներով մարդկանց հետ աշխատանքի համար: Թաիլանդում ապրելու և հոգևոր դպրոցներից մեկում աշխատելու ժամանակ հնարավորություն է ունեցել հանդիպելու շատ տարբեր միջազգային մաստերների ու զբաղվելու տարբեր հոգևոր պրակտիկաներով ինչպիսիք են Թայ Չին, Չի Գոնգը, Ակտիվ մեդիտացիաները, Պարային թերապիան, արտ թերապիան, Self-inquiry-ն, Տանտրան, Mindfulness-ը և այլն: Նա նաև ուսումնասիրել ու զբաղվել է ծոմապահությամբ ու հումակերությամբ:

Kristine Kirakosyan 4.jpg (162 KB)

Քրիստինե Կիրակոսյանը այս պահին համագործակցում է աշխարհի տարբեր ուսուցիչների, դպրոցների ու կենտորնների հետ, ճամփորդելով ու դասավանդելով աշխարհի տարբեր երկրներում ինչպիսիք են «Սամմա Կարունա» Միջազգային դպրոցը Թաիլանդում և Հունաստանում, «Նալանդա» կենտրոնը Հնդկաստանում, «Լա Խոյա» առողջության կենտրոնը Իսպանիայում, «Բեդվին Յոգա Քամփը» Հորդանանում և այլն:

Վերջերս Քրիստինեն ստացավ «Տիեզերական տեսլական Էներգիայի փոխանցում» գրոսմայստեր Մանտակ Չիայից, որն աշխարհի լավագույն Դաոս վարպետներից է և 18-րդն է The Watkins Review-ում 100 հոգևորապես ամենաազդեցիկ մարդկանցից:

Քրիստինեն նաև անց է կացնում հոգևոր ճամփորդություններ աշխարհի տարբեր երկրներում, որի ընթացքում մարդիկ հնարավորություն են ունենում ճանաչելու տվյալ երկիրը, մշակույթը, մասնակցելու տարբեր ծիսակատարությունների ինչպես նաև ողջ ճամփորդության ընթացքում զբաղվելու մեդիտացիաներով, յոգայով ու շնչառական թերապիաներով:

Ի՞նչ օգուտ կարող են տալ շնչառական բուժումները

Քրիստինե Կիրակոսյանն զբաղվում և անցկացնում է շնչառական տարբեր թերապիաներ, այդ թվում՝ այսպես կոչված հոլոտրոպային և Rebirthing (Վերածնունդ) շնչառական թերապիաները, որոնք ժամանակակից բոլոր շնչառական թերապիաների նախահայրերն են համարվում և վերջին տարիներին մեծ տարածում են գտել ամբողջ աշխարհում։

Kristine Kirakosyan 5.JPG (84 KB)

Հոլոտրոպիկ շնչառական թերապիան 1970-ականներին մշակեց չեխական արմատներով ամերիկացի հոգեբան Ստանիսլավ Գրոֆը իր կնոջ Քրիստինայի հետ, որը մարդուն հնարավորություն է տալիս հասնել գիտակցության փոփոխված վիճակների և ավելի լավ հասկանալ ինքն իրեն: Ենթադրվում է, որ այս շնչառական պրակտիկան ունի բուժիչ ազդեցություն և օգնում է մարդուն ազատվել վախերից, ֆոբիաներից, նույնիսկ կախվածություններից, ինչպես նաև հաղթահարել տրավմաները և այլ խնդիրներ, որոնք վատացնում են նրա կյանքի որակը:

«Ինչո՞ւ ենք ցանկանում անջատել մեր գիտակցությունը և մտնել մի դաշտ, որը կարելի է անվանել ենթագիտակցություն և գերգիտակցություն: Որովհետև մեր կյանքում կան խնդիրներ, որոնց հետ մենք չենք կարողանում աշխատել գիտակցական մակարդակում,- պարզաբանեց մասնագետը:- Օրինակ՝ երբ դուք 2-3 տարեկան էիք, ձեր ծնողները վիճել են, և դուք վախեցել եք։ Դուք այլևս չեք հիշում դա, սակայն ինչ-որ տեղ ենթագիտակցության մեջ մնացել է մի բան, որը դժվարացնում է ձեր կյանքը, հատկապես, եթե դուք հնարավորություն չեք ունեցել ինչ-որ կերպ արտահայտելու այդ մտահոգություններն ու հույզերը: Հաճախ մենք գիտակցում ենք, որ խնդիրներ ունենք, բայց գիտակցական մակարդակով չենք կարողանում դրանք լուծել։ Հետևաբար, կան հոգևոր պրակտիկաներ, որոնք թույլ են տալիս մեզ մտնել գիտակցության այս անսովոր վիճակ և «մաքրել այն ամենը, ինչ մեզ պետք չէ»»: 

Կիրակոսյանի խոսքով՝ անցյալում տեղի ունեցած տրավմատիկ իրադարձությունները հետք են թողնում մարդու վրա։ Շնչառական պրակտիկան մարդուն հնարավորություն է տալիս արտահայտել տարիներ շարունակ ճնշված հույզերը, ազատվել ներսում կուտակված բացասական էներգիայից, որը դժվարացնում է նրա կյանքը։

«Պատկերացրեք, որ մենք քայլում ենք՝ մեր ուսերին մի պարկ քար կրելով։ Սա այն էմոցիոնալ բեռն է, որը մենք հավաքել ենք մեր ողջ կյանքի ընթացքում։ Մենք դա չենք գիտակցում, բայց դա չի նշանակում, որ այն չկա։ Շնչառական թերապիաները մեզ կարող են օգնել ազատվելու այդ քարերից և ապրելու ավելի հեշտ ու հագեցած կյանքով»,- նշեց նա:  

Ավելորդ «բեռից» ազատվելը բոլորի մոտ տարբեր կերպ է լինում. ինչ-որ մեկը կարող է սկսել ծիծաղել շնչառական թերապիայի սեանսի ժամանակ, ինչ-որ մեկը կարող է սկսել լաց լինել:

Kristine Kirakosyan 7.JPG (112 KB)

«Բուժառուին դեղեր նշանակող բժիշկը ամենևին էլ պարտավոր չէ բոլոր այդ դեղերը փորձել իր վրա, որպեսզի իմանա, թե ինչպես պետք է դրանք նշանակել: Սակայն շնչառական թերապիա անցկացնող մասնագետը պետք է ինքը բազմաթիվ անգամներ անցնի դրա միջով, նախքան կսկսի աշխատել այլ մարդկանց հետ: Պրակտիկայի ընթացքում մենք կարող ենք բախվել ուժեղ կաթարտիկ իրավիճակների, մարդկանց մոտ զգացմունքների շատ տարբեր արտահայտումների, և մենք պետք է իմանանք, թե ինչ է դա, ինչպես արձագանքել և ինչ անել»,- բացատրեց մասնագետը: 

Շնչառական թերապիաները բարելավում են մարդու հոգեկան, հուզական կամ ֆիզիկական վիճակը: Ինչպե նաև բարձրացնում են իմունային համակարգը, օգնում դեպրեսիայի, տրավմայի և հետտրավմատիկ սթրեսային խանգարման ժամանակ, հավասարակշռում նյարդային համակարգը, բարձրացնում են ինքնագնահատականը և ինքնավստահությունը, օգնում են հաղթահարել կախվածությունները, հավասարկշռում են նյարդային համակարգը և բալանսավորում են մարմինը, միտքն ու հույզերը:

««Շունչը դեղամիջոց է՝ առանց որևէ դեղամիջոց օգտագործելու»։ Այս խոսքերը միշտ ասում եմ իմ բոլոր աշակերտներին ու ավելացնում, որ «ինքներդ բուժելու ուժը ձեր ներսում է: Ձեր ուժը ոչ մեկին մի՛ տվեք: Վերագտե՛ք ձեր ուժը և կարող եք վերաշարադրել ձեր պատմությունը: Ու շնչառական թերապիաներն այդ ուժը վերագտնելու հնարավոր ճանապարհներից մեկն են: Պարզապես վստահե՛ք ձեր շնչին, քանի որ շունչը կյանքի ուժի էներգիան է ու ունի բարձրագույն գիտակցություն»»,- նշեց Քրիստինեն:

Kristine Kirakosyan 6.jpg (116 KB)

Ո՞ւմ են հակացուցված շնչառական վարժությունները

Չնայած մարդկանց մեծամասնության համար շնչառական թերապիայի առավելություններին, դրանք ոչ բոլորին են ցուցված. որոշ խնդիրների և հիվանդությունների դեպքում, ինչպես նշեց մասնագետը, խորհուրդ չի տրվում նման թերապիաներով զբաղվել, իսկ որոշների դեպքում պետք է զգույշ լինել։

«Շնչառական թերապիայի հիմնական հակացուցումներն են էպիլեպսիան, շիզոֆրենիան և երկբևեռ աֆեկտիվ խանգարումը: Եթե ​​մարդը վերջերս վիրահատվել է և պետք է սահմանափակի շարժումները, դա նույնպես կարող է ժամանակավոր հակացուցում լինել: Բացի այդ՝ եթե մարդը սրտի հետ կապված խնդիրներ ունի կամ հուզական մեծ տրավմա է ունեցել, պետք է անպայման իմանանք այս մասին, որպեսզի հասկանանք, թե որ պրակտիկաներն են ընդունելի նրա համար, որոնք՝ ոչ։ Հղիների հետ նույնպես տարբեր կերպ ենք աշխատում, ուստի հղի կինը պետք է անպայման տեղեկացնի իր վիճակի մասին»,-​​նշեց Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ նախքան շնչառական թերապիան սկսելը, մարդկանց հետ զրուցում կամ մարդիկ հատուկ հարցաթերթիկ են լրացնում, որտեղ պետք է անկեղծորեն տեղեկացնեն իրենց առողջական վիճակի մասին, թե ինչ դեղեր են ընդունում, որպեսզի մասնագետը, որը պետք է աշխատի նրանց հետ, կարողանա ճիշտ որոշումներ կայացնել, թե ինչ կարելի է անել և ինչն է անցանկալի։

«Եթե ես ինչ-որ բան չեմ հասկանում մարդու ախտորոշման կամ նրա ընդունած դեղերի մասին, ես միշտ խորհրդակցում եմ բժշկի հետ: Ի վերջո, նպատակը մարդու առողջությունը պահպանելն ու առանց վնասելու այն բարելավելն է»,- նշեց նա։

Kristine Kirakosyan 1.jpg (103 KB)

Շնչառական թերապիաները Հայաստանում 

Հայաստանում շնչառական թերապիայի կուրսեր վարել Քրիստինե Կիրակոսյանն սկսել է շուրջ երեք տարի առաջ, իսկ անցյալ տարվանից ապագա մասնագետների համար վերապատրաստումներ և ռեթրիթներ է անցկացնում։ Այս տարի նա նախատեսում է Հայաստանում արդեն երկրորդ անգամ մասնագետների վերապատրաստում անցկացնել։

«Կարծում եմ, որ այս բուժումներն ավելի քան արդիական են Հայաստանում և ոչ միայն ներկա իրավիճակի այլ նաև դարերից մեզ հասած դժվարություններից, օրինակ` Հայոց ցեղասպանության պատճառով մենք բոլորս ծնվում ենք կրելով տրավմա, որը փոխանցվում է սերնդեսերունդ, իսկ կյանքում դրան գումարվում են այլ տրավմաներ: Եթե ​​Հայաստանում լինեն շնչառական լավ թերապևտներ, դա կարող է շատ օգուտներ բերել մեր ժողովրդին»,- ասաց նա:

Բացի դրանից՝ նրա խոսքով, երկրում այս ոլորտի զարգացումը կօգնի զբոսաշրջիկների գրավել արտերկրից, որոնք կարող են մասնակցել ռեթրիթներին, ապագա մասնագետների որակավորման դասընթացներին և այլ միջոցառումների, և դա նույնպես օգուտ կբերի երկրին: Ավելին, շատ շուտով անցկացվելիք մասնագետների վերապատրաստման դասընթացի մասնակիցների մոտ 60-70%-ն այլ երկրներից են, և նրանք Հայաստան են գալու հատուկ այս դասընթացին մասնակցելու համար։

Breathwork facilitator training.jpg (87 KB)

Քրիստինե Կիրակոսյանը Հայաստանում մայիսի 24-26-ը կանցկացնի «Ինտենսիվ շնչառական թերապիաներ» ռեթրիթ: Հունիսի 1-8-ը այլ մասնագետների ու բժիշկների հետ կանցկացնի «Շնչառական թերապիաների ինտենսիվ ռեթրիթ», որը նաև շնչառական թերապիաների ուսուցիչների վերապատրաստամն դասընթացների առաջին մոդուլն է՝ նվիրված ինքնաճանաչմանը և ինքնաբուժմանը։ Իսկ հունիսի 10-21-ը կանցկացնի վերապատրաստում այն ​​մասնագետների համար, որոնք պատրաստվում են աշխատել մարդկանց հետ և նրանց համար շնչառական թերապիա անցկացնել։ Իսկ առաջիկա հոգևոր ճամփորդություններից մեկը կլինի 15-օրյա հոգևոր ճամփորդություն դեպի Նեպալ հոկտեմբերին, որի ընթացքում մարդիկ հնարավորություն կունենան մասնակցելու տիբեթյան բուդդիստական և հինդու ծիսակատարությունների, արշավելու Աննապուրնայով (Հիմալայներ) և այլ հիշարժան վայրերով: 

Քրիստինե Կիրակոսյանի աշխատանքին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ կայքերում https://atmabreath.com/  կամ https://kristinekirakosyan.com/ կամ իր ինստագրամյան էջում https://www.instagram.com/kirkristin/։

Kristine Kirakosyan 3.jpg (118 KB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է