• Latest news

Բարդ վիրահատություն «Բեսթ Լայֆ» կլինիկայում՝ պացիենտին միաժամանակ տեղադրել են մի քանի ստենտ ու էնդոգրաֆթ

25 ապրիլի, 2024  09:13

«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում կատարվել է բարդ վիրահատություն նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ սրտից ելնող մայր զարկերակի (աորտայի) անևրիզմաները շտկվել են էնդոգրաֆթների կիրառմամբ։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում  պատմեց «Բեսթ Լայֆ» ԲԿ Անոթային բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Ռաֆայել Մանվելյանը, նմանատիպ վիրահատություններ Հայաստանում քիչ, բայց կատարվում են։ Իրենց կատարած վիրահատությունը բացառիկ է նրանով, որ 70 տարեկան պացիենտն ուներ մի քանի անևրիզմաներ, և ուղեկցող մի շարք հիվանդություններ։  Կես տարի առաջ տղամարդը ստենտավորվել էր «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում, և դեռ այն ժամանակ նրա մոտ ախտորոշել էին որովայնային աորտայի անևրիզմա։ Տղամարդուն խորհուրդ էին տվել կես տարի անց կրկին հետազոտվել։ Նոր հետազոտությունը ցույց էր տվել, որ այդ անևրիզման ավելի է մեծացել, ինչպես նաև առաջացել է նորը՝ կրծքային հատվածում։ 

«Սա բացառիկ բարդ դեպք էր. մեր հիվանդն ուներ անևրիզմաների շատ տարածուն տարբերակ՝ և՛ կրծքային, և՛ որովայնային,  վնասված էր նաև երիկամային զարկերակը։  Բացի այդ տղամարդը նաև հեմոդիալիզ է ստանում։ Տարածվածությունը շատ մեծ էր, բացի այդ փակ էին նաև զստային զարկերակները,  և կարող էր զարգանալ ստորին վերջույթների փտախտ», – ասաց բժիշկը։

Վիրահատության ընթացքում  նախ կատարվել է զստային զարկերակի ստենտավորում, որից հետո բժիշկները կարողացել  են մուտք գործել գլխավոր զարկերակ, որովայնային և կրծքային հատվածներում տեղադրվել են երկու երկար էնդոգրաֆթներ, ինչից հետո ստենտավորվել է երիկամային զարկերակը։ Վիրահատությունը կատարել են պրոֆեսոր Մանվելյանը և անոթային վիրաբույժ Արեն Եսայանը, եվրոպացի մասնագետի մասնակցությամբ։

viber_image_2024-04-22_18-16-27-448 blur.jpg (662 KB)

Վիրահատությունն իրականացվել է առանց կտրվածքի, ներանոթային եղանակով, ռենտգեն հսկողությամբ։ Նման վիրահատություններն իրականացվում են առանց նարկոզի, տեղային անզգայացմամբ, մուտքն իրականացվում է ազդրային զարկերակի պունկցիայի միջոցով։ Այդ զարկերակի մեջ ներմուծում են հատուկ կաթետեր, որից հետո այն ռենտգեն հսկողությամբ անցկացվում է մինչև պահանջվող անոթը և տեղադրվում է ստենտ կամ էնդոգրաֆթ։

viber_image_2024-04-22_18-16-28-291.jpg (250 KB)

Էնդոգրաֆթը մետաղական կարկասով անոթանման ճկուն խողովակ է, որը տեղադրվում է անոթի լայնացած հատվածի լուսանցքում։  Արյունը սկսում է հոսել այդ խողովակով, այլևս չի ճնշում անոթի լայնացած պատերի վրա, ինչով կանխվում է դրանց պատռվելու ռիսկը։ 

viber_image_2024-04-22_18-16-18-276.jpg (207 KB)

1-1.jpg (1.33 MB)

Ինչպես նշեց Ռաֆայել Մանվելյանը, ավելի հաճախ անևրիզմաների վիրահատություններն իրականացվում են բաց եղանակով։ Անևրիզման՝ անոթի լայնացումը, շատ վտանգավոր հիվանդություն է՝ դրա պատռումը կարող է հանգեցնել մահվան։ Այդ ռիսկը էլ ավելի մեծ է բաց վիրահատության ժամանակ, հատկապես ուղեկցող հիվանդություններ ունեցող պացիենտների համար։ 

Ըստ բժշկի՝ տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը, բժիշկների, գիտնականների և ֆարմինդուստրիայի սերտ համագործակցությունը հանգեցրեցին վիրաբուժության նոր՝  ներանոթային մեթոդների զարգացմանը, և դրա շնորհիվ անևրիզմաների շտկումը դարձավ ավելի քիչ տրավմատիկ, և քիչ ռիսկային։

Անոթային վիրաբուժության եվրոպական ընկերակցության (ESVS https://esvs.org/) Խորհուրդն տեղեկացվել է այս կլինիկական դեպքի մասին, և ընկերակցությունում գրանցել են, որ այս կենտրոնում և Հայաստանում արդեն իրականացվում են նման բարդության վիրահատություններ։

«Արդեն Հայաստանը ստացել է շնորհավորանք, բայց ավելի կարևորն այն է, որ մենք իրենց մոտ գրանցվել ենք որպես կենտրոն և երկիր, որտեղ դա հնարավոր է կատարել, և դա կբերի նրան, որ էնդոգրաֆթ արտադրող ընկերությունները ավելի հետաքրքրված կլինեն աշխատելու Հայաստանի հետ։ Եվ դա կբերի գնիջեցման», – ասաց նա։

Բանն այն է, որ անևրիզմաների բուժման համար օգտագործվող բժշկական պարագաները շատ թանկ են, ու ոչ բոլոր պացիենտները Հայաստանում կարող են վճարել նման վիրահատության համար։ Անգամ եթե վիրահատությունը կատարվում է պետպատվերով, ինչպես այս դեպքում, պետպատվերը չի ծածկում էնդոգրաֆթի արժեքը, պացիենտը դրա համար վճարում է իր գրպանից։ Բժշկի պարզաբանմամբ, ստացվում է, որ պետությունը որոշ չափով սուբսիդավորում է այս վիրահատությունը, բայց չի ծածկում ամբողջ արժեքը։

Ըստ բժշկի, այս խնդիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Ինչքան շատ կատարվեն նմանատիպ վիրահատություններ, այդքան ավելի շատ բժշկական պարագաներ արտադրող ընկերություններ կմտնեն հայկական շուկա, և մրցակցությունը կհանգեցնի այդ պարագաների գնի նվազմանը։ Իսկ եթե պետությունը հատուկ ծրագիր մշակի, ինչպես սրտի անոթների ստենտավորման դեպքում, ապա էնդոգրաֆթներն էլ ավելի մատչելի կդառնան։  Առավել ևս, որ անեվրիզմայով պացիենտների թիվը շատ մեծ չէ, բայց այն մահացու վտանգավոր է, և նման պետական ծրագիրը Stent for Life-ի նման կյանքեր կփրկի։

Մանվելյանը կարծում է, որ բժիշկների ակտիվությունն այստեղ կարող է մեծ դեր խաղալ։ Ինչպես նաև հարցի լուծմանը գրագետ մոտեցումը, երբ մասնագետը խստորեն հետևում է եվրոպկան ուղեցույցներին, և հստակ պատկերացնում է, թե ինչ պարագաներ և ինչ քանակությամբ նրան անհրաժեշտ կլինեն։

ARS_2451.JPG (1.07 MB)

Պացիենտը բավարար վիճակում դուրս է գրվել հիվանդանոցից վիրահատությունից երկու օր անց։ Ռաֆայել Մանվելյանը հույս ունի, որ երիկամային անոթի ստենտավորումը, որը ևս կատարվել է այս վիրահատության ժամանակ, կբարելավի պացիենտի երիկամային ֆունկցիան և հեմոդիալիզի սեանսների հաճախականությունը կնվազի։

 ARS_2464.JPG (947 KB)

 

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է