• Latest news

Ինչի՞ է ինքնաբուժությունը հանգեցնում. ուսուցողական դեպք՝ թոքաբանի պրակտիկայից

24 նոյեմբերի, 2014  18:32

Այն, որ ինքնաբուժությունը վնասակար եւ վտանգավոր կարող է լինել, գործնականում բոլոր բժիշկներն են ասում, սակայն բազմաթիվ հիվանդներ շարունակում են իրենք որոշել, թե ինչպիսի հիվանդություն ունեն եւ ինչ կարելի է դրա դեմ ձեռնարկել:  Նրանցից ոմանք փորձում են նմանատիպ ախտանշաններով ծանոթին օգնած դեղամիջոցն ընդունել, ոմանք դեղատան աշխատակցի խորհորդով են այս կամ այն դեղամիջոցն ընտրում, իսկ երրորդներն էլ մեկ անգամ դիմում են բժշկին եւ այնուհետեւ բազմաթիվ անգամներ նրա նշանակած դեղամիջոցն ընդունում, նույնիսկ երբ դրա անհրաժեշտությունը չի կարող լինել:

Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը մի հետաքրքիր դեպք է պատմել՝ իր պրակտիկայից, որն ակնառու օրինակ է այն բանի, թե ինչ հետեւանքներ կարող է ինքնաբուժությունն ունենալ եւ թե ինչու որոշ դեպքերում բժշկի կոնսուլտացիան ու հիվանդի առողջական վիճակին հետեւելը կարող է այդչափ կարեւորություն ունենալ:

Որոշ ժամանակ առաջ մասնագետի մոտ սուր ասթմայով տառապող մի կին էր բուժվում: Բժիշկը դուրս էր բերել նրան ծանր վիճակից եւ այնուհետեւ բոլոր օրգանները հետազոտելու որոշումը կայացրել՝ պարզելու համար, թե ինչպես պետք է հետագա բուժումը տարվի: Հետազոտության ընթացքում պարզվել էր, որ կնոջ օրգանիզմում ասկարիդներ՝ առավելապես մարդու ստամոքսա-աղիքային համակարգն ախտահարող մակաբույծ որդեր են առկա: Ասկարիդներն, ի թիվս այլ խնդիրների, նաեւ այնքանով են վտանգավոր, որ կարող են ասթմատիկ նոպաների սրացման եւ հիվանդի առողջական վիճակի վատթարացման հանգեցնել: 

Բժիշկն անմիջապես այնպիսի դեղամիջոց էր նշանակել, որը պետք է մակաբույծներից ազատվելու միջոց ծառայեր՝ հիվանդի համար: Տեղում բացատրել էր, որ դեղամիջոցը կարելի է եւ պետք է ընդամենը մեկ անգամ ընդունել՝ եւ վերջ:

Կինն ընդունել էր դեղամիջոցն ու անմիջապես լավ զգացել իրեն: Արդյունքը կանխատեսելի էր, քանի որ օրգանիզմն ազատվել էր ասթմային սրացում հաղորդող մակաբույծներից: Հաջորդիվ նա կլինիկա էր վերադարձել՝ հայտնելու համար, որ չի ցանկանում վճարել՝ հետագա անիմաստ բուժման դիմաց, քանի որ արդեն լավ է զգում իրեն, եւ հեռացել:

Մեկ տարի անց կինը նույն կլինիկայում էր հայտնվել: Այս անգամ սարսափելի տեսք ուներ՝ գունատ էր, նիհարած եւ ծայրաստիճան հյուծված: Մեղադրում էր բժշկին, որ նրա նշանակած դեղամիջոցի պատճառով է այդ վիճակին հասել: Բժշկի առաջին ռեակցիան զարմանքն էր՝ չէ՞ որ մի ամբողջ տարի չէր տեսել իր նախկին հիվանդին: Սակայն մի փոքր ավելի ուշ՝ հարցուփորձի ընթացքում ամեն ինչ իր տեղն էր ընկել. պարզվել էր՝ կինն այդ ողջ տարվա ընթացքում հաճախակի այն նույն՝ մակաբույծների արտանետմանը միտված դեղամիջոցի օգնությանն էր դիմել, որը, հիշեցնենք, հարկավոր էր ընդամենը մեկ անգամ ընդունել:

Դեղամիջոցն ուժեղ իմունոդեպրեսանտ էր՝ իմունիտետը ճնշելու հատկություն ուներ, ինչի արդյունքում էլ մակաբույծները հեռացվել էին օրգանիզմից: Դրա մեկ ընդունումը կնոջ առողջության վրա ոչ մի բացասական ազդեցություն չէր կարող թողնել, իսկ բժիշկն էլ մի քանի անգամ զգուշացրել էր, որ դեղամիջոցը մեկ, ընդամենը մեկ անգամ կարելի է օգտագործել: Մինչդեռ հիվանդը, կլինիկայից հեռանալով, ամեն անգամ վատ զգալիս դրա օգնությանն էր դիմել՝ չէ՞ որ մի անգամ արդեն օգնել էր եւ վիճակը բարելավել: Բնականաբար, ժամանակի ընթացքում նրա մոտ առողջության վատթարացում էր առաջ եկել, քանի որ դեղամիջոցն ամեն անգամ ճնշում էր գործադրել նրա իմունային համակարգի վրա եւ այն ավելի թույլ դարձրել:

Այս դեպքը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչպիսի ծանր հետեւանքների կարող են ինքնաբուժությունն ու բժշկի խորհրդներին հետեւելու ցանկության բացակայությունը հանգեցնել: Եթե մասնագետը մեկ դեղահաբ է նշանակել, ուրեմն պետք է հենց մեկն էլ ընդունել: Իսկ երկրորդն առանց հավելյալ կոնսուլտացիայի չի կարելի: Եվ եթե բժիշկը բուժում է նշանակել, այն ենթակա չէ կեսից դադարեցման, հատկապես երբ խոսքը հակաբիոտիկներով բուժմանն է վերաբերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է