• Latest news

Սրտի ստենտավորման վիրահատությունները՝ պետպատվերով. պետական նոր ծրագրի մանրամասները

10 դեկտեմբերի, 2014  16:14

2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանում նոր ծրագիր է գործելու, որի շրջանակում սրտամկանի սուր կաթվածի ժամանակ սրտի ստենտավորման վիրահատությունները պետպատվերով են իրականացվելու:

Ծրագրի մանրամասների մասին NEWS.am Medicine-ի թղթակիցը ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր Համլետ Հայրապետյանի հետ է զրուցել:

Ի՞նչ է սրտամկանի սուր ինֆարկտը եւ ինչո՞ւ է ստենտավորումն այդքան կարեւոր

Սրտամկանի ինֆարկտի ժամանակ սրտի անոթը փակվում է՝ տրոմբի կամ աթերոսկլերոտիկ վահանիկի անկայունության պատճառով, եւ սրտամկանի որոշակի հատված վնասվում է: Հիվանդի կյանքը փրկելու եւ առողջությունը վերականգնելու համար հարկավոր է առաջին հերթին արյան խախտված հոսքը վերականգնել, ինչը գլխավորապես շտապ ստենտավորման միջոցով է իրականացվում:

Ինչպես Համլետ Հայրապետյանն է նշել, որքան վաղ ստենտավորումն իրականացվի, այնքան արդյունքն ավելի լավ կարող է լինել: Առաջին 6-12 ժամերի ընթացքում իրականացման դեպքում սրտամկանը կփրկվի, եւ ինֆարկտի բարդությունները նվազագույնի կհասցվեն:

Ինչպե՞ս է ստենտավորումն այսօր իրականացվում

Ստանտավորումն այսօր անվճար է միայն որոշակի խմբերում ընդգրկված մարդկանց համար, իսկ բոլոր այլ մարդիկ ստիպված են վճարել այդ բավական թանկարժեք վիրահատության համար: Այս մոտեցման մեջ մի շարք թերություններ կան. ներկայումս բժիշկները ստիպված են բանակցել հիվանդի հարազատների հետ՝ պարզելու համար, թե արդյոք նրանք ի վիճակի են վճարել կորոնարոգրաֆիայի եւ ստենտավորման համար: Այդ բանակցությունները ոչ միայն տհաճ են թե բժիշկների, եւ թե հիվանդի ընտանիքի անդամների համար, այլեւ թանկարժեք ժամանակ են վատնում, որի ընթացքում հիվանդին հարկավոր է օգնություն ցուցաբերել:

Համլետ Հայրապետյանի խոսքով, գալիք տարվա առաջին օրվանից սկսած ծրագիրը ազատելու է բժիշկներին այդ բանակցություններից, իսկ հիվանդներին՝ բավականին մեծ ծախսերից:

«Վիրահատությունը կդառնա ոչ միայն ավելի հասանելի՝ բոլոր խավերի համար, այլեւ ավելի օպերատիվ. ժամանակ չի կորսվի՝ ավելորդ բանակցությունների, գումար հայթայթելու վրա», - նշել է գլխավոր սրտաբանը:

Ովքե՞ր են ընդգրկվելու ծրագրում

Ծրագրում ընդգրկվելու են բոլոր այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցողների որեւէ խմբում:

Ո՞ր կլինիկաներում են վիրահատություններն իրականացվելու

Ծրագրում ընդգրկվելու են այն կլինիկաները, որոնք անգեոգրաֆիկ ծառայություն ունեն. Հայաստանում այս պահին ծառայությունն առաջարկող 10 բժշկական կենտրոններ են գործում, որոնցից 2-ը մարզերում են, 8-ը՝ Երեւանում: Համլետ Հայրապետյանի խոսքով, առողջապահության նախարարությունը դեռեւս պետք է որոշում կայացնի՝ որ կենտրոնին որքան քվոտաներ հատկացնել՝ կախված մի շարք հանգամանքներից:

Որքա՞ն է արժենալու վիրահատությունը՝ մեկ հիվանդի համար

Ծրագիրը մեկ հիվանդի համար մոտ 700 000 դրամ է արժենալու. նախարարությունում դեռեւս հաշվարկներ են իրականացվում՝ ավելի հստակ թիվ ներկայացնելու համար, նշել է գլխավոր սրտաբանը: Բնականաբար, ոչ հիվանդը, ոչ նրա բարեկամներն այս գումարների հետ չեն առնչվելու. նրանց պարզապես տեղեկացնելու են, որ հիվանդն ընդգրկվել է ծրագրի շրջանակներում եւ անվճար վիրահատվելու է:

Եւս մի քանի խոսք՝ արագության մասին...

Քանի որ սրտամկանի սուր ինֆարկտից առաջացող բարդությունների կանխման տեսանկյունից անչափ կարեւոր է արագ գործել եւ հիվանդին հնարավորինս շուտ վիրահատել, շտապօգնության աշխատակիցները պետք է ST էլեւացիայով սրտամկանի ինֆարկտն (սուր ինֆարկտի ամենածանր տեսակը՝ ժողովրդի լեզվով ասած՝ «տարածուն ինֆարկտ») ախտորոշելու եւ հիվանդին ծրագրում ընդգրկված կլինիկաներից մեկը տեղափոխելու հնարավորություն ունենան:

Ինչպես Համլետ Հայրապետյանն է նշել, հիվանդին կլինիկա հասցնելու համար ժամանակային սահմանափակում է գործելու. Երեւանի տարածքում դա պետք է 2, իսկ մարզերում՝ 6 ժամվա ընթացքում իրականացվի:

Անհրաժեշտության դեպքում շտապօգնության աշխատակիցների եւ մարզային բժիշկների համար դասընթացներ եւ թրեյնինգներ են կազմակերպվելու, որպեսզի նրանց աշխատանքը հնարավորինս բարձր արդյունավետությամբ իրականացվի: 

Համլետ Հայրապետյանը նաեւ նշել է, որ մոտ ապագայում ծրագրի այլ մանրամասներ են հանրությանը ներկայացվելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել