• Latest news

Սրտաբանի կոչը. մի հապաղեք դիմել բժշկի՝ նույնիսկ ամենափոքր ախտանշանների դեպքում

28 սեպտեմբերի, 2015  11:56

«Մալաթիա» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայության ղեկավար, ինտերվենցիոն սրտաբան Նարինե Գոջաբաշյանը կոչ է անում Հայաստանի բնակիչներին չխուսափել կանխարգելիչ հետազոտություններից, հատկապես սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր գտնվում են ռիսկի խմբում:

Նրա խոսքով՝ շատերին է հայտնի, որ ճարպակալումը, ծխելը, բարձր խոլեստերինը, ժառանգականությունն իշեմիկ հիվանդության ռիսկի գործոններն են: «Բայց մի բան է այդ մասին իմանալն ու ապրել այնպես, ասես ոչինչ չի պատահել, մեկ այլ բան է իմանալ ու դրա դեմ քայլեր ձեռնարկելը», - նշեց նա՝ հավելելով, որ նման քայլերից մեկն է կանխարգելիչ հետազոտությունը, որը կարող է ներառել անալիզներ, էլեկտրասրտագրություն, սրտի ՈւՁՀ եւ այլն: Բացի դրանից, բժիշկը կոչ է անում մարդկանց  նույնիսկ ամենափոքր ախտանիշների դեպքում անհապաղ բժշկի դիմել:

Նա պարզաբանեց, որ սրտանոթները մեկ օրում չեն նեղանում, դրա համար ամիսներ են պետք: Պատկերավոր ասած՝ դա ասես ավտոմայրուղի լինի, որի եզրին ավազի կույտ են լցրել: Մեքենաներն ինչ -որ կերպ դրա կողքով անցնում են, բայց ավազն աստիճանաբար թափվում է, ու մի օր էլ ավազի կույտը պարզապես փլվում է ու տեղի է ունենում ինֆարկտ: Այնպես որ, Գոջաբաշյանի խոսքով՝ երբ ասում են, որ մարդն ինֆարկտից առաջ որեւէ ախտանիշ չի ունեցել, դա այդքան էլ ճիշտ չէ: «Ավազի թափվելու» պահին որոշակի ախտանիշներ լինում են՝ անհարմարության զգացում, ծանրություն կրծքի մասում եւ այլն: Բայց նման դեպքերում շատերը բժշկին դիմելու փոխարեն սկսում են ինքնաախտորոշումով զբաղվել: «Ես մտածեցի, թե մրսել եմ կամ ինչ-որ սխալ բան եմ կերել. ոչ թե «մտածել» է պետք, այլ բժշկի դիմել»,- նկատեց սրտաբանը՝ հավելելով, որ ժամանակին նշանակված հաբը ճիշտ է չի բացի նեղացած անոթը, բայց գոնե կկանխի ինֆարկտը:

Նարինե Գոջաբաշյանը նաեւ համարում է, որ մեր հասարակությունում դեղորայքի նկատմամբ չարդարացված արհամարհանք է ձեւավորվել: Շատերը կածում են, որ եթե իրենք դեղ են խմում, ուրեմն հաշմանդամ են, մինչդեռ կարող է լինել հակառակը՝ այդ դեղը կարող է նրանց փրկել հաշմանդամությունից, օրինակ՝ ինչպես հիպերտոնիայի դեմ դեղորայքը, որը կարող է կանխել ինսուլտը:

Եվ հետո, բժշկուհու խոսքով, մեր ժողովուրդը բժշկին դիմելը գնահատում է որպես գումարի կորուստ, այլ ոչ թե հետագա բարդացումներից խուսափելու միջոց: Ընդ որում, բժշկուհին նշեց, որ ինքը խոսում է ոչ թե թանկարժեք հետազոտությունների, այլ սովորական կանխարգելիչ ախտորոշման մասին: Եվ հավելեց, որ երբ հիվանդը հայտնվում է վիրահատական սեղանին, նա արդեն ավելի շատ է վճարում, գումարած ՝ անդառնալի վնաս է հասցվում առողջությանը:

Բժշկուհու կարծիքով այս խնդիրը պետք է լուծել  ոչ միայն սքրինինգային ծրագրերով, այլ հասարակ քարոզչությամբ: Նրա կոչն է ՝ նույնիսկ ամենափոքր ախտանշանների դեպքում մի հապաղեք դիմել բժշկի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել