ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին, ով մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:
Բարձր գնահատելով առողջապահության ոլորտում հայ-հնդկական համագործակցության ներկա մակարդակը՝ նախարարը նշեց.
«Ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում բարեկամ Հնդկաստանի հետ մեզ հաջողվեց առողջապահության ոլորտում էապես խորացրել եւ ընդլայնել համագործակցության ծրագրերը»:
Արմեն Մուրադյանի խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջեւ համագործակցությունը խորացնելու, ինչպես նաեւ մեր երկրում ավանդական բժշկության փորձն ուսումնասիրելու ուղղությամբ:
Սուրեշ Բաբուն ասաց, որ հնդկական կողմը առաջարկներ է արել նաեւ դեղարտադրության ոլորտում համագործակցություն իրականացնելու ուղղությամբ: Դեղարտադրության ոլորտում համագործակցության շրջանակում 2015թ. փետրվարին Հայաստան էր ժամանել գործարարների մեծ պատվիրակություն Հնդկաստանից:
«Հնդկական կողմը աշխատանքներ է տանում նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ` այնտեղ ավանդական բժշկության դասընթացներ, կրթական ծրագրեր անցկացնելու ուղղությամբ»,- ասաց դեսպանը:
Նա նաեւ ընդգծեց, որ մեծաթիվ հնդիկ ուսանողներ տարիներ շարունակ հաջողությամբ Հայաստանում ստանում են բժշկական բարձրագույն կրթություն, ձեռք են բերում մասնագիտական հմտություններ:
Դիվանագետը հայտնեց, որ հնդկական կողմը շահագրգրված է նաեւ մարտի սկզբին Երեւանում կայանալիք «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովին մասնակցելու հրավերով:
Հանդիպման ընթացքում կարեւորվեց, որ երկու երկրի միջեւ առկա է մեծ ներուժ առողջապահության տարբեր ճյուղերում փոխգործակցությունն էլ ավելի զարգացնելու եւ ամրապնդելու համար:
Նշենք, որ 2014թ. ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ հեռաբժշկության ցանց ստեղծելու մասին» Փոխըմբռնման հուշագիր, որով Հնդկաստանի աջակցությամբ Երեւանի մեկ եւ հանրապետության 9 մարզային բժշկական կենտրոններին հատկացվել են հեռաբժշկության ժամանակակից տեխնիկական սարքավորումներ:
2013թ. սեպտեմբերին Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիոթերապիայի բաժանմունքին նվիրաբերել է թալասեմիա հիվանդությունը բուժող դեղեր:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր