• Latest news

Սրտի հիվանդությունների վեց անսպասելի ախտանիշ

13 փետրվարի, 2016  01:54

Սրտի հիվանդությունները մի շարք նախանշաններ եւ շատ վաղ ախտանիշներ ունեն, որոնք լավ հայտնի են (հեւոց, առիթմիա, կրծքավանդակում ցավեր, հազի նոպաներ, գլխապտույտ, թուլություն, սառը քրտինք, այտուցվածություն), բայց կա նաեւ ազդանշանների մեկ այլ կարգ, որոնց վրա հաճախ ուշադրություն չեն դարձնում: 

Սրտաբան Ջոն Էրվինը հայտնաբերել է սրտի հիվանդության այն վեց անսովոր ախտանիշները, որոնց վրա հաճախ ուշադրություն չեն դարձնում եւ առողջական աննշան խնդիր են համարում.

1. Սեռական դիսֆունկցիա

Շատ մարդիկ կարծում են, որ սեռական դիսֆունկցիան ընդամենը վերարտադրողական օրգանների կամ նույնիսկ հոգեբանական խնդիր է: Այնուամենայնիվ,  դա տղամարդկանց մոտ զարկերակային հիվանդության տարածված ախտանիշ է: Էրեկցիան պահելու դժվարությունները կարող են անոթների խցանման հետեւանք լինել:  

Կնոջ լիբիդոյի նվազումը սովորաբար հետդաշտանադադարային վիճակի նշան է: Եւ չնայած   դաշտանադադարը սիրտ-անոթային հիվանդություններ չի առաջացնում, այնուամենայնիվ, այդ ժամանակահատվածում սկսում են արագ մեծանալ հիվանդության զարգացման ռիսկի գործոնները:  

«Զարկերակային ճնշման եւ խոլեստերինի մակարդակի ցուցանիշների փոփոխությունը սկսվում է հենց դաշտանադադարի ժամանակ: Բացի այդ, շատ կանայք այդ ժամանակահատվածում նստակյաց կյանք են վարում», -ասում է բժիշկ Էրվինը: 

2. Խռմփոց (կամ քնի ապնոե)

Խռմփացնող մարդու կողքին քնել փորձելն ամենատհաճ զբաղմունքներից մեկն է: Բայց չնայած այդ պահին ի հայտ եկող նյարդայնությանը, հիշեք, որ խռմփոցը կարող է սրտի հիվանդության պատճառ լինել եւ մահճակալի ձեր հարեւանին խորհուրդ տվեք բժշկի դիմել: 

Ապնոեն քնի ընթացքում այն ժամանակահատվածներն են, երբ մարդու մոտ կանգ է առնում շնչառությունը (20-30 վայրկյանով, հազվագյուտ դեպքերում կարող է   2-3 րոպեի հասնել): Դա կարող է կապված լինել օրգանիզմում շատ ֆիզիոլոգիական փոփոխությունների հետ, որոնք մեծացնում են այնպիսի հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսին սրտամկանի կաթվածն է կամ ուղեղի կաթվածը: Խռմփոցը կարող է նաեւ նախասրտի ֆիբրիլյացիայի նշան լինել (կամ թրթռուն առիթմիայի` սրտի անկանոն եւ հաճախակի խփոցների, ինչն արյան շրջանառության վատացման է հանգեցնում): Սրտի ապնոեի բուժումը կարող է նվազեցնել սրտի հետ կապված խնդիրների զարգացման վտանգը: 

3. Արյունահոսող լնդեր եւ լնդերի բորբոքվածություն 

Քչերն են մտածում, որ լնդերի խնդիրները կարող են կապված լինել սրտի վիճակի հետ: Այստեղ գլխավոր վտանգը ներկայացնում է  պերիոդոնտիտը, որը վնասում է լնդերը եւ կարող է ավերել ծնոտը:  Փաստացիորեն պերիոդոնտիտը կարող է ամբողջ մարմնում բորբոքվածություն առաջացնել: Ավելին, դա սրտի աթերոսկլերոզային հիվանդության եւ սրտի կաթվածի զարգացման ռիսկի հսկայական գործոն է: 

4. Պարանոցում եւ ուսերում մորմոքուն ցավ

Սրտի նոպայի ժամանակ շատ մարդիկ այնպես են զգում, ասես իրենց  «կրծքին փիղ է նստած», ուրիշները «ձեռքերում ճզմվածության զգացողություն» են ունենում: Բայց ոչ բոլորն են ապրում «դասական» նշանները: Փոխարենը նրանց մոտ   պարանոցի, ուսերի եւ նույնիսկ ծնոտի հատվածում ցավի եւ ճնշվածության տհաճ զգացողություն է առաջանում: Որոշների համար այդ տհաճ զգացողությունը սրտի նոպայի միակ  նախանշանն է դառնում: 

5. Ուռած ոտքեր

Ոտքերը կարող են ուռչել մի շարք պատճառներով, այդ թվում` այնպիսի մանրուքի հետեւանքով, ինչպիսին ծանր շոգն է: Այնուամենայնիվ, ուռած ոտքերը եւ   ոտնաթաթերը սրտային տեւական անբավարարության նշիչ են համարվում: Դա հատկապես ճիշտ է այն դեպքերում, երբ մարդու մոտ սովորական աշխատանք կատարելիս կամ քնել փորձելիս հեւոց է առաջանում: Եթե ուռածությունն արագ անցնում է, ուրեմն չարժե շատ հուզվել: 

6. Ստամոքսի այրոցներ կամ անմարսողություն

Ստամոքսի այրոցն ու խանգարումը բավականին հաճախ են հանդիպում եւ հազվադեպ են վկայում առողջության հետ կապված լուրջ խնդիրների մասին: Բայց որոշ դեպքերում ստամոքսի վերին հատվածում թվում է, թե անվնաս այրոցը կամ ցավի զգացողությունը կարող է սրտի հիվանդության նշան լինել:

«Այդ պատճառով եթե այրոցը, մարսողության խանգարումը կամ զկրտոցն ի հայտ են գալիս սրտխառնոցի, քրտնարտադրության, հեւոցի եւ գլխապտույտի հետ միասին, արժե անմիջապես բժշկի դիմել», - բժիշկ Էրվինին է մեջբերում The Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է