• Latest news

Չվերահսկվող հիպերտոնիան Հայաստանում մնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջատար պատճառներից մեկը. սրտաբան

12 ապրիլի, 2017  15:56

Հայաստանում սիրտ-անոթային հիվանդությունների եւ դրա հետեւանքով մահվան դեպքերի առաջատար պատճառներից մեկը հիպերտոնիան է, որը չի վերահսկվում եւ պատշաճ կերպով չի բուժվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սրտաբան Լեւոն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ մի շարք եվրոպական հետազոտությունների համաձայն զարկերակային բարձր ճնշմամբ տառապում է 18 տարեկանից մեծ մարդկանց մոտ 30-40 տոկոսը: Այս խնդիրը հավասարապես տարածված է աշխարհի բոլոր երկրներում, այդ պատճառով Հայաստանում եւս հիպերտոնիայով տառապող մարդկանց թիվը գրեթե նույնքան է: Սրտաբանի խոսքով՝ եթե Հայաստանում կա մոտ 2 մլն չափահաս մարդ, ստացվում է, որ մոտ 1 մլն մարդ հիպերտոնիա ունի:

Հիմնական խնդիրն այն է, որ հիպերտոնիայով տառապող ոչ բոլոր մարդիկ գիտեն, որ իրենք ճնշման հետ կապված խնդիրներ ունեն: Ավելին՝ իմացող մարդկանց միայն սակավաթիվ մասն է հաջողությամբ վերահսկում իր ճնշումը: Սրտաբանի խոսքով՝ զարգացած երկրներում հիվանդների միայն 40 տոկոսն է արդյունավետորեն վերահսկում հիպերտոնիան, իսկ Հայաստանում իրավիճակն, ավաղ, շատ ավելի վատ է: Եվ չնայած սրտաբաններ ունենք երկրի գործնականում բոլոր շրջաններում, եւ հիպերտոնիայի բուժման դեղերի պակաս ոչ մի տեղ չկա, հայերից շատերը դեռեւս վտանգավոր բարձր ճնշում ունեն: Նրանցից շատերը բժշկի նշանակած դեղերը սխալ են ընդունում. օրինակ՝ հաճախ մարդիկ, չհասկանալով, որ ճնշման դեղերն իրենք պետք է ամբողջ կյանքի ընթացքում խմեն, դադարում են այն ընդունել: Մյուսները կարծում են, որ եթե գլխացավեր չեն ունենում կամ ճնշման պատճառով այլ խնդիրներ, ապա դեղերը խմելը պարտադիր չէ: Արդյունքում՝ այսպիսի հիվանդներից ոմանք բախվում են գլխուղեղի կամ սրտի կաթվածի եւ այլ խնդիրների, որոնք հաճախ հաջորդում են հիպերտոնիային:

Սրտաբանի խոսքով՝ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման համար մեծ դեր ունի նաեւ անառողջ կենսակերպը, որը վարում է հայերի մեծ մասը: «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հ/կ-ի նախաձեռնությամբ անցկացված բաց դռների շրջանակում երկրի շրջաններում սրտաբանի աշխատանքի ընթացքում տպավորություն է ստեղծվել, որ բոլոր հայ տղամարդիկ ծխում են: Համենայնդեպս, իրեն եւ իր գործընկերներին սրտի խնդիրներով դիմած բոլոր տղամարդիկ ծխողներ էին եւ քիչ բան գիտեին առողջ սնունդի մասին: Բժիշկները նրանց բացատրել են, թե իրենց ապրելու ձեւն ինչպես է ազդում սրտի առողջության վրա, սակայն մասնագետը համոզված չէ, որ բժշկի հետ մեկ զրույցը կարող է այս մարդկանց շրջանում արմատացած սովորությունները փոխել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել