«Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության կլինիկան անվանակոչեցին հայտնի հայ վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանի անունով, ում արժանիորեն իր ուսուցիչն է համարում Հայաստանի վիրաբույժների մի քանի սերունդ:
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, բժշկական կենտրոնում տեղի ունեցավ Հովհաննես Սարուխանյանի անունով ցուցատախտակի հանդիսավոր բացումը, որին մասնակցեցին հիվանդանոցի ղեկավարությունը, բուժանձնակազմը եւ ինքը՝ Հովհաննես Սարուխանյանը, որը 1988 թվականից «Էրեբունի» ԲԿ վիրաբուժության կլինիկայի ղեկավարն է:
«Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ Հարություն Քուշկյանի հրամանով այսուհետեւ Հովհաննես Սարուխանյանի ղեկավարած կլինիկան կկրի նրա անունը, նաեւ անվանի բժշկին առողջություն եւ հետագա հաջողություններ մաղթեց:
Ներկաներին շնորհակալություն հայտնելով՝ Հովհաննես Սարուխանյանը նշեց, որ նման պատվի, որպես կանոն, արժանանում են Բարձրյալին ներկայանալուց հետո եւ հավելեց, որ ինքը փորձել է ներկայանալ Բարձրյալին, սակայն կլինիկայի բժիշկներն իրեն փրկել են եւ կյանքին վերադարձրել: Եվ ահա, հիմա գործընկերների ջանքերի շնորհիվ ինքն այստեղ է, նրանց հետ:
Հովհաննես Սարուխանյանը ծնվել է 1938 թվականին Երեւանում, ավարտել է Երեւանի Բժշկական ինստիտուտի բուժականխարգելիչ ֆակուլտետը:
1963-ից 1988 թվականներն աշխատել է Երեւանի բժիշկների վերապատրաստման պետական ինստիտուտի կրծքի վիրաբուժության եւ անեսթեզիոլոգիայի ամբիոնում նախ կրտսեր, ապա ավագ գիտաշխատող, 1979-ից 1988 թվականները եղել է Երեւանի բժիշկների վերապատրաստման պետական ինստիտուտի կրծքի վիրաբուժության եւ անեսթեզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր:
1987 թվականից մինչ օրս Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժն է:
2011 թվականից ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների թիվ 3 ամբիոնի վարիչն է: 1988 թվականից «Վիրաբույժների հայկական ասոցիացիայի» նախագահն է:
Սարուխանյանը ավելի քան 200 գիտական աշխատությունների հեղինակ է, 8 ռացիոնալիզատորական առաջարկների եւ 9 գյուտերի: Նա, մասնավորապես, առաջինն է կատարել խոլեդոխոլիթիազի ժամանակ արտամարմնային հարվածող ալիքային լիթոտրիպսիա: Ուսումնասիրել եւ գործնականում ներդրել է սինթետիկ միջադիրների կիրառումը սրտամկանի հետինֆարկտային թուլության, պարենխիմատոզ օրգանների վնասվածքների ժամանակ: Հայաստանում առաջինն է կատարել անգիոպուլմոնոգրաֆիա, աորտո-արտերիոգրաֆիա, լիմֆոգրաֆիա, պորտոգրաֆիա, պանկրեատո-դուդենալ մասնահատում, լյարդի ձախ բլթի մասնահատում, աջ բրոնխի մասնահատում, կերակրափողի ներպլեւրալ պլաստիկա հաստ աղիքով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր