Վիտամիններն այնքան էլ անվնաս կամ օգտակար չեն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Վիտամինային հավելումները կարելի է ընդունել միայն բժշկի նշանակմամբ եւ նրա հսկողության ներքո, իսկ դրանց ավելորդ քանակությունը կարող է վնաս հասցնել առողջությանը։
«Ինչպես ցանկացած նյութի ընդունումը չափից ավելի քանակությամբ, վիտամինները նույնպես կարող են առաջ բերել սուր թունավորում, իսկ դրանց երկարատեւ ու չվերահսկվող, չհիմնավորված մեծ չափաբաժիններով օգտագործման հետեւանքով առաջ է գալիս քրոնիկական ինտոքսիկացիա։ Պետք է տարբերել վիտամինների կանխարգելիչ կիրառման եւ դրանց բուժական չափաբաժինների հասկացությունը։ Օրական նորմը պետք է ընտրվի բացառապես բուժող բժշկի նշանակմամբ»,- ասել է Ռուսաստանի առողջապահության նախարարության էնդոկրինոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի փորձագետ, բարձրակարգ բժիշկ-էնդոկրինոլոգ Ֆաթիմա Ձգոեւան։
Ինչպես տեղեկացնում է ՌԲԿ-ն, ինտոքսիկացիայի ռիսկը հատկապես բարձր է ճարպային լուծվող վիտամինների (А, D, E, K) դեպքում։ Այդ վիտամինները կարող են կուտակվել օրգանիզմում, իսկ քանի որ դրանք դանդաղ են լուծվում, դա դժվարացնում է դրանց դուրս գալն օրգանիզմից։
«А վիտամինը կուտակվում է լյարդում եւ կարող է առաջ բերել դրա ախտահարում, ընդհուպ մինչեւ անդառնալի աստիճանի։ Е վիտամինը շատ մեծ քանակությամբ նվազեցնում է արյան մակարդելիությունը, հանգեցնում արնահոսությունների եւ այնպիսի բարդությունների, ինչպիսին է, օրինակ, հեմոռագիկ կաթվածը։ D վիտամինի չարաշահումը վտանգավոր է արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացման հետ կապված, ինչը դրեսւորվում է այդ թվում նաեւ փսխումով, որովայնի սուր ցավերով։ Դրանցից ամենաանվնասը К վիտամինն է։ Այն բավական ցածր տոքսիկություն ունի»,- նշել է էնդոկրինոլոգ, սննդաբան, Ի.Մ. Սեչենովի անվան առաջին ՄՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի ասիստենտ Մարինա Բերկովսկայան։
Ջրում լուծվող վիտամինները (В խումբ եւ С վիտամին) պակաս վտանգավոր են, որովհետեւ օրգանիզմն արագ է դուրս բերում դրանց ավելցուկը։ Իհարկե, С վիտամինը մեծ չափաբաժնով երիկամների խնդիր ունեցող մարդկանց մոտ (օքսալուրիայի կամ միզաքարային հիվանդության ժամանակ) կարող է նպաստել օքսալատային քարերի առաջացմանը երիկամներում եւ անգամ երիկամների սուր ախտահարման, նախազգուշացնում է Բերկովսկայան։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day