• Latest news

Համաշխարհային շոգը մինչև 2050 թվականը միլիոնավոր վաղաժամ մահերի պատճառ կդառնա․ The Lancet

21 մարտի, 2026  11:39

The Lancet ամսագրում հրապարակված նոր մոդելավորումը ցույց է տալիս, որ ֆիզիկական անգործությունը կարող է աճել մինչև 1,75 տոկոսային կետով, հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող արևադարձային երկրներում։ Ջերմոցային գազերի արտանետումների բարձր մակարդակի սցենարի դեպքում սա մինչև 2050 թվականը կարող է հանգեցնել տարեկան 0,47–0,70 միլիոն հավելյալ մահվան։

Ֆիզիկական անգործությունն այսօր սիրտ-անոթային և նյութափոխանակության հիվանդությունների զգալի գործոն է. դրան բաժին է ընկնում մեծահասակների մահացության մոտ 5%-ը։ Առողջապահական ծախսերը կազմում են 54 միլիարդ դոլար, իսկ արտադրողականության կորուստը՝ ևս 14 միլիարդ դոլար։

Մոլորակի բնակչության մոտ մեկ երրորդը չի հետևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆիզիկական ակտիվության հանձնարարականներին։ Ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ավելի մեծ սիրտ-անոթային լարվածություն է առաջացնում, իսկ ծայրահեղ եղանակն ու օդի որակի վատթարացումն էլ ավելի են սահմանափակում անվտանգ ակտիվության հնարավորությունները։

Մոդելավորումը ցույց է տվել, որ 27,8°C-ից բարձր միջին տարեկան ջերմաստիճանի դեպքում ֆիզիկական անգործությունը կտրուկ աճում է՝ առավել մեծ ազդեցություն ունենալով կանանց և տարեցների վրա: Ըստ կանխատեսումների՝ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներն ամենաշատը կտուժեն՝ անգործության մինչև 1,85 տոկոսային կետի աճով: Ամենախոցելի տարածաշրջաններն են Կենտրոնական Ամերիկան, Կարիբյան ավազանը, Սահելի արևելյան հատվածը և հասարակածային Հարավարևելյան Ասիան:

Միևնույն ժամանակ, արտադրողականության համաշխարհային կորուստները կարող են կազմել 2,4–3,68 միլիարդ դոլար, իսկ անգործությունից առաջացած հավելյալ մահերի մասնաբաժինը՝ 2022 թվականի նմանատիպ բոլոր մահերի մինչև 7–11%-ը: Տնտեսական և առողջապահական հիմնական վնասը կրում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները, որտեղ աշխատողները ստիպված են գործել ամենաշոգ ժամերին, իսկ օդորակվող տարածքների հասանելիությունը սահմանափակ է, հատկապես կանանց համար:

Հեղինակներն ընդգծում են հրատապ միջոցառումների անհրաժեշտությունը՝ փողոցների հովացման համար քաղաքային ենթակառուցվածքների բարելավում, ստվերոտ և անդրադարձնող մակերեսների ստեղծում, մատչելի և օդորակվող մարզասրահների հասանելիություն, ինչպես նաև շոգ պայմաններում անվտանգ ֆիզիկական ակտիվության վերաբերյալ կրթական ծրագրեր։

Հետազոտությունն ունի սահմանափակումներ. ֆիզիկական ակտիվության մասին տվյալները հիմնված են հարցումների վրա, հաշվի չեն առնում սեզոնային և տարիքային առանձնահատկությունները, ակտիվության տեսակները, ուրբանիզացիան, միգրացիան և եղանակային ծայրահեղ իրադարձությունները, ինչը կարող է շեղել կանխատեսումները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll