• Latest news

Ինչու են սրտային հիվանդները Հայաստանից մեկնում Վրաստան վիրահատվելու

10 մայիսի, 2016  22:30

Հայաստանը սրտաբանության տարածաշրջանային կենտրոն է, այստեղ սրտաբանական լավ դպրոց է ստեղծվել եւ գնալով նորագույն տեխնոլոգիաներ են ներդրում: Նման պնդումներ կարելի է լսել Հայաստանում ամենատարբեր մակարդակների հանդիպումներին: Մենք կասկածի տակ չենք առնում Հայաստանում սրտաբանության զարգացման մակարդակը. ԱՄՆ-ից մեր հայրենակից Հրայր Հովակիմյանի ջանքերի շնորհիվ այստեղ իրոք ուժեղ դպրոց է ստեղծվել: Բայց  «տարածաշրջանային կենտրոն» արտահայտությունը պարզաբանման կարիք ունի:

Դա ենթադրում է, որ հարեւան երկրներից պետք է Հայաստան գան սիրտը բուժելու: Մինչդեռ այսօր իրենք` հայերն են մեկնում հարեւան Վրաստանում վիրահատվելու, իսկ պատճառը Երեւանում եւ Թբիլիսիում բուժծառայությունների գների զգալի տարբերությունն է: Այնպես որ այսօր Վրաստանը լիիրավորեն կարող է հավակնել տարածաշրջանային կենտրոնի կոչման, մանավանդ որ մեր հարեւանները եւս բավականին հաջողությունների են հասել նորագույն մեթոդների յուրացման գործում:  

Մարտի սկզբին երեւանցի 46-ամյա տղամարդը սրտի կաթված էր տարել, նրան շտապօգնության մեքենայով հասցրել էին երեւանյան բուժկենտրոններից մեկը: Պետական Stent for Life ծրագրի շրջանակում նրա անոթում մեկ հատ ոչ դեղապատ ստենտ էին տեղադրել սրտի կաթվածը կանխարգելելու եւ կյանքը փրկելու համար:

Բայց բժիշկները զգուշացրել էին, որ տղամարդը եւս մեկ փակ անոթ ունի, եւ լիակատար բուժման համար եւս մեկ կամ երկու դեղապատ ստենտի տեղադրման անհրաժեշտություն կա։ Իսկ դա արդեն վճարովի է: Երեւանյան բոլոր հիվանդանոցներում վիրահատության գինը մոտ 2 700 000 (+-100 000) դրամ էր։ Դոլարի վերածելիս այսօր 5700   (+-200) դոլար է կազմում:

Տղամարդու կնոջ ազգականները Թբիլիսիում են ապրում: Կորոնորագրաֆիայով սկավառակն այնտեղ են ուղարկել, եւ կլինիկաներից մեկում ասել են, որ երկու դեղապատ ստենտը կտեղադրեն 2500 դոլարով: «Թբիլիսիի սրտանոթային կլինիկա» ԲԲԸ-ում այդ նույն գործողությունը գնահատել են 1400 դոլար։ Տղամարդուն դուրս են գրել երեւանյան հիվանդանոցից, գնացքով տեղափոխել Թբիլիսի:  

«Թբիլիսիի սրտանոթային կլինիկա» ԲԲԸ-ում հիվանդին բացատրել են, որ իր դեպքում նախընտրելի է շունտավորում կատարել. այդպես հարցը կլուծվի արմատապես:  Ընդ որում, առաջարկվել է նոր մեթոդ էնդոսկոպի կիրառությամբ, երբ հիվանդի կրծքավանդակին ընդամենը մեկ կտրվածք է արվում վնասված անոթի տեղում եւ մի քանի անցք: Հետվիրահատական վերականգնումը նման մեթոդի դեպքում անհամեմատ ավելի արագ եւ թեթեւ է ընթանում: Վիրահատության արժեքը 4000 դոլար է: Երեւանում շունտավորումը միջինը 2 700 000 դրամ արժե, այսինքն` 5700 դոլար: Վիրահատությունը կատարել է Վրաստանում հայտնի սրտավիրաբույժ Կախա Բեսելիան: 

Այժմ հիվանդն արդեն ամբողջությամբ վերականգնվել է վիրահատությունից հետո, իսկ Թբլիսիի բժիշկներին եւ բուժքույրերին ջերմությամբ է հիշում. շատ գոհ է նրանց վերաբերմունքից: 

Լուրերը, որ Թբիլիսիում սրտի վիրահատություններն անհամեմատ ավելի էժան են, քան Երեւանում, սկսել էին տարածվել դեռեւս անցյալ տարի: Հայ սրտաբանները նման տարբերության պատճառը փնտրում են կիրառվող ստենտների գնի մեջ. կարծիք կա, թե Վրաստանում ցածրորակ ստենտներ են օգտագործում:  Նաեւ ենթադրություն է արվում, թե վիրահատության ընթացքում օգտագործվող օժանդակ պարագաները (կաթետերները, խողովակները) այնտեղ ոչ թե միանգամյա օգտագործման են, այլ բազմակի:  

NEWS.am Medicine-ին հայտնի է դարձել, որ երեւանյան կլինիկաների ղեկավարներից մեկը նույնիսկ հատուկ Թբիլիսի է մեկնել` պարզելու գնի հարցը, բայց ոչ մի խելամիտ բան չի գտել: Բայց փաստը մնում է փաստ. Թբիլիսիում երկու ստենտի համար` 1400 դոլար, Երեւանում նույն ծառայության դիմաց` 5700 դոլար։ Եվ այստեղ պետք է ուշադրություն դարձնել եւս մեկ հանգամանքի. վերը նշված գները Վրաստանի քաղաքացի չհանդիսացողների համար են։ Երեւան այցի ընթացքում Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոն նշել էր, որ Վրաստանի քաղաքացիների անհետաձգելի վիրահատությունների դեպքում պետությունը վճարում է բուժծառայությունների ծախսերը 100 տոկոսով, իսկ պլանային միջոցառումների դեպքում` 70-80 տոկոսով: Այսինքն Վրաստանի քաղաքացիների համար այս վիրահատությունները լիովին անվճար են կամ էլ մեր ընկալմամբ՝ շատ էժան։

Երեւանյան եւս մի աղբյուր, որի հետ զրուցել է NEWS.am Medicine-ի թղթակիցը, ենթադրել է, որ Վրաստանում պետությունը բավականին լավ ֆինանսավորում է հիվանդանոցները, ինչը նրանց գնային քաղաքականության հարցում ազատություն է տալիս, մինչդեռ երեւանյան հիվանդանոցները նման հնարավորություն չունեն: Մեզ մոտ, նրա խոսքով, դա զուտ բիզնես է, եւ գինը հաշվարկվում է բիզնեսի կանոններով: Հիմնական բաղադրիչը ստենտի արժեքն է, իսկ այն թանկ է: 

Փորձենք ամփոփել բոլոր վերը նշված ենթադրությունները: 

Այն պնդումները, թե Վրաստանում ոչ որակյալ ստենտներ են օգտագործվում եւ որ օժանդակ պարագաները մեկ անգամ չեն օգտագործվում, տեղեկատվական ապակողմնորոշման տպավորություն են թողնում, որպեսզի Հայաստանի քաղաքացիներին համոզեն սիրտը բուժելու նպատակով Վրաստան չմեկնել։

Այն պնդումը, թե վրացական կլինիկաները իրենց առեւտրական ծառայությունների համար կարողանում են ցածր գներ սահմանել պետական ֆինանսավորման շնորհիվ, լիովին տրամաբանական է թվում: Մանավանդ որ, ինչպես տեսանք, այնտեղ էժան է ոչ միայն ստենտավորումը, այլեւ շունտավորումը, որի գինը կապված չէ բժշկական այնպիսի արտադրանքի հետ, ինչպիսին ստենտն է: Նախարար Սերգեյենկոն NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Վրաստանի կառավարությունը ջանում է բժշկական կենտրոնների համար որակյալ եւ մատչելի դեղամիջոցներ եւ բժշկական արտադրանք ապահովել պետգնումների շրջանակում, ինչպես նաեւ վերահսկում է բուժծառայությունների գները, որպեսզի դրանք չափազանց բարձր չլինեն: 

Այժմ հենց ստենտների արժեքի մասին: Չենք կարծում, թե արտադրող ընկերությունները Վրաստանին եւ Հայաստանին տարբեր գներով են ստենտներ տրամադրում:

Բայց Վրաստանում ստենտները, ինչպես նաեւ բժշկական ամբողջ արտադրանքը, ներառյալ դեղերը, ավելի էժան են, քան Հայաստանում մի քանի պատճառով. ա) այնտեղ դրանց վրա ԱԱՀ չկա, բ) չկա շուկայի մենաշնորհում, ինչպես Հայաստանում գ) գործում է պետգնումների համակարգ, ինչպես նաեւ պետական վերահսկողություն: 

P.S. Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ ունի: Բայց առայժմ Հայաստանում երեւում է միայն բժշկության ոլորտի գործարարների մեծ ախորժակը (պետության հովանավորչությամբ): Եվ մինչ նրանք ոչ մի կերպ չեն հագենում, «Երեւան-Թբիլիսի-Երեւան» ճանապարհը «կյանքի ճանապարհ» է դառնում: Վրաստանի մայրաքաղաք են մեկնում հիվանդները, իսկ հակառակ ուղղությամբ` էժան, ինչպես նաեւ Հայաստանում չգրանցված, բայց կենսական կարեւորություն ունեցող դեղերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է