• Latest news

Շաքարախտը մարդու կյանքի տեւողությունն 9 տարով կրճատում է

18 հունվարի, 2017  10:47

Շաքարախտը այս հիվանդությամբ տառապողների կյանքի տեւողությունը մոտ 9 տարով կրճատում է՝ նույն կարողության եւ կրթության տեր մարդկանց համեմատությամբ, պարզվել է Չինաստանի շաքարախտով հիվանդ բնակիչների շրջանում կատարված դիտարկումներով:

«Երիտասարդ եւ մեծահասակ չինացիների շրջանում շաքարախտով հիվանդների թիվը սրընթաց աճում է: Սպասվում է, որ շաքարախտով պայմանավորված մահվան դեպքերի թիվը կշարունակի աճել, եթե կառավարությունը չփոխի շաքարախտի առաջացման կանխարգելման եւ հիվանդության հետեւանքների դեմ պայքարի ռազմավարությունը»,- JAMA ամսագրում հրապարակված հոդվածում նշել է Օքսֆորդի (Մեծ Բրիտանիա) համալսարանից Չեն Չժենմինը:

Գիտնականների տվյալներով՝ Չինաստանի շաքարախտով տառապող հիվանդների թիվը վերջին մի քանի տասնամյակներում 4 անգամ մեծացել է եւ հասել 100 մլն մարդու:

Չժենմինը եւ նրա գործընկերները մահացության հաճախականությունը վերլուծել են երկրի առողջ եւ շաքարախտով հիվանդ բնակիչների շրջանում, եւ փորձել են հաշվարկել, թե շաքարախտի առկայությամբ մարդը միջինը կյանքի քանի տարվա կորուստ է ունենում: Նրանք վերլուծել են 30 տարեկանից սկսած եւ մինչեւ 79 տարեկան ավելի քան 500 հազար չինացիների կյանքը եւ հիվանդության պատմությունը, որոնք բնակվել են Չինաստանի 5 խոշոր քաղաքներում եւ 5 գավառներում:

Նախապես նրանց թվում դիաբետիկները կազմում էին մոտ 6 տոկոս, ըստ որում՝ նրանց գերակշիռ մասը բնակվում էր առողջապահության լավ համակարգ եւ բարձր կենսամակարդակ ունեցող խոշոր քաղաքներում: Դիտարկումնեըը ցույց են տվել, որ դիաբետիկները մոտ 2 անգամ ավելի հաճախ են մահացել, քան նրանց առողջ հասակակիցները, իսկ մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկել գյուղատնտեսական շրջաններին, որտեղ բժիշկների սպասարկման հասանելիությունը շատ ավելի ցածր է, քան խոշոր քաղաքներում:

Չժենմինի խոսքով՝ շաքարախտը մեծացրել է իշեմիկ հիվանդությունների, կաթվածի, երիկամների հիվանդությունների, ինֆեկցիաների եւ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման հավանականությունը: Պարզվել է, որ շաքարախտի զարգացման հետեւանքով Չինաստանի քաղաքային բնակիչների կյանքի տեւողությունը միջինը մոտ 8 տարով կրճատվել է, իսկ գավառների բնակիչների դեպքում՝ 10 տարով:

Գիտնականների կարծիքով՝ այս արդյունքները ցույց են տալիս շաքարախտի համաճարակի զսպման համար միջոցառումների զարգացման եւ այս հիվանդությամբ արդեն տառապող մարդկանց կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել