• Latest news

Քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված Անդրեյ Վարդումյանը ձեռնափայտով քայլում է

30 հունվարի, 2017  17:32

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորված Անդրեյ Վարդումյանը լուրջ վիրավորում էր ստացել. նրա ողնաշարը 2 տեղից վնասվել էր։ 9 ամիս անց Անդրեյը կարող է ձեռնափայտով քայլել։

NEWS.am Medicine–ի հետ զրույցում նա պատմեց, որ քայլել դեռեւս լավ չի կարողանում, երբեմն կորցնում է հավասարակշռությունը, եւ նրա ոտքերը միշտ չեն իրեն լսում։ Այդուհանդերձ նա աշխատում է իր վրա եւ անում է ամեն բան, ինչ ասում են բժիշկները։

Անդրեյը դեռեւս չի զգում ոտնաթաթը եւ չի կարողանում այն շարժել, այդ պատճառով օրթեզ է օգտագործում՝ հատուկ սարքավորում, որն օգնում է քայլել։ Վերականգնողական բուժումը համակարգող բժիշկները պնդում են, որ եթե նա բուժման արդյունքում սկսի թեկուզ մի փոքր կառավարել թաթը, ապագայում նրա վիճակը հնարավոր կլինի մեծապես բարելավել, եւ Անդրեյը կկարողանա ավելի հեշտ քայլել։ Ինչ վերաբերում է երկրորդ ոտքին, դրա ստորին հատվածը Անդրեյը չի զգում, բայց այն կարողանում է շարժել, թեպետ ոտքի մատները մեծ դժվարությամբ է շարժում։

Անդրեյը վիրավորվել էր Մարտակերտում ապրիլյան պատերազմի ընթացքում:  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա պատմել է, որ վիրավորվել է հրազենից, ինչից հետո ընկնելով` մի որոշ ժամանակով կորցրել է գիտակցությունը: Նրան ուշքի են բերել ծառայակիցները, որոնք, չշփոթվելով, տեղում առաջին օգնություն են տրամադրել նրան եւ շտապօգնության բրիգադ են հրավիրել, որը նրան տեղափոխել է Մարտակերտի հոսպիտալ, այնտեղից էլ` Ստեփանակերտ: 

Ստեփանակերտում վիրաբույժները ախտորոշիչ վիրահատություն են կատարել` համոզվելու, որ նա ներքին արյունահոսություն եւ արտաքինից չերեւացող լուրջ վնասվածքներ չունի: Պարզվել է, որ տղայի բոլոր օրգաններն անվնաս են, միայն ողնաշարն է վնասվել երկու տեղից, եւ Ստեփանակերտից նրան ուղարկել են Երեւան, որտեղ մասնագետներն արդեն զբաղվել են նրա ողնաշարով:

Սկզբում Անդրեյը բուժվում էր Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում, որտեղ սովորում էր քայլել ոտնասայլակի օգնությամբ։ Իր բուժումը նա շուրանակել է Արտմեդ ԲԿ–ում, որտեղից դուրս էր գրվել անցյալ տարվա դեկտեմբերին։ Հիմա Անդրեյը հիմնականում պարապում է տանը եւ սպասում. մոտ ապագայում նրան պետք է կանչեն բուժումը շարունակելու №1 Համալսարանական կլինիկայում։

Անդրեյն ասում է, որ արտասահմանում բուժման մասին չի մտածում։ Նա չգիտի, թե ինչ հնարավորություններ կբացի բժշկություն այլ երկրներում, սակայն  հույս ունի, որ հայ մասնագետներն իր համար անում են, ինչ կարողանում են, եւ որ ինքը ժամանակի հետ կկարողանա քայլել առանց ձեռնափայտի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել