• Latest news

«Ալֆա-Բետտա» կենտրոնը պետպատվերի շրջանակում ծառայությունների դիմաց փողերը ԱՆ-ից կարող է դատարանի միջոցով պահանջել

28 փետրվարի, 2017  15:26

«Ալֆա-Բետտա» ախտորոշման կենտրոնը կարող է դատարանի միջոցով Առողջապահության նախարարությունից պահանջել վճարել պետպատվերի շրջանակում ծառայությունների դիմաց գումարները, որոնք մատուցվել են անցյալ եւ արդեն ընթացիկ տարում, եւ որոնք նախարարությունը հրաժարվում է փոխհատուցել:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի տնօրեն, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Անանիկյանը նշեց, որ սովորաբար հաջորդ տարվա պետպատվերի հայտերը ներկայացվում են ընթացիկ տարվա վերջին, եւ արդեն դեկտեմբերին բուժհաստատությունը պետք է տեղեկացվի՝ հաջորդ տարվա համար իրեն պետպատվեր կհատկացվի՞ եւ ի՞նչ չափով: Նրա խոսքով՝ 2016 թվականի դեկտեմբերին իրեն ոչ մեկը չի զգուշացրել, որ «Ալֆա-Բետտա» կենտրոնը 2017-ի համար պետական ֆինանսավորում չի ստանալու, ուստի ինքը, ինչպես նախկինում է արել, հիվանդներին ապառիկ է ընդունել, եւ արդեն ավելի քան 1,5 մլն դրամի ծառայություններ է մատուցել։

«Ամեն տարի նախարարության եւ բուժհաստատությունների միջեւ այդ պայմանագիրը միայն մարտին է պատրաստ լինում: Իսկ եթե այս ժամանակահատվածում ոչ ոք պետպատվերի շրջանակում հիվանդ չընդունի, ստացվում է, որ դեկտեմբերի 15-ից մինչեւ փետրվարի 25-ը պետպատվերի դաշտը պարզապես չի գործի: Դեկտեմբերին մեզ չեն տեղեկացրել, որ մեզ հետ այլեւս պայմանագիր չեն կնքելու, բայց մեզ մոտ հիվանդներ են ուղարկել՝ մենք մնացել ենք պետպատվերի շրջանակում ծառայություններ մատուցող բուժհաստատությունների ցուցակում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է 2016 թվականին, ապա Պետրոս Անանիկյանը նշեց, որ ինքը Առողջապահության նախարարությանը ներկայացրել է 20 մլն դրամի հայտ, բայց ստացել է 8,7 մլն: Մայիսին բուժհաստատությունը, փաստորեն, այդ գումարը ծախսել էր, սակայն հիվանդները շարունակել են նրանց դիմել 806 հոդվածով (զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները): Առողջապահության նախարարությունում սովորականի պես բուժհաստատությունների ղեկավարներին առաջարկել են շարունակել բուժծառայությունների մատուցումը՝ խոստանալով վերահաշվարկ կատարել: Առաջարկը բանավոր է կատարվել, նրանք գրավոր հավաստիացում չունեն: Հոկտեմբերին, երբ սովորաբար վերահաշվարկը կատարվում է, Հայաստանում կառավարությունը փոխվել է, եւ Առողջապահության նախարարության նոր ղեկավարությունը դժվարամատչելի ծառայությունների համար միջոցների վերաբաշխման ժամանակ «Ալֆա-Բետտա»-ին ցուցակում չի ընդգրկել: Մինչդեռ բուժհաստատությունն արդեն 11.8 մլն դրամի ծառայություն էր մատուցել:

Երբ հարցը բարձրացվել է նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ, նոր փոխնախարար Սամվել Մարգարյանը Պետրոս Անանիկյանին առաջարկել է համարել, որ այս գումարի չափով բարեգործություն է արել: Նաեւ զարմացել է, որ Անանիկյանը ցանկանում է այդ գումարը ստանալ՝ Երեւանի կենտրոնում, Մոսկովյան փողոցում գրասենյակ ունենալով: «Սակայն ես ասացի, որ խոսքը մեր կողմից մատուցված ծառայությունների ֆինանսավորման մասին է, ըստ որում՝ զինծառայողներին, ի՞նչ նշանակություն ունի, թե բժշկական կենտրոնը որտեղ է գտնվում»,- ասաց Պետրոս Անանիկյանը:

Նշենք, որ կառավարության 318 որոշման համաձայն՝ յուրաքանչյուր հաջորդ տարվա համար բուժհաստատություններին պետպատվերը հատկացվում է նախորդ տարի մատուցած բուժծառայությունների ծավալի հիման վրա: Այնպես որ, բժշկական կենտրոնի ղեկավարությունը միանգամայան օրինականորեն 2017 թվականին գոնե անցյալ տարվա չափ գումար ստանալու հույս է ունեցել:

Պետրոս Անանիկյանի խոսքով՝ ԱՆ-ում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ դժվարամատչելի հետազոտությունների գների հարցը: Հիշեցնենք, որ նոր նախարար Լեւոն Ալթունյանը պաշտոնը ստանձնելիս առաջին հերթին նվազեցրեց պետպատվերով դժվարամատչելի հետազոտությունների գները: Երբ «Ալֆա-Բետտայի» տնօրենը հայտարարեց, որ այդ գինը ձեռնտու չէ, Սամվել Մարգարյանն առարկեց՝ ասելով, որ բժշկական կենտրոնները չպետք է այդ ծառայությունների հաշվին փող աշխատեն: «Բայց սոցիալիզմը վաղուց ապացուցել է, որ եթե շահույթ չկա, ամեն ինչ մատների արանքով է կատարվում»,- մեզ հետ զրույցում ասաց Պետրոս Անանիկյանը:

Ախտորոշման կենտրոնի տնօրենն ընդհանրապես կարծում է, որ ըստ բժշկական կենտրոնների պետպատվերի տեղաբաշխումը Հայաստանի քաղաքացու սահմանադրական իրավունքի խախտում է՝ բուժում ստանալ այնտեղ, որտեղ ցանկանում է: Նրա խոսքով՝ անցյալում վիճակն ավելի վատ էր՝ ուղեգրեր էին տալիս կոնկրետ բուժհաստատությունների համար, բողոքներից հետո դա չեղյալ համարվեց եւ այժմ ազատ ուղեգիր է տրվում։ Բայց հիվանդը, միեւնույն է, ոչ միշտ է կարողանում այն բուժհաստատություն դիմել, որը ցանկանում է, քանի որ այդ հաստատությանը, հնարավոր է, ընդհանրապես կամ այդ պահին պետպատվեր չլինի: Պետրոս Անանիկյանը կարծում է, որ փողը հիվանդին պետք է հետեւի եւ այն հաստատությանը տրվի, որտեղ նա դիմում է: Ստանդարտ առարկությանը, թե դա անհնար է, քանի որ պետպատվերի գոմարը սահմանափակ է, Պետրոս Անանիկյանը հակադարձում է՝ կարելի է հաշվել ուղեգրերի քանակը, եւ այն սահմանափակել առողջապահությանը բյուջեից հատկացված գումարին համապատասխան: «Սա արմատախիլ կանի կոռուպցիան եւ առողջ մրցակցություն կստեղծի»,- ասաց նա:

Նա նաեւ չի կարծում, թե փողերը բաժանելը պետք է մտնի Ատողջապահության նախարարության գործառույթների մեջ: Նախարարությունը պետք է հետեւի բժիշկների որակավորմանը, բուժման որակին եւ օրինականությանը, նաեւ հիվանդների եւ բուժհաստատությունների միջեւ միջնորդ դատավորի դեր կատարի: Իսկ փողերով կարող է զբաղվել Սոցիալական ապահովության նախարարությունը, քանի որ հատկապես այս նախարարությունն է որոշում սոցիալական եւ հաշմանադամության խմբերը:

Բժիշկը հիշեցրեց, որ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը կոչ է արել ամեն ինչով նպաստել փոքր եւ միջին բիզնեսին: «Հիմա ես փոքր եւ միջին բիզնես եմ, բայց իմ ծախսերը չեն հատուցում եւ տանում են սնանկացման: Ստացվում է, որ Առողջապահության նախարարությունը վարչապետի ծրագիրը չի կատարում: Նախարարը դժվարամատչելի հետազոտությունների համար փողերն իր «Վարդանանց» բժշկական կենտրոն է փոխանցում (2017-ին «Վարդանանցի» պետպատվերի ընդհանուր գումարը 136 մլն դրամ է): Դրա հաշվին նա մեզ ասում է, որ մեծ թվով լաբորատորիաների կարիք չկա: Այստեղ կարո՞ղ է ազնիվ մրցակցության մասին խոսք լինել»,- նշեց Պետրոս Անանիկյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել