• Latest news

ԱՆ-ը երկակի ստանդարտներ է կիրառում. Ախտորոշման կենտրոնի ղեկավար

22 մարտի, 2017  20:07

Պետպատվերի շրջանակում մենք հիվանդներին այնքան ծառայություն ենք մատուցում, որքան մեզ փող են տալիս, այլ ոչ թե՝ որքան ենք ի վիճակի մատուցել: Հետեւաբար Առողջապահության նախարարության այն պարզաբանումը, թե որոշվել է տարեկան 25 մլն դրամից պակաս գումարով պետպատվեր կատարող բուժհաստատություններին պետական ֆինանսավորում չտրամադրել՝ պետական միջոցները չփոշիացնելու համար, ուղղակի երկակի ստանդարտների կիրառում է: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ալֆա-Բետտա» ախտորոշման կենտրոնի տնօրեն Պետրոս Անանիկյանը:

«Այսինքն՝ եթե անցյալ տարի ինձ մոտ 8 մլն դրամի պետպատվեր է եղել, ապա միայն այն պատճառով, որ ինձ ընդամենը 8 մլն դրամ են տվել: Ես հավելյալ 12 մլն դրամի հետազոտություն եմ կատարել եւ սեպտեմբերին, միեւնույն է, դադարել եմ պետպատվերով հիվանդներ ընդունել: Եթե մինչեւ տարեվերջ շարունակեի հիվանդներ ընդունել, ապա 30 մլն դրամի ծառայություններ կմատուցեի»,- ասաց նա:

Նա նշեց, որ առաջին՝ հաջորդ տարվանից, ինչպես ասում են Առողջապահության նախարարությունում, հիվանդը պետք է դիմի այնտեղ, որտեղ ցանկանում է, եւ փողը պետք է փաստով վճարեն: Ստացվում է, որ այս տարի ժողովրդի կողմից ճանաչված մի քանի լաբորատորիաների ֆինանսավորումը կրճատել են, որ մարդկանց այնտեղ հաճախելուց ետ վարժեցնեն: Դրա հետ մեկտեղ, պետությունը այդպես էլ «Ալֆա-Բետտա» կլինիկային չի փոխհատուցել անցյալ տարի հավելյալ ծախսած  12 մլն դրամը եւ ընթացիկ տարում ծախսած եւս 1,5 մլն դրամը: «Նրանք հասկանում են, որ դա մեզ համար հզոր հարված է, եւ մենք կարող ենք փակվել: Նրանք ի՞նչ է՝ մրցակիցների՞ն են վերացնում»,- նշեց տնօրենը:

Երկրորդ՝ եթե Առողջապահության նախարարությունը մտածում է բժշկական ծառայությունների որակի մասին, ապա անհրաժեշտ էր այս տարի պետական ֆինանսավորում տրամադրել առավելագույն քանակով բուժհաստատությունների, որ ժողովուրդը կարողանար հասկանալ՝ որ բուժհաստատություններն են որակյալ ծառայություններ մատուցում:

Երրորդ՝ նրա խոսքով, եթե բուժհաստատությունը բուժօգնություն ցուցաբերելու լիցենզիա ունի, ապա այն պետական ֆինանսավորում ստանալու ավտոմատ իրավունք ունի: «Եթե ինձ չեն ֆինանսավորում, դա արդեն ապրիորի կողմնակալ վերաբերմունք է: Ըստ որում՝ նրանք պետական փողերը շռայլորեն նվիրաբերում են որոշ բժշկական կենտրոնների՝ պնդելով, որ այդ կենտրոնները ինչ-որ բացառիկ ծառայություններ են մատուցում: Եթե խոսենք բացառիկ ծառայությունների մասին, ապա հոգեբուժության մասով մեզնից բացի, ոչ մեկն ընդհանրապես ծառայություն չի մատուցում: Մենք հոգեբուժության մասով պետպատվերի հայտ ենք ներկայացրել, մեզ մերժել են՝ ասելով, որ այս ոլորտում պետպատվեր է տրամադրվում միայն պետական հաստատություններին, չնայած ամբողջ աշխարհում հոգեկան հիվանդներին այսօր ամբուլատոր պայմաններում են բուժում (ըստ որում՝ ամբուլատոր բուժումը պետության համար կրկնակի էժան է), եւ մասնավոր կենտրոնները, ի դեպ, մեծ դերակատարում ունեն»,- ասաց նա:

Պետրոս Անանիկյանը հավելեց, որ ինքը նամակով դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին, որտեղից իր նամակը վերահասցեագրել են Առողջապահության նախարարությանը, եւ հիմա ինքը նախարարությունից է պատասխանի սպասում: Նրա տեղեկություններով՝ բողոքներով դիմել են նաեւ այլ բժշկական կենտրոնների ղեկավարները, եւ Առողջապահության նախարարության հայտնի հայտարարությունը, թե տարեկան 25 մլն-ից ցածր ֆինանսավորում չի տրամադրվում, որ պետական միջոցները չփոշիանան, ավելի շուտ այս բոլոր բողոքներին պատասխանն է:

Պետրոս Անանիկյանը, սակայն, կարծում է, որ խոսք իսկ չի կարող լինել միջոցների որեւէ փոշիացման մասին, քանի որ պետությունը վճարում է ոչ թե բուժհաստատությանը, այլ հիվանդի համար, նրան վաուչերի նման ուղեգիր է տրվում, եւ պետության համար պետք է տարբերություն չլինի, թե հիվանդն այդ փողը որ բուժհաստատությունում կծախսի:

Հ.Գ. 1. Առողջապահության նախարարության նույն հայտարարության մեջ նշված է, որ բացառություն է արվել 2 բուժհաստատության համար, որոնք հատուկ թիրախային ծրագրեր են իրականացնում: Սակայն ցուցակի համաձայն, որը ինչ-որ ժամանակ առաջ հասանելի էր e-gov.am կայքում, իսկ հետո այնտեղից հանվեց, ընթացիկ տարում միայն Երեւանում 25 մլն դրամից պակաս պետական ֆինանսավորում  են ստացել տասնյակ բուժհաստատություններ, հիմնականում ատամնաբուժական կլինիկաներ, նաեւ «Նորմեդ» բժշկական կենտրոնը (6,45 մլն դրամ): Այնպես որ, թե որ 2 բուժհաստատությունների մասին է խոսքը, հասկանալի չէ:

Հ.Գ. 2. ԿՀՄԻ «Երեւան»  բժշկական կենտրոնը, որը նույնպես այս տարի պետական ֆինանսավորումից զրկվել է, անցյալ տարի 30 մլն դրամի պետպատվեր է ունեցել, 2015-ին՝ 35 մլն դրամի, այնպես որ՝ Առողջապահության նախարարության պարզաբանումը բոլոր պարամետրերով փլուզվում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել