• Latest news

Գրչի մի հարվածով կարելի է փրկել մարդու կյանքը. Վիլնյուսում մեկնարկել է վնասի նվազեցման տարածաշրջանային համաժողովը

4 ապրիլի, 2017  13:33

Գրչի մեկ հարվածով կարելի է մարդու կյանքը փրկել. ափիոնային փոխարինիչներով թերապիայի (ԱՓԹ) թույլտվություն տալով այն մարդկանց, որոնք ներարկվող թմրամիջոցներ են օգտագործում, հնարավոր է տասնյակ եւ հարյուր հազարավոր կյանքեր փրկել: Այս մասին ասել է Վնասի նվազեցման եվրասիական ցանցի գործադիր տնօրենի պաշտոնակատար Աննա Դովբախը՝ ելույթ ունենալով «Վնասի նվազեցումը նոր պայմաններում» տարածաշրջանային համաժողովի բացման ժամանակ, որը այսօր՝ ապրիլի 4-ին, մեկնարկել է Վիլնյուսում (Լիտվա):

ԱՓԹ-ն համարվում է վնասի նվազեցման բարձրարդյունավետ միջոց եւ ափիոնային թմրամիջոցների կախվածությունից բուժման ստուգված մեթոդ:  Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում, որի մասն է համարվում նաեւ Հայաստանը, ներարկվող թմրամիջոցներ օգտագործող մարդկանց շրջանում ամեն տարի գրանցվում է ՄԻԱՎ-ով վարակվելու 60-70 հազար նոր դեպք: Վնասի նվազեցման ծրագրերը, որոնց թվում է նաեւ ԱՓԹ-ն, օգնում են թմրամիջոցներ օգտագործող մարդկանց խմբերում նվազեցնել ինֆեկցիոն հիվանդությունների տարածման հավանականությունը, ինչպիսին են ՄԻԱՎ ինֆեկցիան եւ հեպատիտները:

Մասնագետներից շատերը պնդում են, որ վնասի նվազեցման ծրագրերն իսկապես աշխատող են, որն ապացուցվում է որոշ երկրների օրինակով: Նշենք, որ ԱՓԹ ծրագիրը գործում է նաեւ Հայաստանում, որի շրջանակում ներարկվող թմրամիջոցներ օգտագործող մոտ 500 հիվանդներ մեթադոն են ստանում: Սակայն տարածաշրջանի երկրների մեծ մասում թերապիայի հասանելիությունը դեռեւս սահմանափակ է, իսկ Ռուսաստանում, Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում ԱՓԹ-ն ընդհանրապես արգելված է:

«Վնասի նվազեցումը 20 տարի առաջ հեղափոխական ինչ-որ բան էր համարվում: Ցավոք, ներկայիս քաղաքական միջավայրում կառավարություններից շատերի համար այն մինչեւ այսօր հեղափոխական է մնում: Սա տարօրինակ է հնչում, բայց մենք 20 տարի շարունակ հեղափոխականներ ենք: Եվ 20 տարի շարունակ ապացուցում ենք, որ վնասի նվազեցումը աշխատող է»,- նշեց Աննա Դովբախը:

Նշենք, որ «Վնասի նվազեցումը նոր պայմաններում» տարածաշրջանային համաժողովը «Վնասի նվազեցումը աշխատող է՝ ֆինանսավորում ապահովեք» տարածաշրջանային ծրագրի շրջանակում կազմակերպել է Վնասի նվազեցման եվրասիական ցանցը՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի աջակցությամբ: Համաժողովին մասնակցում է 45 երկրներից 400 մարդ:

Համաժողովի պատվավոր հյուրերի թվում են՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ հանձնակատար Միշել Կազաչկինը, ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության վարչության գործադիր տնօրենի տեղակալ Ալդո Լալե-Դեմոզը, Թմրաքաղաքականության գլոբալ հանձնաժողովի անդամ, Պրահայի նախկին քաղաքապետ Պավել Բեմը, Էստոնիայի խորհրդարանի անդամ Քեն-Մարտի Վահերը, թմրամոլության դեմ պայքարի ազգային համակարգող, Չեխիայի թմրամոլության դեմ պայքարի քաղաքականության համակարգման կառավարական խորհրդի քարտուղարության տնօրեն Յինդրժիխ Վոբորժիլը: Նաեւ մարդիկ, որոնք մասնակցել են Վնասի նվազեցման եվրասիական ցանցի հիմնադրմանը եւ զարգացմանը՝  Սերգեյ Վոտյագովը, Ժան-Պոլ Գրունդը, Նատալյա Կիցենկոն, Անյա Սարանգը, Շոնա Շոնինգը, Ռամինտա Շտույկիտեն եւ ուրիշ շատերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել