• Latest news

Մեր նպատակը ոչ թե մարդուն պատժելն է, այլ նրան օգնելը. Ինչպե՞ս է Լիտվայում կազմակերպված մեթադոնային թերապիան

5 ապրիլի, 2017  23:38

Վնասի նվազեցումը միջոցառումների համալիր է՝ ուղղված հասարակության յուրաքանչյուր անդամի առողջության պահպանմանը եւ թմրամիջոցների օգտագործման բացասական հետեւանքների նվազեցմանը, ինչպիսին են ՄԻԱՎ ինֆեկցիան, տուբերկուլոզը եւ վիրուսային հեպատիտները: Մեթադոնի օգտագործմամբ Ափիոնային փոխարինող թերապիան (ԱՓԹ, որը ժողովուրդը «մեթադոնային թերապիա» է անվանում) վնասի նվազեցման ծրագրերի բաղկացուցիչներից մեկն է:

Մեթադոնային թերապիան արդեն մի քանի տարի է՝ գործում է նաեւ Հայաստանում, սակայն մասնագետներից շատերի կարծիքով՝ թերապիայի կարգավորման եւ կազմակերպման մեջ մի քանի լուրջ բացթողումներ կան:

Այն, թե մեթադոնային փոխարինող թերապիան Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում ինչպես է կազմակերպված, ծրագրի ուժեղ եւ թույլ կողմերի մասին NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց Վիլնյուսի կախվածության հիվանդությունների կենտրոնի փոխտնօրեն Աուշրա Շիրվինսկինեն:

Լիտվայում մեթադոնային թերապիան գործում է արդեն մոտ 25 տարի: Աուշրա Շիրվինսկինեի խոսքով՝ թերապիայի առաջին առանձնահատկությունն այն է, որ ծրագրի շահառուները կարող են մեթադոն ստանալ ոչ միայն Կենտրոնի մասնաճյուղերում, այլեւ բնակավայրի պոլիկլինիկայում: Ավելին՝ մեթադոնային բուժում կարող է նշանակել ոչ միայն Կենտրոնի մասնագետը, այլեւ պոլիկլինիկայի հոգեբույժը: Չնայած նման հնարավորությանը, իրականում քչերն են դրանից օգտվում՝ շատ հոգեբույժներ պատրաստ չեն թմրակախվածությամբ հիվանդների հետ աշխատելուն, իսկ շատ հիվանդներ խուսափում են պոլիկլինիկաներ դիմելուց:

Ֆինանսավորումը

Լիտվայում, ինչպես աշխարհի մյուս երկրների մեծ մասում, մեթադոնային ծրագրի հիմնական խնդիրը ֆինանսավորումն է: Լիտվայում մեթադոնային բուժման համար վճարում է Առողջության ապահովագրության հիմնադրամը: Սակայն նրանք, ովքեր չեն աշխատում եւ աշխատանքի բորսայում գրանցված չեն, սովորաբար ապահովագրված չեն, եւ այս դեպքում նրանց բուժման համար ոչ ոք չի վճարում:

Այս ոլորտի այլ մասնագետներ NEWS.am Medicine-ին ասացին, որ քաղաքապետարանը եւս կարող է մեթադոնային բուժման կազմակերպման համար լրացուցիչ միջոցներ հատկացնել: Վիլնյուսի քաղաքապետարանն, օրինակ, տարեկան 20 հազար եվրո է հատկացնում, որը բավականացնում է մոտ 60 մարդու բուժմանը:

Լիտվայում այսօր մեթադոն է ստանում մոտ 600 մարդ, չնայած ներարկվող թմրամիջոցներ օգտագործող մարդկանց թիվը 5-6 հազար է: Ստացվում է, որ միայն 10 տոկոսից մի փոքր ավելին է մեթադոն ստանում: Սակայն դա չի նշանակում, որ մյուս հիվանդները որեւէ բուժում չեն ստանում՝ ոմանց այլ ծրագրեր են առաջարկվում, օրինակ՝ ցերեկային ստացիոնար կամ թունազերծում:

Խնդիրները

Այս ոլորտի մասնագետներից եւ ակտիվիստներից շատերի կարծիքով՝ Վիլնյուսում մեթադոնային բուժումը լավ է կազմակերպված, իսկ մասնագետները հիվանդներին առավելագույնս բարեկամաբար են վերաբերվում, ուղիներ են փնտրում նրանց ցանկացած իրավիճակում օգնելու համար: Սակայն մյուս քաղաքներում ամեն ինչ այլ կերպ է՝ որոշ վայրերում վնասի նվազեցման ծրագրերը գործնականում չեն աշխատում: Օրինակ՝ Ալիտուսում պաշտոնապես ԱՓԹ-ի կայք է գործում, բայց մեկ ամիս առաջ այն ընդամենը 3 այցելու է ունեցել: Եվ ոչ մի նորեկ չի կարողացել գրանցվել՝ ոչ մեկին չեն ընդունել:

Դրանից զատ, մասնագետների խոսքով՝ Լիտվայում խնդիր է Նալոկսոն դեղի հասանելիությունը, որն օգտագործվում է գերդոզավորման կանխարգելման համար: Բանն այն է, որ այս դեղը տրամադրվում է միայն բժշկի դեղատոմսով, ուստի այն չեն կարող տալ ներարկվող թմրամիջոցներ օգտագործող մարդկանց: Մինչդեռ այս դեղի կարիքն ունեն հենց նրանք, ով մեթադոնային թերապիա չի ստանում: Արդյունքում Լիտվայում շատ բարձր է գերդոզավորումից մահացությունը:

Ծրագրին ընդունելությունը

Աուշրա Շիրվինսկինեն նշեց, որ մեթադոնային թերապիա ստանալ ցանկացող հիվանդները սվորաբար հերթի մեջ են հայտնվում՝ նրանցից ոմանք 2-4 շաբաթ են սպասում, եւ սպասելու ժամանակահատվածում նրանց  բուժման այլ մեթոդներ են առաջարկում: Եթե ծրագրում տեղ է բացվում, նոր հիվանդներին ընդգրկում են հերթագայությամբ:

Դե իսկ առանց հերթագրման են ընդունվում ՄԻԱՎ-ով թմրակախվածություն ունեցողները, հղի հիվանդները եւ սոմատիկ ծանր հիվանդություններով մարդիկ:

Արդյունավետությունը

Մեթադոնային թերապիան, որպես վնասի նվազեցմանն ուղղված ծրագրերից մեկը, ամբողջ աշխարհում շատ արդյունավետ է համարվում: Մեթադոն ստացող հիվանդն այլեւս ներարկվող թմրամիջոցների կարիք չի ունենում, նա դրանք ձեռք բերելու (որոշ դեպքերում հանուն դրա հանցագործությունների դիմելու) կարիք չունի: Դրանից բացի, թմրամիջոցների ներարկումները մեծ թվով վտանգների հետ են կապված, այդ թվում՝ ՄԻԱՎ ինֆեկցիայի, հեպատիտների եւ այլ հիվանդությունների տարածման վտանգի հետ: Իսկ մեթադոնը հիվանդներն ընդունում են հաբի տեսքով, որն օգնում է վերեւում թվարկված վտանգերի մեծ մասից խուսափելուն: Դրանից բացի, մեթադոն ստացող մարդը համարժեք է, կարող է աշխատել եւ ամենասովորական կյանքով ապրել:

Ավելին՝ մեթադոնային թերապիան որոշ մարդկանց օգնում է ամբողջովին հրաժարվել թմրանյութերի օգտագործումից: Աուշրա Շիրվինսկինեն նշեց, որ եթե մարդը լավ է հարմարված, եթե նա աշխատանք եւ լավ ընտանիք ունի, նման մարդու հետ աշխատող մենեջերը նրան օգնում է ծրագիրն ավարտել, որից հետո հիվանդը շարունակում է մասնագետներին այցելել միայն հոգեբանական աջակցություն ստանալու համար: Լիտվայում ամեն տարի մոտ 15-25 մարդ ավարտում է մեթադոնային ծրագիրը: Նրանցից ոմանք ժամանակի ընթացքում ձախողվում են եւ ծրագրին վերադառնում, մյուսները ոչ միայն չեն ձախողվում, այլեւ սկսում են ակտիվորեն աշխատել մյուս հիվանդների հետ, նրանց օգնել օգնության խմբերում:

Գաղտնիությունը

Ո՛չ ոստիկանությունը, ո՛չ հիվանդի գործատուն չեն կարող որեւէ տեղեկություն ստանալ՝ բժիշկների մոտ եղած ամբողջ տեղեկությունն օգտագործվում է միայն բժշկական նպատակներով: Կենտրոնը հիվանդի մասին տեղեկություն կարող է տալ միայն դատարանի որոշմամբ:

Ծրագրից բացառումը

Ինչպես նշեց Աուշրա Շիրվինսկինեն, Լիտվայում շատ հազվադեպ են մարդուն մեթադոնային ծրագրից բացառում: Օրինակ՝ կարող են ծրագրից բացառել այն դեպքում, եթե հիվանդը անձնակազմի կամ այլ մարդկանց նկատմամբ ագրեսիա դրսեւորի, կամ եթե նա ինքը չի ցանկանում ծրագիրը շարունակել: Աուշրա Շիրվինսկինեի խոսքով՝ եթե մասնագետները նկատում են, որ մարդը մեթադոնից բացի, այլ թմրանյութեր էլ է օգտագործում, փորձում են հասկանալ, թե նա ինչու է դա անում, եւ ինչպես է հնարավոր նրան օգնել:

«Իհարկե, տարբեր խնդիրներ են լինում, բայց դա հիվանդության դինամիկան է, եւ պետք է աշխատել այս դինամիկայի հետ: Մեր նպատակը ոչ թե մարդուն պատժելն է, այլ նրան օգնելը: Եթե նա լրացուցիչ թմրանյութեր է օգտագործում, մենք փորձում ենք հասկանալ, թե ինչու է դա անում, նրան մենեջերի ինչպիսի օգնություն է անհրաժեշտ»,- նշեց մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել