• Latest news

Հոգեկան առողջության պահպանման ռազմավարության իրականացումը ժամանակացույցից հետ է մնում. գլխավոր հոգեբույժ

17 ապրիլի, 2017  15:48

Հայաստանում «Հոգեկան առողջության պահպանման եւ բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությունը» ներկայումս  ժամանակացույցից ետ է մնում միջոցների պակասի պատճառով: Ըստ ժամանակացույցի՝ արդեն հիմա պոլիկլինիկաներում պետք է հոգեբուժական ծառայությունները ստեղծված լինեին: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը:

Նա հիշեցրեց, որ նախատեսված էր ռազմավարությունն իրականացնել Համաշխարհային բանկի միջոցների հաշվին, բայց մինչ օրս կառավարությունը այս վարկը վերցնելուց ձեռնպահ է մնացել: Այս գործում առաջընթացը հնարավոր է նոր կառավարության ձեւավորումից հետո արդեն, կարծում է Սամվել Թորոսյանը:

Այս ռազմավարության համաձայն՝ ծրագրվել է հոգեբուժական ծառայությունների ապակենտրոնացում կատարել: Սամվել Թորոսյանի խոսքով՝ ընդհանրապես ամբողջ աշխարհում առկա է համայնքային ծառայությունների զարգացման միտումը, որպեսզի ծառայությունները բնակիչներին մոտեցնեն, այն ավելի հասանելի դարձնեն:

Նա զարգացման ցանկալի սցենար է համարում նաեւ հոգեբուժական ծառայության ընդգրկումը բազմապրոֆիլ հիվանդանոցների մեջ: «Սա նույնիսկ հոգեբուժության վաղվա օրը չէ, սա արդեն երեկվա եւ այսօրվա օրն է. ամբողջ աշխարհում այսպես էլ անում են: Սա պայքար է խարանի դեմ»,- նշեց գլխավոր հոգեբույժը՝ հավելելով, թե աշխարհին համընթաց քայլելու ժամանակն է, բայց դրա համար փող է հարկավոր:

Սամվել Թորոսյանը համաձայն է, որ Հայաստանում հոգեբուժությունը ֆինանսավորվում է մնացորդային սկզբունքով: Նրա գնահատմամբ՝ Հայաստանի հոգեբուժական ոլորտի ծախսերը պետք է առնվազն կրկնապատկվեն: «Սակայն դրա համար երկիրը պետք է իր մեջքն ուղղի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է օպտիմալացմանը, ապա, Սամվել Թորոսյանի խոսքով, միջոցների անբավարարության պատճառով Առողջապահության նախարարությունը ներկայումս քննարկում է հոգեբուժական կլինիկաների փակման կամ միավորման տարբերակը: «Սա հարկադրված քայլ է, որ կատարվում է ոչ լավ կյանքի պատճառով, սակայն սա հետքայլ է»,- նշեց նա՝ հավելելով, որ իրականում խնդիրը հոգեբուժական կլինիկաների մահճակալների թիվը չէ, այլ այն, թե դրանք ինչպես են օգտագործվում:

«Մենք շատ մահճակալներ չունենք, պարզապես դրանք անհավասարաչափ են տեղադրված, եւ դրանց 50 տոկոսն իր նպատակին չի ծառայում: Դրանք խնամք պահանջող հիվանդներն են զբաղեցնում, իսկ դրանով պետք է զբաղվի սոցապահովության նախարարությունը: Այո, մենք կարող ենք կրճատել մահճակալների թիվը՝ խնամքի գործառույթը փոխանցելով սոցապահովության նախարարությանը, իսկ հոգեբուժական կլինիկաները կզբաղվեն զուտ բուժական հարցերով»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ պետք է ստեղծվեն ցերեկային զբաղվածության կենտրոններ, հոգեկան խնդիրներով մարդկանց համար հատուկ բնակարաններ են անհրաժեշտ, բայց սա կրկին սոցապահովության նախարարության խնդիրն է, այլ ոչ առողջապահության:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել