• Latest news

Քաղցկեղով հիվանդներն ատում են, երբ իրենց ինչպես զոհի են վերաբերվում. Դինա Մայրեդ

28 ապրիլի, 2017  17:48

Մենք՝ քաղցկեղը հաղթահարածներս, առաջին հերթին պետք է հասարակական անկրթությունը հաղթահարենք: Երբ հասարակության շրջանում իմացան, որ մեր որդին հիվանդ է, եղան մարդիկ, որոնք ասացին՝ «նա երիտասարդ է, նոր երեխա կունենա»: Պատկերացրեք, թե ինչ էր նշանակում նման բան լսելը: Ապրիլի 28-ին Երեւանում ընթացող Քաղցկեղը հաղթահարածների կոնգրեսում այս մասին ասաց Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը:

Այսօր նա ղեկավարում է խոշորագույն միջազգային կազմակերպությունը՝ Քաղցկեղի վերահսկման միջազգային միությունը (Union of International Cancer Control, UICC), որը 150 երկիր է միավորում: Իսկ ամեն ինչ սկսվել է 20 տարի առաջ, երբ Դինային եւ նրա ամուսնուն հայտնել են, որ իրենց երկամյա որդին լեյկեմիայով է հիվանդ: «Այս ախտորոշումը լսելով՝ մենք հնարավոր բոլոր ապրումներն ունեցանք: Դա ե՛ւ ցնցում էր, ե՛ւ սարսափի ըմբռնում, որով մենք պետք է անցնեինք, ե՛ւ կաթվածահարող վախ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ամենի հաղթահարմանը սերն է օգնում:

Արքայադստեր խոսքով՝ բացի հասարակության վերաբերմունքից, քաղցկեղով հիվանդ ունեցող ընտանիքի համար երկրորդ կարեւոր խնդիրը հարցի ֆինանսական կողմն է: Քաղցկեղի բուժումն այնքան թանկ է, որ մարդկանց թվում է, թե հարկավոր է բանկ կողոպտել կամ տունն ու ունեցած ամեն ինչը վաճառել, որ կարողանան հիվանդին փրկել: Բուժման ծախսերը հաճախ չափազանց մեծ են: Դրա հետ մեկտեղ, քաղցկեղի բուժումը կարող է երկար տեւել, մի քանի տարի: Աներեւակայելիորեն մեծ է այն հոգեբանական տրավման, որն ստանում են հիվանդները եւ նրանց ընտանիքները: Չափազանց խանգարում է նաեւ հիվանդներին որպես «զոհի» վերաբերվելը:

Դինա Մայրեդը նշեց, որ քաղցկեղով հիվանդների մեծ մասն ատում է, երբ իրենց խղճում են: «Նրանք պատրաստվում են հիվանդության դեմ պայքարել, բայց չեն կարող տրամադրվել, քանի որ նրանց ընտանիքները եւ լավագույն ընկերներն իրենց այնպիսի խղճահարությամբ եւ անհանգստությամբ են նայում՝ ասես իրենք ցանկացած պահին կարող են մահանալ: Դա նրանց ուժասպառ է անում: Եվ եթե հնարավոր չէ ընտանիքի հետ շփվելուց խուսափել, ապա նրանք ջանում են մտերիմ ընկերների հետ շփումները նվազագույնի հասցնել»,- ասաց նա:

UICC-ի ղեկավարի խոսքով՝ եւս մեկ կարեւոր խնդիր է այսպիսի հիվանդների վերականգնումը, նրանց վերադարձը կյանքի նորմալ ընթացքին, աշխատանքին: Իսկ որոշ երկրներում քաղցկեղը հաղթահարածները խտրականության են ենթարկվում՝ նրանց աշխատանքի չեն ընդունում, խնդիրներ են առաջանում ընտանիք կազմելու եւ երեխա ունենալու հնարավորության հետ կապված: «Սարսափելի է, երբ 20 տարեկան երիտասարդն ասում է. «Ես այնպիսի դեպրեսիայի մեջ եմ, ոչ ոք ինձ հետ չի ամուսնանա, եւ ավելի լավ կլիներ, եթե ինձ չհաջողվեր ողջ մնալ»: Սա սովորական երեւույթ է այն երկրներում, որտեղ հասարակության վերաբերմունքն ավելի չարորակ է, քան քաղցկեղն ինքը»,- ասաց նա։

Դինա Մայրեդի խոսքով, սակայն, շատերի համար բուժման ավարտը նոր ծնունդ է: Նրանք նվեր են ստանում այն, ինչ ուրիշները չունեն՝ իմաստնություն եւ այն բանի ըմբռնում, ինչն իսկապես կյանքում կարեւոր է: Որ երջանկությունը պարզապես մեկ գավաթ թեյն է, առողջությունը եւ մեկը մյուսի նկատմամբ հոգածությունը:

«Երջանկությունը ընտրություն է: Երջանկությունը չի հանգում նյութական բարիքների կուտակմանը, այլ նրան, որ ուրիշներին տաս,- նշեց նա՝ հավելելով,- Մենք շատ ենք խոսում այն մասին, թե ինչպիսին կարող են լինել քաղցկեղի հետեւանքները, սակայն ի՞նչ չի կարող անել քաղցկեղը: Քաղցկեղը չի կարող ոգին ընկճել եւ հույսից զրկել, քաղցկեղը չի կարող կործանել խաղաղությունը կամ ընկերությունը: Քաղցկեղը չի կարող ջնջել հիշողությունները»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել