• Latest news

2018-ից 100.000 պետծառայողների բուժումը կկազմակերպվի ֆինանսավորման նոր մեխանիզմների կիրառմամբ. փոխնախարար

16 մայիսի, 2017  18:10

2018 թվականից Հայաստանում ծրագրվում է 100 հազար պետական ծառայողների բուժումը կազմակերպել ֆինանսավորման նոր մեխանիզմների օգտագործմամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը:

Վերջին 10 տարիների ընթացքում երկրում պետական ֆինանսավորումը հետեւյալ կերպ էր կատարվում՝ յուրաքանչյուր բուժհաստատություն ամեն տարի նույնպիսի ֆինանսավորում էր ստանում, ինչպիսին ստացել էր նախորդ տարի, եթե տեղի չէր ունենում որեւէ լուրջ փոփոխություն: Փոխնախարարի խոսքով՝ նման մոտեցումը վատ է թեկուզ միայն այն պատճառով, որ բացառում է մրցակցության եւ շուկայական հարաբերությունների զարգացման մեխանիզմները, որովհետեւ բուժհաստատությունները մշտապես միանման ֆինանսավորում են ստանում, եւ իրենց ծառայությունների որակը բարձրացնելու մոտիվացիան բացակայում է:

Հիմա ծրագրվում է նոր մոդել ներդնել, որի շրջանակում քաղաքացին ինքը կորոշի, թե որ հիվանդանոցում է ցանկանում բուժում ստանալ, որից հետո նրան հասանելիք գումարը կփոխանցվի այդ հիվանդանոցին:

Փոխնախարարը ֆինանսավորման հին եւ նոր մեխանիզմները ներկայացրեց պարզ օրինակով. եթե կա գումարի 100 պայմանական միավոր եւ 5 հիվանդանոց, հիվանդանոցներից յուրաքանչյուրը ստանում էր 20 միավոր: Որոշ հիվանդանոցներում պետական պատվերն արագ «սպառվում» էր, քանի որ մարդիկ այնտեղ ավելի հաճախ էին դիմում: Այսուհանդերձ, բոլոր հիվանդանոցներն ամեն տարի ստանում էին իրենց 20 միավորը: Սակայն եթե հիվանդներն իրենք որոշեն, թե որտեղ են դիմելու, արդյունքում ինչ-որ հիվանդանոց, հնարավոր է, 70 միավոր ստանա, իսկ մյուս բոլորը միասին մնացյալ 30 միավորը: Սա առողջ մրցակցություն կառաջացնի եւ մյուս հիվանդանոցներին կստիպի բարձրացնել իրենց ծառայությունների որակը:

Սամվել Մարգարյանը նշեց, որ արդեն կառավարության քննարկմանն է ներկայացվել օրինագիծ, որի շրջանակում 100 հազար պետական ծառայողներ բժշկական ծառայություններ կստանան ըստ նոր մոդելի: Կներդրվի նաեւ միջնորդ ընկերության՝ ապահովագրական ընկերության ինստիտուտը, որը պետք է զբաղվի մարդու բուժման կազմակերպմամբ, ում պետական պատվեր է հատկացվում: Հիվանդները կդիմեն Հայաստանի ցանկացած հիվանդանոց, այլ ոչ թե այն հիվանդանոց, որտեղ դեռեւս պետական պատվեր կա, իսկ ապահովագրողը նրանց փոխարեն բուժման դիմաց կվճարի հիմնադրամներից, որը նրան կհատկացնի պետությունը:

Ֆինանսավորման մոդելներում նման լուրջ փոփոխություններն ավելի լավ է սկսել փոքր ծավալներից, իսկ հաջողության դեպքում ծավալները մեծացնել, նշեց փոխնախարարը: Այս պատճառով այս մոդելով նախ կկազմակերպվի միայն 100 հազար պետական ծառայողների բուժումը: Ավելի ուշ մոդելին կմիանան հաշմանդամություն ունեցող 612 հազար մարդիկ եւ բնակչության սոցիալապես անապահով խավի քաղաքացիները:

Սակայն կատարյալ կլինի, երբ ապագայում նոր մեխանիզմին անցնի առողջապահության ամբողջ համակարգը: Բայց դրա համար բյուջեից բավականին միջոցներ են անհրաժեշտ. 2017 թվականին առողջապահության ոլորտին հատկացված բյուջեն կազմում է ընդամենը 88 մլրդ դրամ (որից վճարվում է ոչ միայն պետական պատվերը, այլեւ մի շարք ծրագրեր), սակայն, տարբեր գնահատականներով, Հայաստանում ամեն տարի պետությունը եւ քաղաքացիները առողջապահության վրա միասին մոտ 250 մլրդ դրամ են ծախսում: Հետեւաբար՝ հենց այսպիսի բյուջե է անհրաժեշտ, որպեսզի երկրում առողջապահության բոլոր ծախսերն ապահովվեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է