• Latest news

«Նույնիսկ սահմանափակ ռեսուրսներով բժիշկը շատ բան կարող է անել». Թոմ Կատինան դասախոսություն կարդաց հայ ուսանող բժիշկների համար

22 մայիսի, 2017  14:12

Նույնիսկ սահմանափակ ռեսուրսներ ունենալով՝ բժիշկն իր հիվանդների համար շատ բան կարող է անել, պնդում է «Ավրորա» մրցանակի հավակնորդ, բժիշկ Թոմ Կատինան: Սահմանափակ ռեսուրսների մասին բժիշկը լսելով չէ, որ տեղյակ է: Նա արդեն երկար տարիներ Սուդանում աշխատում է Նուբա լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցում, որտեղ ցավազրման եւ նարկոզի համար շատ հին սարքավորում են օգտագործում, գործիքներն ախտահանում են թեժացրած ածուխի վրա, իսկ ֆիզլուծույթը պատրաստում «տնային» պայմաններում՝ աղի եւ եռացրած ջրի միջոցով:

Երեւանի պետական բժշկական համալսարանում ապագա բժիշկների հետ հանդիպման ժամանակ դոկտոր Կատինան պատմեց Սուդանի հիվանդանոցում աշխատանքի մասին, ցուցադրեց նաեւ մի քանի հիվանդների լուսանկարները եւ ներկայացրեց իր պրակտիկայից որոշ հետաքրքիր դեպքեր:

«Գթության մայրը» ամբողջ շրջանում միակ հիվանդանոցն է, իսկ դոկտոր Կատինան՝ այս հիվանդանոցի միակ բժիշկը, եւ նա պատասխանատու է շրջանի 750 հազար բնակիչների բուժսպասարկման համար: Հիվանդանոցը մյուս բնակավայրերից բավականին հեռու է գտնվում, եւ հիվանդներն ավելի հաճախ ստիպված են այնտեղ գնալ ոտքով: Կամ՝ եթե բախտները բերի, ավանակին հեծնած: Հնարավոր է՝ ճանապարհը մի քանի օր տեւի:

Ներկայումս հիվանդանոցը 450 մահճակալ ունի, որը, սակայն, ավելի հաճախ բոլոր հիվանդների եւ վիրավորների համար չի բավականացնում, ստիպված են լինում լրացուցիչ մահճակալներ տեղադրել ծածկապատշգամբում: Մեծահասակների համար նախատեսված մեկ մահճակալին միանգամից մի քանի երեխայի են պառկեցնում:

Աշխատանքի ընթացքում դոկտոր Կատինան հաճախ ստիպված է վիրահատել կամ բուժել պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած հիվանդների: Նրանց թվում երեխաները սակավաթիվ չեն: Ստացած վնասվածքների պատճառով ստիպված են ոմանց վերջույթներն անդամահատել, ոմանց հաջողվում է փրկել, ոմանք էլ մահանում են հիվանդանոցի ճանապարհին: Բժիշկը հայ ուսանողներին վիրավորված փոքրիկ հիվանդների բազմաթիվ լուսանկարներ ցույց տվեց, նաեւ նրանց, ովքեր պատերազմական գործողությունների զոհերն են դարձել:

«Կներեք, որ ձեզ նման լուսանկարներ եմ ցուցադրում, բայց իրականում ահա այսպիսին է պատերազմը», - նշեց նա:

Վիրավորված հիվանդներից բացի, դոկտորը կանոնավոր կերպով բուժում է ամենատարբեր հիվանդություններով տառապող մարդկանց: Այս տարիներին նա մեծ թվով այրվածքներով, էպիլեպսիայով, բորոտությամբ, բնածին հազվագյուտ արատներով, քաղցկեղային ուռուցքներով եւ այլ հիվանդություններով հիվանդների է հանդիպել:

Դոկտոր Կատինան վիրահատությունները կատարում է ամենեւին ոչ այն պայմաններում, որին ընտելացել են հայ վիրաբույժները: Անեստեզիայի համար նրանք հնացած սարքավորում են օգտագործում, որն ընդամենը մոտ 1000 դոլար արժե: Իսկ գործիքները ախտահանում են թեժացրած ածխի վրա՝ նրանք ախտահանման հատուկ սարքավորում չունեն, նաեւ պետք է խնայել էլեկտրաէներգիան: Հետաքրքիր է, որ սրա հետ մեկտեղ հիվանդանոցային ինֆեկցիայի վտանգը բավականին փոքր է:

«Մտածում եմ ախտահանման նման միջոց առաջարկել նաեւ ԱՄՆ-ի հիվանդանոցներին: Սա էլեկտրաէներգիան հրաշալի կտնտեսի», - կատակեց դոկտորը:

Սուդանում նաեւ լուրջ խնդիրներ կան՝ կապված դոնորական արյան հետ. այն պարզապես չկա, այդ պատճառով սովորաբար ազգականներն են հիվանդներին արյուն տալիս, իսկ եթե դա ինչ-որ պատճառով անհնար է, երբեմն աուտոտրանսֆուզիա են կատարում՝ հիվանդին արյան փոխներարկում, որը վիրահատությունը կատարելիս վերցվել է հենց իրենից:

Այնտեղ պատրաստի ֆիզլուծույթ նույնպես չկա, այդ պատճառով անհրաժեշտության դեպքում այն բուժանձնակազմն է պատրաստում՝ աղով եւ եռացրած ջրով: Հիվանդների բուժման համար անհրաժեշտ շատ այլ իրեր նույնպես պատրաստվում են ձեռքի տակ եղած նյութով:

«Դուք կզարմանաք, թե որքան շատ բան կարելի է անել՝ օգտագործելով հասարակ իրերը, որ կան ձեռքի տակ: Նույնիսկ չափազանց սահմանափակ ռեսուրսներով բժիշկը կարող է իր հիվանդների համար շատ բան անել», - ասաց դոկտոր Կատինան:

Նշենք, որ Թոմ Կատինան 2017 թվականի «Ավրորա» մրցանակի 4 հավակնորդներից մեկն է: Չնայած Սուդանի կառավարական ուժերի կողմից տարածքի մշտական ռմբակոծություններին, դոկտոր Կատինան զօրուգիշեր հիվանդանոցում է մնացել, որպեսզի մարդկանց համար հասանելի լինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է